Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Էս օրերին Ֆրանկֆուրտի իմ թաղը հեչ չի տարբերվում Աբովյանի մեր թաղից». Անահիտ Հայրապետյան

Ապրիլ 03,2020 12:30

Անահիտ Հայրապետյանը 2006 թվականին ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի էր ներկայացրել թե՛ բանաստեղծությունների, թե՛ լուսանկարների շարքը. մրցանակ շահեց լուսանկարների համար, չնայած հակառակն ավելի շատ կուզեր։

Մրցանակի գումարն օգտագործեց Արարատ լեռան գագաթը բարձրանալու համար։ Հիմա, երբ համաճարակը բոլորին «տանն է փակել», նախապատվությունն էլի գրելու կողմն է. «Գրում եմ երբեմն։ Կուզեի ավելի լայնածավալ մի բան գրել, բայց չեմ հարմարեցնում։ Լինում է, որ լուսանկարչական ապարատով եմ դուրս գալիս։ Ավելի շատ ընտանիքս եմ նկարում։ Հա՛մ ուզում եմ ռիսկի գնալ ու նկարել կիզակետերում, հա՛մ էլ, միեւնույն է՝ պատվեր չկա, իսկ ձրի ռիսկեր վերցնելուց մի տեսակ զահլաս գնաց, հատկապես, որ մեծ ընտանիք ունեմ։ Չէ՛, ավելի լավ է երեխաներիս խնայեմ, նկարելու առիթներ հա էլ լինելու են։ Գերմանիայի հայերին նկարելու նախագիծս սկսել էի ու մտածում էի՝ ա՛յ, հիմա հավեսին նկարներ կստացվեին, բայց դե ո՛չ ես կարող եմ ռիսկի գնալ, ո՛չ էլ կուզեմ իրենց վնասել։ Հիմա ավելի շատ եմ մտածում մարդկանց վնաս չհասցնելու մասին, քան նախկինում»։

Չորս զավակների եւ ամուսնու հետ Գերմանիայում բնակվող Անահիտը «քիթ սրբելու ժամանակ չունի», «եթե ունենամ, էլի երեխա կունենամ» (ավագ զավակները Հայաստանում են ծնվել, վերջին երկուսը՝ Գերմանիայում). «Առավոտյան արթնանում ենք, ու սկսվում է քաոսը։ Եթե հաջողացնում եմ դադար տալ ու սուրճ խմել, երջանիկ եմ։ Ա՛յ, այսօր առավոտյան ինձ համար սուրճ եմ պատրաստել, մնացածի համար՝ նախաճաշ, նախաճաշի հարցերը լուծել ենք, բայց սուրճս դեռ չեմ խմել… Մեկուսացումն ինձ համար բացահայտեց մեր թաղն ու գերմանացիներին։ Սովորական օրերին էս մեր թաղում մի քանի ծերերի ու մի քանի փոքր երեխաների ծնողների էի հանդիպում միայն։ Ինքնամեկուսացման օրերին Ֆրանկֆուրտի իմ թաղը հեչ չի տարբերվում Աբովյանի մեր թաղից։ Երեխաները դուրսը խաղում են, մեծերը սպորտով են զբաղվում, առեւտրի տոպրակներով գնում, գալիս են, հիմնականում էդ ամենն անում են ականջակալներով խոսելով, հավանաբար՝ աշխատելուն զուգընթաց։ Մենք էլ առավոտ կանուխից դաս ենք անում, հետո մի բան թխում, եփում, զբոսանքի դուրս գալիս, հետո՝ էլի դաս, խաղ, կռիվ… Խելագարվում եմ թափթփված սենյակներից, բայց մինչեւ մի սենյակից մյուսին եմ անցնում, առաջինը հաջողացնում են թափել… Երանի ժամանակ ունենայի գիրք կարդալու, նկարելու, մտածելու համար։ Ամուսինս աշխատում է ծայրի սենյակում։ Աղջիկս ավելի ստեղծագործող մարդ է, տղաներս մաթեմատիկա են սիրում, փոքրը դեռ չորս ամսական է։ Հիմա համեմատաբար քիչ եմ լուսանկարում, քիչ եմ գրում, քիչ եմ ճամփորդում, դեռ ժամանակ կա, փոխարենը մեծանում են չորս լուսավոր, ինքնագոհ մարդիկ»։

