Հարցազրույց բանասեր, թարգմանիչ Ռուզաննա Պետրոսյանի հետ
– Ընթերցասեր հասարակությունը ձեզ ծանոթ է Միգել դե Ունամունոյի «Մառախուղը», «Քրիստոնեության հոգեվարքը», «Խրատական երեք նովել», Էռնեստո Սաբատոյի «Թունելը», Խավիեր Մարիասի «Այնքան սպիտակ սիրտը», Գարսիա Մարկեսի «Հուշագրություն իմ տխուր պոռնիկների մասին» եւ այլ ստեղծագործությունների հայերեն թարգմանություններից։ Թույլ տվեք առանձնացնել «Այնքան սպիտակ սիրտը» վեպը, որը պարզապես սիրեց հայ ընթերցողը։ Ինչո՞վ կբացատրեք դա։
– Իսպանիայում, նաեւ Լատինական Ամերիկայում Մարիասին համարում են Մարկեսից ու Բորխեսից հետո ամենասպասված ու հետաքրքիր գրողը։ Սա առաջին պատճառն է։ Իսկ երկրորդը՝ վեպում արծարծվող շա՜տ արդիական թեմաներ են՝ ամուսինների միջեւ փոխհարաբերություններ, կենցաղի ու առօրյա կյանքում սիրո դրսեւորումներ, ի վերջո՝ սերը փայփայելու, ինչու ոչ՝ այդ զգացմունքի վրա դողալու կարեւորությունը։
– Ձեր՝ թարգմանչի աշխատանքը կանգ չի առնի երբեք, դուք այսօր էլ ինքնամեկուսացված եք ձեր թարգմանական աշխարհում…
Կարդացեք նաև
– Ինձ օգնում է կորոնավիրուսը։ Օգնում է, որովհետեւ հնարավորություն է տալիս էլ ավելի ներդաշնակ լինել ինքս ինձ հետ՝ ինչպես տանը, այնպես էլ կենցաղում։ Մյուս կողմից՝ ժամանակի առումով, հնարավորություն է տալիս ավելի երկար եւ պտղաբեր աշխատելու, այլ կերպ ասած՝ ինքնս ինձ հետ մնալու։ Դա շատ կարեւոր է թարգմանչի համար, որովհետեւ առաջին հերթին ինքդ քեզ հետ պիտի հաշտ լինես։
– Չե՞ք կարծում, որ թարգմանչի աշխատանքը միշտ չէ, որ «բրավոներով» է ընդունվում։ Մի մասը հիանում է, իսկ մյուսը քարկոծում, նշելով, որ բնագիրը ուրի՜շ է…
– Բնագիրը, միանշանակ, ձեր որակմամբ՝ ուրի՜շ է։ Օրինակ՝ Մարկեսի «Իմ տխուր պոռնիկների մասին» վիպակը նախկինում թարգմանված էր ռուսերենից հայերեն։ Չնսեմացնելով թարգմանչի աշխատանքը բնագրից ու, իհարկե, միջնորդ լեզվից, կատարված թարգմանությունը «ահավոր» էր։
– Հետաքրքիր է՝ ի՞նչ կարծիքներ եք լսել ձեր թարգմանության մասին։ Կոնկրետ մենք «բրավոներ» լսել ենք, կբարձրաձայնե՞ք, ի՞նչ բացասական կարծիքներ եք լսել դուք։
– Քննադատությունը մշտապես ընդունել եմ։ Ինձ համար կարեւոր է՝ ով է այդ քննադատը… Ես առավելապես հակված եմ ընդունելու մասնագետների կարծիքները, դիտողությունները…
– Գոնե մեկ դիտողություն կբարձրաձայնե՞ք։
– Երբ 2013թ. նոր էի սկսել թարգմանչական գործունեությունը, մագիստրատուրայի ուսանող էի, բնականաբար՝ անփորձ։ «Անտարես» հրատարակչության հետ իրականացրի իմ առաջին թարգմանությունը՝ «Մառախուղը»։ Ինձ համար այն շա՜տ կարեւոր էր։ Գրքիս խմբագիրը՝ գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը, այդ առիթով ինձ մի դիտարկում, դիտողություն, կարծիք առանձնացրեց՝ ինչպես ուզում եք դա անվանեք, անձնական դերանունների «տեղատարափը», ինչը ընդունեցի, բայց, թույլ տվեք ասել, որ ի սկզբանե հավատարիմ եմ բնագրին։
– Ձեր թարգմանությամբ «Հուշագրություն իմ տխուր պոռնիկների մասին» վեպի բնագրում կան բառեր, որոնք, ուղիղ ասած՝ հարիր չեն ավանդապահ ու ավանդապաշտ հայերիս… Ինչպե՞ս եք վարվում նման բառերի հետ։
– Օրինակ, դասախոսներիցս մեկը հենց ձեր նշած ստեղծագործության հետ կապված ինձ «մեծական» խորհուրդ տվեց՝ որքան հնարավոր է զերծ մնալ բաց տեսարանների նկարագրությունից։ Կամ՝ գոնե «աղմկահարույց» բառերի փոխարեն օգտագործել մեղմասություններ։ Տեսեք՝ իսպանացիների մոտ, անկախ սեռից, հայհոյախառն խոսքը նորմալ է, նրանք շատ են օգտագործում «խոդեր», անգլերենից թարգմանաբար՝ «ֆաքն» է, ինչը մեզ մոտ հաճախ կամ մշտապես շոկ է առաջացնում։ Կամ՝ իսպաներեն հետեւյալ արտահայտությունը՝ «իխո դե պուտս» (թարգմանաբար՝ բոզի տղա)։ Շատ են եղել դեպքեր, երբ ընթերցողը կապվել է ինձ հետ խնդրանքով՝ թարգմանելիս չմեղմացնել բառերը։
– Վերադառնանք մեր վիճակին. նոր կորոնավիրուսային շրջանում ի՞նչ ճանաչված գրողի եք «գտել»։
– Հարցի առնչությամբ թույլ տվեք նախ ներողություն խնդրել անհամեստության համար, հետո պատասխանել, քանի որ մեզ մոտ առաջինը «Անտարեսն» ու ես ենք սկսել Նոբելյան մրցանակակիր Մարիո Վարգաս Լյոսայի «Սոսկալի ժամանակներ» վեպի թարգմանչական աշխատանքները։ Ընդամենն ասեմ, որ այն պատմաքաղաքական է, փաստագրական, որի հիմքում Գվատեմալայի 1954թ. պետական հեղաշրջումն է։
Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
02.04.2020