Aravot.am-ը Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ իրավիճակ է տիրում Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում, արդյոք այն գերծանրաբեռված է աշխատո՞ւմ և պաշտոնական տվյալներով՝ կորոնավիրուսով վարակված քանի՞ անձինք են բուժվում, հանրապետության այլ վայրերից Գյումրի տեղափոխված ու մեկուսացած անձանցից կա՞ն արդեն դուրսգրվածներ։
Մարզպետն ասաց, որ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը ծանրաբեռնված չէ, դեռևս մասնաշենքի ոչ բոլոր տարածքներ են օգտագործում, կարիքի դեպքում ինֆեկցիոն հիվանդանոցի բուն մասնաշենքից ինֆեկցիոն տարբեր հիվանդություններով բուժվողները կուղղորդվեն այլ հիվանդանոցներ, այն կծառայի միայն կորոնավիրուսով հիվանդներին։
Ըստ մարզպետի, հիվանդանոցն այս առումով պատրաստում են, այս հարցում իրենց օգնել է նաև Շիրակի պետական համալսարանը՝ հիվանդանոցին կից հյուրատունը հատկացնելով բուժաշխատողներին։
«Այս ընթացքում կորոնավիրուսային հիվանդություն ունենալու մեջ բոլոր կասկածվող, կոնտակտային և արդեն ապացուցված դեպքերի բոլոր պրոցեդուրաները մեզ մոտ իրականացնում են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում։ Երբ հիվանդության ալիքի տարածման տեմպերը սկսեցին մեծանալ և դուրս եկան Չինաստանից, այդ ժամանակ մենք արդեն խորհրդակցություն ունեինք մեր մոտ։ Ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենը քննարկման արդյունքում ստացավ հանձնարարություն․ մի մասնաշենքը, որն առաջ պատկանում էր տուբերկուլյոզային դիսպանսերին և որն ամբողջությամբ կոնսերվացված էր, անցած տարի՝ դիսպանսերի փակումից հետո, այնտեղ որևէ աշխատանք չէր իրականացվել, այդ մասնաշենքը բերել պատրաստվածության վիճակի, որ կարողանայինք ընդունել և իրականացնել գործառույթներ։
Կարդացեք նաև
Ինչպես գիտեք, ելնելով ծանրաբեռնվածությունից՝ կան նաև հիվանդներ ոչ միայն Շիրակի մարզից, այլ նաև մեկուսացված անձինք կան, մեկուսացվեցին Երևանից ու այստեղ մեկուսացման ժամանակ հաստատվեց իրենց կորոնավիրուսային հիվանդությունը։
Ծանր դեպքերը Երևան են ուղղորդում, իսկ մինչև միջին ծանրության կամ ոչ ծանր դեպքերը, որոշում կար, որ նաև մարզերում կարող էր բուժումը իրականացվել, իրենք մնացին այստեղ։ Այսինքն՝ խնդրահարույց դեպքեր ունենալու ժամանակ հիվանդները տեղափոխվում են ավելի մասնագիտացված հիվանդանոց, իսկ այս պարագայում այստեղ ավելի շատ իրենց մեկուսացման և ընթացիկ բուժման խնդիրներն են լուծվում։
Այս ընթացքում, ցավոք, մեր մարզում ունեցանք վարակակիրներ՝ տարբեր տեղերից ժամանած, հիմնականում մեր հայրենակիցներն են, որ եկել են տարբեր տեղերից։
Այս փուլում Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մենք ունենք 8 վարակակիր, նաև շատ կարևոր է, որ վերջին դեպքերը ֆիքսվեցին իրենց մեկուսացված լինելուց հետո, այսինքն՝ իրենք ժամանել էին Հայաստան, ստացել էին մեկուսացման ցուցում և արդեն մեկուսացման մեջ, երբ որ նմուշառման ցուցումները ստացան, այդ դեպքերը հաստատվեցին, ինչը նշանակում է, որ իրենց վարակման շրջանակը մեր համար կառավարելի է և տեսանելի է։ Այս տեսանկյունից աշխատանքները հետևողականորեն տարվում են։
