Լրահոս
Օրվա լրահոսը

Կնոջ եւ անչափահաս երեխայի նկատմամբ բռնարարքը 200.000 դրամ տուգանք արժեցավ

Ապրիլ 03,2020 14:00

Մասնավոր մեղադրանքը քրեական հետապնդման ձեւ է, ըստ որի՝ գործ է հարուցվում բացառապես տուժողի (կամ նրա ներկայացուցչի) բողոքի հիման վրա եւ կարճվում է մեղադրյալի հետ հաշտվելու դեպքում։ Մեղադրանքն այդ գործերով «մասնավոր» է, այսինքն՝ պաշտպանում է ինքը՝ տուժողը։ Մասնավոր մեղադրանքի գործեր են հարուցվում ծեծի, զրպարտության, վիրավորանքի եւ հասարակական ոչ մեծ վտանգավորություն ներկայացնող այլ հանցագործությունների դեպքերում։ Քրեական գործը հարուցում է դատարանը, եթե մինչ այդ հաշտեցման նրա գործողություններն անցել են ապարդյուն։ Հաշտեցումը թույլատրվում է մինչեւ դատավճռի արձակման համար խորհրդակցական սենյակ գնալը: Լիտվայի, Էստոնիայի օրենսդրությամբ, եթե տուժողը անօգնական վիճակի կամ այլ պատճառների հետեւանքով ի վիճակի չէ պաշտպանել իր շահերը, կամ գործն ունի հասարակական հատուկ նշանակություն, դատախազին է իրավունք վերապահվում գործ հարուցել սեփական նախաձեռնությամբ։ Կան երկրներ, ուր մասնավոր մեղադրանքի գործը ենթակա չէ կարճման, եթե քննվել է նախաքննության կամ հետաքննության մարմիններում։

ՀՀ Վճռաբեկ դատարանը Արմեն Աբրահամյանի վերաբերյալ 2008թ. նախադեպային մի որոշմամբ անդրադարձել է «մասնավոր հետապնդման գործերով» «դիմող» կարգավիճակի  հստակեցմանը: «Դիմող» էր դիտվել այն անձը, ում իրավունքները խախտվել են Քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով:

Անձը, ում իրավունքները խախտվել են իր անօգնական վիճակի կամ այլ օբյեկտիվ պատճառներով, չի կարող պաշտպանել իր իրավունքներն ու օրինական շահերը, ապա նման իրավիճակում, քրեական գործ հարուցելու առիթն օրինական, իսկ հիմքերը բավարար լինելու դեպքում, քրեական գործ հարուցելու մասին որոշում պետք է կայացվի հանրային մեղադրանքի գործերի հարուցման համար սահմանված ընդհանուր կարգով` անկախ դիմողի բողոքի առկայությունից (Հայաստանի Հանրապետության  վճռաբեկ դատարանի ՎԲ-73/08 որոշման 13 կետ, 2008թ. դեկտեմբերի 26): Նման դեպքում վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է  քրեական գործ հարուցել եւ քրեական հետապնդում իրականացնել տուժողի կամքից անկախ: Հետեւաբար, ըստ Վճռաբեկ դատարանի նշյալ որոշման,  այդպիսի իրավիճակում քրեական գործ հարուցելու վերաբերյալ որոշում պետք է կայացվի «հանրային մեղադրանքի գործերի հարուցման համար սահմանված ընդհանուր կարգով»:

Աչաջուրցի, ՌԴ-ում բիզնեսով զբաղվող Նիկոլայ Փ.-ի պաշտպանը հայտնել էր դատարանում, թե գործից բացակայում է տուժող Ռ. Փ.-ի բողոքը, հետեւաբար, իր պաշտպանյալի մասով քրեական գործ չպետք է հարուցվեր: Իսկ դատարանը վկայակոչելով հանրային մեղադրանքի գործ լինելը, արձանագրել էր. «Տվյալ դրվագն իրավացիորեն դիտարկվել է որպես հանրային մեղադրանքի գործ` նկատի ունենալով, որ տուժողն անչափահաս է, եւ օբյեկտիվ պատճառներով չի կարող պաշտպանել իր իրավունքներն ու օրինական շահերը»:

