ՄԵԾ գործեր ունենք անելու, Հայեր ջան:
Ես իմը պատմեմ, դուք ձերն յիշեք:
Պատահական չէր, որ մանկութեան տարիքից ականատես եմ եղել Հայաստանի համար պատմական իրադարձութիւնների…
Երկրաշարժը, Հայկական ջարդերը, Անկախութեան հանրաքուէն չասեմ, չէմ յիշում անկեղծ, շատ փոքր էի երեւի: Լաւ յիշում եմ Արցախեան պատերազմը, մեր տան պատշգամբում լիքը զէնք կար, երբ հայրս մի պահ տուն էր գալիս ու ես այդ տարիքում յստակ գիտեի ինչ կռիւ է, ում հետ է եւ ինչի համար:
Այդ ամբողջ ընթացքում մեր ընտանիքը մնաց Երեւանում եւ վառարանի ու մոմի կողքին անցան ՄՈՒԹ տարիները:
Յետոյ յիշում եմ 1996 թ. արտակարգ դրութիւնը, Նալբանդեան փողոցից ներս փակ էր զրահամեքենաներով, բայց ես բազմիցս անցել եմ ներս… հորս հետ, իր վկայականով, գնում էինք մարզուելու Կուկուռուզնիկի շէնքում, նոյնիսկ երբ շատ մարդ չկար (բացի մի քանի յայտնի դէմքերից) մարզումներն անց էր կացնում:
3 տարի յետոյ եղաւ 1999 թ. հոկտեմբերի 27-ը, ես այդ օրը երթուղայինի մէջ էի, Բաղրամեանի վրայ կանգնեցրին, իջանք ու ահագին մնացի այդտեղ:
Տարիներ անց եղաւ Մարտի 1 -ը, ցոյցերին չէմ մասնակցել, բայց յիշում եմ, որ Արշակունեացի վրայ ԵԿՄ -ն փակել էր ճանապարհներն ու Տիգրան Մեծով էինք գնում 3 -րդ մասի կողմ:
Տարիների ընթացքում ահագին բաներ եղաւ, բազմաթիւ ընդդիմադիր շարժումներ, որոնցից շատերին անձամբ մասնակցեցի, Բերձորի ջարդը, երբ Պ. Հայրիկեանի հետ էինք մի մեքենայում, Ժ. Սեֆիլեանին եւ միւսներին հասցրինք Վայքի հիւանդանոց եւ երբ հիմնական վտանգն անցել էր Ալեք Ենիգոմշեանի, Պարոյր Հայրիկեանի եւ երջանկայիշատակ Իգոր Մուրադեանի հետ երկար զրոյցի բռնուեցինք Արփի գետի մօտակայքում:
2016 ին եղաւ Ապրիլեան քառօրեայ պատերազմը, մի քանի ընկերներով Վովա Վարդանովի մօտ էինք պատրաստութիւն անցնում, մեր ընկերներից շատերն էլ Կոմանդոսի մօտ էին եւ այլ տեղերում:
Յետոյ եղաւ Սասնայ Ծռերի յայտնի պատմութիւնը, Մոսկուայում էի, առաջիններից էի (եթէ ոչ առաջինը) Մոսկուայի Հայերից, ով հենց առաւօտից հանրային ելոյթով համակրանք յայտնեց տղաներին (չնայեաց որպէս ԱՄԿ-ԱԻՄ գաղափարակից երբէք չէմ ընդունել երկրի ներսում զէնքով պայքարը) եւ կոչ արեցի առանց մահերի լուծել խնդիրը: Այդ ելոյթիս պատճառով մոսկուայաբնակ մի քանի ճանաչուած հայազգի գործիչներ քննադատեցին ինձ եւ խզեցին հետս կապերը (յետոյ իրենք էլ անցան գնացին, այսօր տեղերներն էլ չգիտեմ):
Մօտեցաւ այն ժամանակը, երբ ես վերջապէս պիտի իմանայի ՅԵՂԱՓՈԽՈՒԹԻՒՆԸ լաւ բան է, թէ՝ ոչ: Նիկոլ Փաշինեանը քայլելով հասաւ Երեւան, նոյն օրը լուսադէմին Մոսկուայից արդէն հասել էի Հայրենիք: Առաջին միտինգից մի քանի ժամ առաջ Ռոդէնի արձանի մօտ էի, յիշում եմ բոլորին, ով այդ պահին այնտեղ էր, մի 50-60 հոգի մարդ կար… Քիչ էինք, բայց լաւ տրամադրութիւն էր, համոզուած էինք, որ այս անգամ պիտի ստացուի… եւ ստացուեց (յետոյ շատ բաներից դժգոհեցինք եւ դժգոհ ենք, բայց դա ԱՅԼ թեմայ է): Երբ ամեն ինչ լաւ էր, վերադարձայ Մոսկուա: Լաւ օրեր էին:
Եկանք հասանք այս համաճարակային իրաւիճակին, որտեղ արդէն բոլորս ենք մասնակից եւ կարծում եմ բացառիկ է մեր այս ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ՝ ՊԱՏՄԱԿԱՆ:
Այս մտքերը յաճախ են գալիս, սա 30 տարուայ համար քիչ բան չէ: Պատերազմ, ահաբեկչութիւն, յեղափոխութիւն…
Շատ մարդկանց սա կարող է ընկճել, միտք տալ, որ ամեն ինչ վատ է եւ բան չի փոխւում մեր երկրում, չի դզւոմ ու պէտք է մոռանալ Հայաստանը, «երջանիկ» ապրել մէկ այլ տեղ: Ես այլ կարծիքի եմ, ինձ համար սրանք կարեւոր ՆՇԱՆՆԵՐ են, որ ՄԵՆՔ բան ունենք փոխելու այս Աշխարհում, ՄԵԾ գործեր ունենք անելու եւ ՊԻՏԻ անենք, պէտք է ՆՈՐ որակ ցոյց տանք մեր գալիք սերունդներին, պէտք է ԳԵՐԱԶԱՆՑԵՆՔ մեր ազգի մեծերին (ճանաչելով եւ գնահատելով նրանց իհարկէ): Մենք կոպուել ենք, ՄԵՆՔ ամուր ենք, մենք մսի փոշուց, աղի կարագից հասանք թագաժահրին (կոռոնավիրուսին) եւ ԱՌԱՋ ենք գնալու: Ամենակարեւորն այն է, որ գլխաւոր ազգային, պետական հարցերում ՄԻԱՍԻՆ լինենք եւ չմոռանանք, որ Հայ ենք մենք, Հայ ենք մենք, ՀԱՅ, ՀԱՅ, ՀԱՅ:
Դաւիթ ԱՂԱՋԱՆԵԱՆ
Տիր հայագիտական կենտրոն
«Առավոտ» օրաթերթ
02.04.2020