Անահիտն ամենաշատը կարոտում է իր հոր գյուղը՝ Խծաբերդը, որտեղ իր տատն է ապրում։ Իր նկարագրությամբ, Խծաբերդը մի մեծ ընտանիք է, տներն իրար վրա հենված, երբ տանը խոսում են, հարեւանի գոմում լսվում է. «Նախկին մեծ գյուղից քառասուն տուն է մնացել։ Հիմա նոր տներ են կառուցվում` իրարից մեկուսի, գյուղից քիչ հեռու, մարդիկ էլ մեկուսանում են միմյանցից։ Ինձ թվում ա, որ գյուղի էն մոդելը էլ չի լինելու, կամ էլ մի օր թոռներով պիտի գնանք, գյուղը վերաբնակեցնենք, մեր թոռների համար գյուղ սարքենք։ Բայց կանե՞նք որ։ Արցախից՝ Աբովյան, հետո՝ Երեւան, հետո՝ Ֆրանկֆուրտ, հետո՝ չգիտեմ, թե ուր։ Մորս գյուղը՝ Պլեթանցն էլ կկարոտեի, եթե պատերազմն այն գողացած չլիներ, գյուղն այրել են, հին տները չկան, նորերը հների հիշողությունները չունեն։ Կրակը տարել է մորս գյուղի իմ հիշողությունները նաեւ։ Հիշում եմ այն, ինչ պատմել են, ինչի մասին դեռ մի քանի տարի առաջ լացելով պատմում էր մորս Արեգա մորաքույրը՝ էդ սարերի վերջին պահապան հրեշտակը, ամենաուժեղ ու իմաստուն կանանցից մեկը։ Ինքը գնաց, էդ մեծ գյուղն էլ հետը տարավ»։

…Իսկ տատիս պապը

ձին վարգելու ընթացքում

կրակում է նույնպես վարգող աքլորի վզին

ու մեռնում են երկուսն էլ։

Աքլորը մեռնում է կրակոցից,

իսկ պապիս հայացքն է խամրում,

որովհետեւ այդ նույն հայացքով վարգող աքլորի երթն է մարում,

կամ` որովհետեւ նա միայն ուզում էր իր ձիրքը ցուցադրել

եւ ոչ թե մահը,

իսկ բազում հայացքներն ու ծափերը

չեն տեսնում մահերը,

որ ըմբոստանում են հորիզոնի փեշերում

իսկ հորիզոնը մեր գյուղի ու մեկ էլ դիմացի սարի հատումն է՝

աքլորի աչքերի մեջ սառած… («Ինը պոեմ», 2005թ.)։

Անահիտ Հայրապետյանը հրատարակել է բանաստեղծությունների երեք ժողովածու՝ «Բանաստեղծություններ» (2002թ.), «Թաբու» (2005թ.), «Սիրուն» (2015թ.), եւ «Արքայադստրից ստրուկ» լուսանկարչական գիրքը: Նրա լուսանկարչական աշխատանքները հրապարակել են նաեւ Նյու Յորք Թայմսը, ԲիԲիՍի-ն, Գարդիանը։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀՀ նախագահի ամենամյա մրցանակը նախաձեռնել եւ ֆինանսավորում է Պողոսյան հիմնադրամը (Բելգիա-Շվեյցարիա)։ Մրցանակաբաշխությունը կազմակերպում է Հայաստան համահայկական հիմնադրամը։ Մրցանակներն ավանդաբար ՀՀ նախագահի նստավայրում հանձնում են Հանրապետության նախագահը եւ Պողոսյան հիմնադրամի ներկայացուցիչը։

Գլխավոր լուսանկարը՝ Սեռե Աքչանի, Անահիտ Հայրապետյանը երրորդ զավակի՝ Արենի հետ, 2014թ.։

Լուսանկարները՝ Անահիտ Հայրապետյանի։

«Առավոտ» օրաթերթ
02.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930