Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կառավարությանը հորդորում է սոցիալական աջակցության ծրագրերից օգտվելը հնարավորինս մատչելի անել:
Պատգամավորը ֆեյսբուքի իր էջով ուղիղ եթերի միջոցով անդրադարձավ այդ խնդրին, նկատելով՝ քաղաքացիներ են իրեն դիմում, հարցնում՝ ինչպես է հնարավոր օգտվել եւ այլն:
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրություն մտցնելուց հետո կառավարությունը մի քանի ծրագրեր է հաստատել, որոնցով սոցիալական աջակցություն են հատկացնում տարբեր թիրախային խմբերին:
Մարուքյանը նշեց՝ մարտի 26-ին հաստատվել են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ծրագիրը, որից հետո հանրությանը պետք է ասեն, թե ինչպես պետք է ստանան գումարները.«Այսօր էլ հաստատվեց վերջին երկու ծրագիրը, որին հնարավոր կլինի դիմել ապրիլի 9-10-ին՝ առցանց: Այստեղ մի կարեւոր բան կա՝ նախարարությունը պետք է այնպիսի ձեւ մշակի, որ կարիք չլինի որեւէ փաստաթուղթ մուտքագրելու, որովհետեւ սոցիալապես անապահով ընտանիքները դժվարություններ են ունենալու դիմումն առցանց լրացնելու եւ փաստաթղթերը մուտքագրելու գործում»:
Կարդացեք նաև
Մարուքյանը նաեւ կառավարությանը հորդորեց՝ աջակցության ծրագրով նախատեսված գումարներն այդ ընտանիքներին որքան հնարավոր է, շուտ փոխանցեն, քանի որ օր-օրի ամեն ինչ թանկանում է, որքան ուշ հասնի, այնքան քիչ բան կարող են գնել:
Անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, որ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի այս աջակցությունը թիրախային լինի, եւ չօգտվեն մարդիկ, որոնք դրա կարիքը չունեն, պատգամավորն ասաց, որ դժվար թե համավարակի այս պայմաններում նման մարդիկ լինեն, որոնք կարիքը չունեն, բայց կօգտվեն: Մարուքյանն առաջարկեց կտրոնների միջոցով աջակցությունը տրամադրել.«Կոմունալները վճարելու չեքեր տալ՝ հասցեական, որպեսզի չկարողանան այլ ձեւով օգտագործել կամ չեքեր, որ ցանցային խանութներից օգտվեն»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