Անցյալ տարվա մարտի 28-ին ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժնի ՀՈԲ տեսուչ Գ. Ալավերդյանը որոշել է ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով` 2 դրվագներով հարուցել քրեական գործ  մարտի 8-ին կատարվածի վերաբերյալ:

Աչաջուրցի Նիկոլայ Փ.-ն գնացել է Իջեւան` իր նախկին կնոջը` Նաիրա Ղ.-ին եւ դստերը` Ռ. Փ.-ին տեսակցելու նպատակով: Տեսակցությունն ավարտվել է ներընտանեկան վիճաբանությամբ, ամուսինը դիտավորությամբ, ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին, աջ ազդրի շրջանում պատճառելով առողջությանը թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:

Դատաբժշկական փորձաքննության թիվ 041 եզրակացության համաձայն` Նաիրա Ղ.-ի մարմնական վնասվածքը` աջ ազդրի շրջանի արյունազեղման ձեւով, հասցվել է բութ առարկայով, հնարավոր է որոշման մեջ փորձաքննվողի կողմից նշված ժամկետում եւ հանգամանքներում, որը առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չի պարունակում:

Տնից դուրս գալով,  ամբաստանյալն իր անչափահաս դստերը նստեցրել է ավտոմեքենան, որին նույնպես հասցրել է հարվածել: Ըստ դատաբժշկական փորձաքննության թիվ 042 եզրակացության` Ռ. Փ.-ի մարմնական վնասվածքը` աջ բազկի շրջանի արյունազեղման ձեւով, հասցվել է բութ առարկայով, հնարավոր է որոշման մեջ փորձաքննվողի կողմից նշված ժամկետում եւ հանգամանքներում, որը առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չի պարունակում:

Կինը դիմել է ոստիկանության Իջեւանի բաժին՝ խնդրելով նրան ենթարկել պատասխանատվության:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Նիկոլայ Փ.-ին դատապարտել է 200.000 ՀՀ դրամի չափով տուգանքի:

Նիկոլայի նկատմամբ ընտրված է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:

Տուժողները քաղաքացիական հայցի պահանջ չեն ներկայացրել:

Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա իր ցուցմունքում հայտնել էր, որ  ՌԴ Մոսկվա քաղաքից վերադարձել էր` կնոջ հետ հաշտվելու նպատակով: Մինչ այդ ընտանիքի հետ միասին բնակվել են Ռուսաստանում, ապա կինը` Նաիրան, երեխաների հետ վերադարձել է Հայաստան:

Ըստ ամուսնու ցուցմունքի, կինն է հրել իրեն, նա էլ թողել-հեռացել է, չի հարվածել ոչ կնոջը, ոչ էլ իր աղջկան: Նշենք, որ Նիկոլայի մշտական բնակության վայրը Ռուսաստանն է:

Մինչ քրեական գործի հարուցումը, ամբաստանյալին կանչել էին ոստիկանության բաժին, նախազգուշացրել, որպեսզի չանհանգստացնի կնոջը, երեխաներին:

Դատարանը, սակայն, հիմնավորված համարեց այն, որ ընտանեկան վեճերը եղել են հաճախակի, մի քանի անգամ բաժանվել ու կրկին միացել են, ապա ընտանիքով բնակություն են հաստատել Ռուսաստանում: Սակայն նոր միջավայրում չի դադարել նրանց վեճերը, այդ պատճառով կինը երկու աղջիկների հետ վերադարձել է Հայաստան:

