Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի անդամ Հյու ՄաքԴերմոթը շնորհավորել է Արցախի Հանրապետության «ազատություն սիրող ժողովրդին»` այս շաբաթ տեղի ունեցած ժողովրդավարական ընտրությունների կապակցությամբ: Այս մասին հաղորդում է Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեն: Պաշտոնյան Արցախի ժողովրդին շնորհավորել է նաև Twitter-ում:
«Չնայած COVID-19-ի վերաբերյալ մտավախություններին, թեպետ Արցախում մինչև այս պահը հաստատված դեպք չկա, 105 հազար 251 գրանցված ընտրողներից 76 հազար 471-ը (շուրջ 72%) քվեարկել են և ընտրել շատ մրցունակ խորհրդարան, որը բաղկացած է հինգ քաղաքական կուսակցություններից և դաշինքներից… Նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի, որը տեղի է ունենալու ապրիլի 14-ին»,-գրել է նա` հաջողություն մաղթելով նախագահի թեկնածուներ Արայիկ Հարությունյանին և Մասիս Մայիլյանին:
ՄաքԴերմոթի խոսքով` մի տարածաշրջանում, որտեղ ավտորիտար ռեժիմներ են և բռնապետություն, հրաշալի է տեսնել ծաղկուն ժողովրդավարություն, ինչպես Արցախում է:
Ավելի ուշ խորհրդարանականը գրառում է կատարել` տեղեկացնելով, որ հայտնվել է Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակում»: «Ինչպիսի պատիվ»,-գրել է նա:
Կարդացեք նաև
Նշենք, որ անցած տարի Հյու ՄաքԴերմոթը այցելել էր Արցախ Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեի պատվիրակության կազմում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