Բարձրագույն դատական խորհուրդն օրեր առաջ նկատողություն է հայտարարել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Լեւոնի Գրիգորյանին: Պատճառը՝ «օրենքով գող» Հայկո Աստրախանսկի մականունով հայտնի Հայկ Սարգսյանին երկիրը լքելու թույլտվություն տալու որոշումն է:
«Հայկական ժամանակ»-ը գրել էր, որ Հայկ Սարգսյանը դատարանի թույլտվությամբ բուժման նպատակով լքել է երկիրը եւ այլեւս չի վերադարձել: Նույն դատարանը ավելի ուշ «օրենքով գողի» նկատմամբ հետախուզում է հայտարարել:
Սարգսյանը հիշեցնենք բերման էր ենթարկվել 2019 թվականի մարտին. նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող գործարանային արտադրության 5.6 մմ տրամաչափի օղակավոր բոցավառման 3 հատ փամփուշտ կրելու, ձեռք բերելու համար:
Ուսումնասիրելով ՀԺ-ի հրապարակումը՝ Արդարադատության նախարարը դատավորի նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ եւ միջնորդություն ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին՝ դատավորին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Դիմողը՝ այսինքն նախարարը միջնորդության մեջ նշել է, որ դատարանը այլ տեղանք մեկնելու թույլտվության վերաբերյալ միջնորդությունները բավարարել է՝ գալով այն հետեւության, որ ամբաստանյալի՝ ՀՀ-ից բացակայելը կապված է նրա մոտ առկա հիվանդությունների շուրջ հետազոտություններ անցնելու, հնարավորության դեպքում՝ նաեւ բուժում ստանալու հետ: «Դատարանը կրում է պարտականություն պատճառաբանելու, թե ինչ փաստական տվյալների գնահատման արդյունքում է ձեւավորվել իր եզրահանգումն առ այն, որ այլ երկիր մեկնելը պայմանավորված է ամբաստանյալի՝ տվյալ երկրում (Իտալիայում,-հեղ.) բժշկական օգնություն ստանալու հանգամանքով»,-նշել է նախարարը: Նա նշել է, որ դատական գործի նյութերում բացակայում է այլ երկրում բժշկական օգնություն ստանալու նպատակի իրական լինելը հիմնավորող որեւէ ապացույց, մինչդեռ տվյալ հանգամանքն է նշված դեպքում հանդիսացել ՀՀ տարածքը լքելու արգելքը որոշակի ժամկետով վերացնելու թույլտվություն տալու միակ հիմքը:
Կարդացեք նաև
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում