«Եթե քարոզարշավի վերջին չորս օրերին Արայիկ Հարությունյանը, ավելի կարեւորելով մարդկանց առողջությունը, փաստացի չդադարեցներ հանդիպումներն ընտրողների հետ, քվեարկության առաջին փուլում նա կհաղթեր»,- «Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ, Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը:
– Երեկ Արցախում կայացան նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները: Ինչպե՞ս կգնահատեք ընտրությունների ընթացքը:
– Ընտրություններն ազատ էին, արդար եւ մրցակցային: Սա, թերեւս, ամենակարեւորն է: Քվեարկության ընթացքում միջադեպեր չեղան: Արցախը եւս մեկ անգամ աշխարհին ներկայացավ որպես կայացած եւ ժողովրդավարական երկիր՝ ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ վերջերս արտահերթ խորհրդարանական ընտրությունները միջազգային կառույցների կողմից գնահատվեցին որպես ոչ ազատ, ոչ մրցակցային:
– Հիմնական ընտրախախտումը, որն արձանագրվեց` տեղամասերում ընտրողների կողմից քվեարկած քվեաթերթիկը նկարելն էր: Այդ միջադեպերը կապվում էին «Ազատ հայրենիքի» հետ: Ի՞նչ կասեք այս առումով: Նաեւ միջադեպեր եղան «Արցախի հեղափոխական կուսակցության» հետ կապված:
Կարդացեք նաև
– Դա ավելի շատ սադրանքի տպավորություն թողեց: Չեմ ուզում մեկնաբանություն անել: Եթե չեմ սխալվում, պատկան մարմիններն ուսումնասիրում են տարածված տեսանյութը եւ ուզում եմ հուսալ, որ կտան անաչառ գնահատական:
– Բավական բարձր մասնակցություն եղավ` ի հեճուկս սպասելիքների, որ պայմանավորված նոր կորոնավիրուսի համաճարակով, հնարավոր է անգամ քվորում չապահովվեր: Սա ինչի՞ մասին է խոսում:
– Պետք է արժանին մատուցել գործող իշխանություններին, նախագահ Բակո Սահակյանին: Նա իրավիճակի կառավարելության առումով արեց առավելագույնը: Արդյունքում հանրությունը վստահաբար գնաց ընտրատեղամասեր: Իսկ առհասարակ, ընտրություններին արցախցիները միշտ էլ մասնակցության բարձր ցուցանիշ են ապահովել:
– Նախնական տվյալներն արդեն հայտնի են. նախագահական ընտրություններում Արայիկ Հաությունյանը հավաքել է կողմ քվեարկած քվեաթերթիկների 49%-ը, իսկ Մասիս Մայիլյանը` 26.2%-ը, Վիտալի Բալասանյանը` 14.7%-ը: 14 օր անց տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը, որին կմասնակցեն Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը: Հետաքրքրական է, որ Արցախի խորհրդարանական ընտրություններում շուրջ 40% ձայն հավաքել է «Ազատ հայրենիք» կուսակցությունը, բայց Մասիս Մայիլյանի գլխավորած դաշինքը չի անցել խորհրդարան: Ընդհանուր առմամբ, Արցախի խորհրդարան անցել են հինգ քաղաքական ուժեր` «Ազատ հայրենիք» կուսակցությունը, «Միասնական հայրենիքը», «Արդարություն» կուսակցությունը, Հայ հեղափոխական դաշնակցությունը եւ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը: Ի՞նչ հետեւություններ կանեք:
– Նախագահական ընտրությունների արդյունքները, կարծում եմ, իմ կանխատեսմանն ավելի մոտ կլինեին, եթե քարոզարշավի վերջին չորս օրերին Արայիկ Հարությունյանը, ավելի կարեւորելով մարդկանց առողջությունը, փաստացի չդադարեցներ հանդիպումներն ընտրողների հետ, քվեարկության առաջին փուլում նա կհաղթեր: Մյուս թեկնածուների գրանցած արդյունքները կանխատեսումների տիրույթում են: Ուրախ եմ, որ նոր խորհրդարանում կշարանակեն ներկայացված լինել ՀՅԴ -ն եւ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը:
– Ձեզ համար անսպասելի՞ էր խորհրդարանական ընտրություններին մասնակցող ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կուսակցության հավաքած տոկոսները: Արցախում, փաստորեն, դեռ հիշում, գնահատում են Սամվել Բաբայանին եւ նրա վաստակը` ի հեճուկս իր դեմ այս տարիների ընթացքում իրականացված հակաքարոզչության: Սա ինչի՞ մասին է խոսում:
– Ոչ, ես «Միասնական հայրենիք» կուսակցության հնարավորությունը գնահատում էի 20-25 տոկոսի սահմաններում: Իրականությունից հեռու է տպավորությունը, որ վերջին քսան տարիներին Սամվել Բաբայանի դեմ հակաքարոզչություն է տարվել: Բանը նաեւ այն չէ, որ նրան սիրում են: Պետք է անաչառ լինել. Սամվել Բաբայանը կարողացավ սթափ գնահատել փոփոխված իրավիճակը, իր շուրջը համախմբեց ոչ թե նախկին ծառայակիցներին, այլ՝ մտավորականների, երիտասարդ ինտելեկտուալների՝ ապահովելով նորարարի վարկանիշ: Նրա հաջողության գրավականը, կարծում եմ, ոչ այնքան անցյալի կարոտախտն է, այլ՝ ապագայի հույսը, որ նա իր թիմով կարողացավ ներշնչել բավական ստվար ընտրազանգվածի: Այլ հարց է, թե Արցախի քաղաքական դաշտում «Միասնական հայրենիք» կուսակցության ներկայացվածությունը որքան կայուն եւ տեւական կլինի:
– Սրանք առաջին ընտրություններն էին, որ իրականացվեցին փոփոխված Սահմանադրությամբ եւ ԸՕ-ով: Ի՞նչ փորձություն անցան նոր գործարկված օրենքները:
– Ես բազմիցս դեմ եմ արտահայտվել նույն օրը նախագահի եւ ԱԺ ընտրությունների անցկացմանը: Տեսեք, նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը «կողմ» ձայների թվով երկրորդ տեղում է, բայց նրա «Նոր Արցախ» դաշինքը չի հաղթահարել խորհրդարանական ընտրությունների հինգ տոկոսի շեմը: Իմ կարծիքով, նոր իշխանությունները պետք է անհապաղ սահմանադրական փոփոխությունների գնան: Արցախը կամ պետք է վերադառնա կառավարման կիսանախագահական համակարգին, կամ անցնի խորհրդարանականի:
Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
02.04.2020