«Ընթացիկ գործընթացների մեջ չեմ. չեմ կարող հստակ պատասխանել, թե ինչ է եղել, ամեն դեպքում տհաճ միջադեպ է հայ-կանադական հարաբերություններում»,-Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ գործոնների հնարավոր ազդեցություն կարելի է համարել Թուրքիայում Կանադայի դեսպանության թվիթերյան պաշտոնական էջում կատարված այն գրառումը, որ Կանադան աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ չի ճանաչում այսպես կոչված «ընտրությունները», որոնք տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղում մարտի 31-ին, այսպես պատասխանեց ՀՀ նախագահի խորհրդատու հասարակական հիմունքներով, 2017-2019 թ.թ. Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լևոն Մարտիրոսյանը:
Հիշեցնենք՝ գրառման մեջ նաև նշված էր. «Այդպիսի «ընտրությունները» վտանգում են այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը` հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման»:
Լևոն Մարտիրոսյանը վստահեցրեց՝ հայ-կանադական հարաբերությունները և′ քաղաքական, և′ որոշ առումով տնտեսական, և′ մարդկային մակարդակներում վերջին տարիներին հասցված են բարձր մակարդակի ու նշեց. «Ինձ համար զարմանալի է, տհաճ միջադեպ է, բայց ճիշտ կլինի՝ ԱԳՆ-ի պաշտոնական կարծիքը լսեք: Գիտեմ, որ մեր հայկական կազմակերպությունները դատապարտման հայտարարություններով հանդես եկան, օրինակ` Կանադայում Հայ Դատի գրասենյակը: Նրանք իրենց մտահոգությունը և վրդովմունքը հայտնեցին հայտարարության կապակցությամբ: Իսկապես ինչ-որ բացատրություն պիտի դրան լինի»:
Լևոն Մարտիրոսյանը փաստեց՝ նման հայտարարությամբ հանդես է եկել Կանադայի դեսպանությունը՝ Թուրքիայում, և շեշտեց՝ Կանադայի դեսպանությունը որևէ երկրում և, ընդհանրապես, որևէ երկրի որևէ դեսպանություն ԱԳՆ ստորաբաժանում է, այսինքն՝ տվյալ երկրի ներկայացուցչություն, հետևաբար տվյալ երկրի պաշտոնական տեսակետն է և որևէ կերպ դա չի կարելի մեկնաբանել, որ տվյալ դեսպանի կամ դեսպանության անձնական տեսակետն է: Այդ առումով սա տհաճ նորություն էր, մասնավորապես ինձ համար»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