Իհարկե, այս ընթացքում կային նաև մեծ թվով քաղաքացիներ, որոնք մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցումներ էին ստացել իրենց տներում, հատկապես մեր համերկրացիներն են, որոնք ժամանում են արտերկրից։ Այս փուլում մեր պոլիկլինիկաներն, առաջնային պահպանության օղակները աշխատում են մի քանի հարյուր քաղաքացու հետ, որոնք ունեն ինքնամեկուսացման ցուցում, կամ որոնք ժամանել են, և իրենց պետք է հետևել։ 14-օրյա ընթացքից հետո ախտանիշներ չունենալու պարագայում ինքնամեկուսացման ցուցումից դուրս է գալիս, ինչը նաև հնարավորություն է տալիս ուշադրությունը սևեռել ավելի թիրախային լսարանի վրա», -ասաց մարզպետը։
Տիգրան Պետրոսյանից հետաքրքրվեցինք՝ թե շա՞տ է դրսից Գյումրիում մեկուսացած մարդկանց թիվը, որոնց զննելիս հայտնաբերվել է վարակը։
«Մենք օտարերկրյա վարորդներ ենք ունեցել, որոնք այս ընթացքում ջերմությունով Հայաստանի սահմանը հատելիս են եղել, նրանց բերել-մեկուսացրել ենք, նմուշառում ենք իրականացրել, հետ ենք ուղարկել։ Այս տեսանկյունից շարունակական գործընթաց է, որովհետև գիտեք սահմանները փակ են քաղաքացիների անցման համար, բայց մեքենաների, բեռների անցման առումով այդ կենսական գործառույթը մենք այսօր իրականացնում ենք։ Եվ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը սպասարկում է նաև Բավրա մաքսակետով անցնող հոսքերը»,-ասաց Տիգրան Պետրոսյանը։
Մարզպետը տեղեկացրեց, որ վարորդներից մեկի մոտ թեստի դրական պատասխան է արձանագրվել։
Տիգրան Պետրոսյանը քաղաքացիներին հորդորեց զգոն լինել, եթե որևէ տեղանքում կորոնավիրուսով վարակված չկա, դա չի նշանակում՝ լինել ապահովել ու չենթարկվել ցուցումներին։
«Այսօր առողջապահության նախարարը ներկայացրեց, որ քննարկվում է տեղեկատվության ներկայացման ավելի մանրամասն տարբերակը, երբ մարզ մարզ տեղեկատվության փոխարեն հնարավոր է դիտարկել համայնք առ համայնք ներկայացնելը։
Այստեղ մի կարևոր խնդիր կա, այս թվերը խոսում են այն դեպքերի մասին, որոնք ֆիքսված են, որովհետև կարող է կեղծ տպավորություն կամ զգացողություն լինել, եթե պայմանականորեն մեր համայնքում թիվը զրո է, ավելի հանգիստ ենք, հետևաբար մենք կարող ենք մեզ մի քիչ թույլ տալ ավելի ազատ ռեժիմով շարունակել ապրել և այդ ցուցումները ուղղակիորեն մեզ չեն վերաբերում։ Այստեղ կարևոր է՝ քաղաքացիները գիտակցեն , որ այդ թվերը ներկայացնել կամ չներկայացնելն ավելի շատ խնդիր են լուծում ոչ թե գաղտնիք պահելու, այլ զգոնություն պահելու, և այն միջավայրում, որտեղ թվում է, թե այս պահին ֆիքսված դեպքեր չկան, չի նշանակում, որ այդտեղ ռիսկի մակարդակը բարձր չէ։
Ռիսկը կա, ռիսկի մակարդակը բավականին բարձր, է աշխարհի փորձը ցույց է տալիս, որ ռիսկին չի կարելի վերաբերել մատների արանքով, պետք է բոլորը համատեղ աջակցեն, որ այս իրավիճակից մենք՝ որպես մեկ միասնական հասարակություն, դուրս գանք։ Այս վիրուսային հիվանդությունը շատ շատերի կողքով կանցնի,լավագույն դեպքում ջերմության, թույլ սիմպտոմների տեսքով, բայց ավելի խոցելի, տարիքով ու խրոնիկ հիվանդություններ ունեցող մեր քաղաքացիների համար ծանր փորձություն կլինի։ Այստեղ յուրաքանչյուրը պիտի մտածի թե՛ իր հարազատի, թե՛ հարևանի, և թե՛ այն մարդու մասին, որին իր միջոցով կարող է փոխանցվել այդ վիրուսը։ 100 հոգու փոխանցվելուց հետո կարող է որևէ մեկին բան չլինել, բայց կոնկրետ մի հոգին զգալի տուժի։ Այսինքն` այն զգոնությունը, որը մենք պահանջում ենք քաղաքացիներից և խնդրում ենք՝ պահպանի կանոնները՝ թե՛ հիգիենայի կանոնները, թե՛ պատասխանատվության, թե՛ շփման տիրույթում, լուծում են այս խնդիրը»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