Ըստ կնոջ ցուցմունքի՝ նա  ամեն կերպ փորձել է պահպանել ընտանիքը, սակայն չի ստացվել. «Ամուսինս վերադառնալով Հայաստան` շարունակել է նախկինի նման բռնություն գործադրել իմ նկատմամբ: Ցանկացել է խաղաղ ձեւով բաժանվել Նիկոլայից, սակայն վերջինս չի ցանկացել: Չի ցանկացել, որ երեխաների հետ Նիկոլայն առանձին հանդիպի, քանի որ երեխաները նույնպես վախենում էին իրենց հորից»:

Նկարագրելով մարտի 8-ի իրենց հանդիպումը, կինը հայտնել էր. «Տան դուռը կիսաբաց էր: Նիկոլայը ներս է մտել ու իրեն շատ վատ պահել: Նիկոլայը ավելորդություններ էր ցանկանում թույլ տալ…… սկսել է իրեն հարվածեր հասցնել, սկզբից հարվածել է գլխին, ապա դեմքին, այնուհետեւ ոտքով հարվածել է իր ոտքին: Զանգահարել է ոստիկանության աշխատակցին, վերջինս ներկայացել է եւ իր հետ տարել Նիկոլային: Հետո տեսել է, որ դստեր դեմքը կարմրած է, հարցրել է պատճառը, նա պատասխանել է, որ հայրը մեքենայում իրեն մի քանի անգամ հարվածել է»:

Բռնության ենթարկված կինը ոստիկանություն չի ցանկացել դիմել, բայց այլ տարբերակ չի գտել: Ամուսինը իրեն հարվածել է` իրենց 11 տարեկան աղջկա ներկայությամբ:

Անչափահաս դուստրն էլ հայտնել էր, որ ընտանիքում հաճախակի է վիճաբանություն եղել, վեճերը ծագում էին չնչին պատճառներից, ամեն ինչում հայրը մեղադրել է մայրիկին:

Երեխան նաեւ հայտնել էր, որ տեսել է, թե ինչպես է հայրը խփել մոր ոտքին: Այդ ժամանակ մայրը նստած էր աթոռին, իսկ աթոռը դրված էր մահճակալի մոտ: Երբ վերադարձել են տուն` ոստիկանը գտնվել է իրենց տանը: Հոր պահվածքից ամաչել է, որի պատճառով դուրս է եկել տանից: Ռուսաստանում բնակվելու ընթացքում ծնողները նույնպես կռվում էին:

Նշենք, որ երեխան դատարանում ունեցել է օրինական ներկայացուցիչ:

Երեխան ասել էր, որ հայրը տատիկին բացասաբար է վերաբերվել:

Այս գործով վկա մորական տատի ցուցմունքով. «20 տարիների ընթացքում Նաիրան պարբերաբար կտտանքների եւ բռնության զոհ է եղել: Նիկոլայը բռնություն է գործադրել աղջկա հանդեպ` անգամ իր ներկայությամբ: Նրանք 4-5 անգամ բաժանվել են ու նորից հաշտվել: Աղջիկը մի անգամ իրեն զանգահարել է եւ ասել՝  «եթե դու ինձ չփրկես ստեղից, ես ինձ կկախեմ»: Մարտի 8-ին աղջիկը զանգահարել է իրեն, խնդրել, որպեսզի զանգի ոստիկանություն, քանի որ Նիկոլայը եկել էր, դստերն ու երեխային ծեծել: Նա զանգահարել է ոստիկանություն ու գնացել դեպքի վայր»:

Ամբաստանյալի պաշտպանը` Ա. Պողոսյանը դիմել է վերաքննիչ քրեական դատարան՝ պահանջելով բեկանել եւ փոփոխել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով` երկու դրվագներով վերաբերյալ  2019թ. սեպտեմբերի 4-ի դատավճիռը,  քրեական գործի վարույթը կարճել՝ հանցագործության դեպքի եւ դիմող բողոքի բացակայության հիմքով:

Ապրիլի 23-ին նշանակվել է բողոքի քննությունը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930