Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսի համավարակը և պատերազմի վտանգը Մերձավոր Արևելքի տարածաշրջանում

Ապրիլ 02,2020 22:22

Այն պայմաններում, երբ կորոնավիրուսի բռնկման և վարակակիրների ու Covid -19 հիվանդության զոհերի թիվը ամեն օր աճում է աշխարհի շատ երկրներում, թվում է այս մահաբեր վիրուսի համաճարակը՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև  քաղաքական, տնտեսական և անվտանգության նոր հակամարտության ճակատ է բացել Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։

Չնայած կորոնավիրուսի համաճարակը նույն մոլեգնությամբ ու արագ տարածումով անխնա զոհեր է խլում Իրանում և ԱՄՆ-ում, սակայն կողմերի միջև ընթացող ուղղակի քաղաքական և անվտանգության պայքարը և Մերձավոր Արևելքում պրոքսի պատերազմը կորոնավիրուսի ստվերի ներքո թևակոխել է ավելի վտանգավոր փուլ։

Չնայած Իրանի և ԱՄՆ-ի իշխանություններն,  ձեռնարկել են բոլոր կանխարգելիչ աշխատանքները, կորոնավիրուսի տարածումը կանխելու համար, սակայն արտաքին ճակատում և Մերձավոր Արևելքի տարածաշրջանում մասնավորաբար Իրաքում և Սիրիայում ընթացող պրոքսի պատերազմի դաշտում իրավիճակը գնալով ավելի է սրվում և հակամարտող կողմերը նախաձեռնել են ռազմական և մարտավարական  նոր տեղաշարժեր իրականացնել տարածաշրջանում։

Կորոնավիրուսի համաճարակի ֆոնին և Իրանի գերագույն առաջնորդի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի  կողմից ԱՄՆ-ի դեմ հնչեցրած հերթական սպառնալիքների շրջանակում,  ԱՄՆ իշխանությունները որոշել են ընդլայնել պատժամիջոցների ցուցակը Իրանի դեմ: Ինչպես ԶԼՄ-ներն են հաղորդել, սահմանափակումներ են ձեռնարկվել  իրանական հինգ կազմակերպությունների և 15 քաղաքացիների նկատմամբ: Նշվում է, որ պատժամիջոցներ են կիրառվել Իրանի և Իրաքի մի շարք կազմակերպությունների նկատմամբ, որոնք կապված են «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» (ԻՀՊԿ) կամ ցուցակի մեջ գտնվող անձանց հետ: Հատկանշական է, որ սա տեղի է ունեցել այն ժամանակ երբ, նավթի միջազգային գները զգալիորեն անկում են արձանագրել և նավթի յուրաքանչյուր բարելի գինը նվազել է 20 դոլարի։ Անկասկած այս իրավիճակն լուրջ սպառնալիք է  ուղղված Իրանի և Իրաքի տնտեսության դեմ, քանի որ Իրաքի հիմնական եկամուտը գոյանում է նավթի վաճառքից, իսկ չնայած ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված խիստ պատժամիջոցներին, Իրանը նույնպես շրջանցելով ԱՄՆ-ի սահմանած ուղղակի կամ երկրորդական պատժամիջոցները, միջազգային սև շուկայում կարողանում է սահմանափակ քանակությամբ  նավթ և պետրոքիմյական արտադրություններ վաճառել՝ իր ավանդական հաճախորդներին, որի հիման վրա կապվել է երկրի 2020 թվականի պետբյուջեն։ Իրանում կորոնավիրուսի բռնկմանը համահունչ և նավթի գների անկման զուգահեռ՝ մարտի 12-ին Իրաքում, Իրանի կողմից հովանավորվող Հաշդ ալ Շաաբի ուժերը հրթիռային հարձակում են իրականացրել  «Քեմփ-Թաջ» ռազմաբազայի ուղղությամբ, որտեղ գտնվում են կոալիցիոն ուժերը։ Իրաքում ԱՄՆ ռազմաբազայի հրթիռակոծության արդյունքում  զոհվել են երկու ամերիկացի և մեկ բրիտանացի զորայիններ։

Միևնույն ժամանակ, Իրանին հարող Իրաքի շիա քաղաքական և զինված տարբեր խմբավորումներ բողոքում են ԱՄՆ-ի կողմից իրենց երկրի ինքնիշխանության խախտման կապակցությամբ և պահանջում են Իրաքից ամերիկացի բանակայինների հեռանալը: Մյուս կողմից նման պահանջներ են ներկայացվում նաև Իրանի դիվանագիտական և ռազմական պաշտոնատարները, ինչը ցույց է տալիս, որ Իրանի քաղաքական և զինվորական շրջանակները կորոնավիրուսի և նավթի գների անկման ճնշումը երկրի ներսում թուլացնելու նպատակով, իրենց անվտանգության և քաղաքական սպառնալիքների սլաքը ուղել են Իրաքի կողմը։   Իրանի գերագույն գլխավոր հրամանատարի խորհրդական գեներալ Սեյեդ Յահյա Ռահիմ Սաֆավին իր թվիթերյան  էջում անդրադառնալով Իրաքում ԱՄՆ բանակի ներկայության շարունակմանը և Այն-ալ Ասադ ռազմաբազյում տեղի ունեցող ԱՄՆ-ի զորուժի վերջին տեղաշարժերին, գրել է. «ԱՄՆ կառավարությունը պետք է կողմնորոշվի, թե ինչպես է վերաբերվում միջազգային պայմանագրերի և օրենքների պահպանմանը»: Գեներալ Սաֆավիի խոսքերով. «Եթե ԱՄՆ կառավարությունը չի ենթարկվում միջազգային օրենքներին և պայմանագրերին, ապա  պետք է պատրաստ լինի Իրաքում  իր զորքերի ներկայության և այդ երկրի հողերը գրավելու անխուսափելի հետևանքներին»:

Իրաքյան լրատվական աղբյուրները հաղորդել են, որ ԱՄՆ-ը ծրագրում է Իրաքում իր դեսպանատունը տեղափոխել Այն ալ-Ասադի ռազմակայան:

վերջին ամիսներին, հատկապես՝ Բաղդադում ԻՀՊԿ-ի Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սուլեյմանիի ու իրաքցի աշխարհազորային ուժերի պաշտոնյաների սպանությունից հետո, Իրաքում ԱՄՆ-ի զորուժը հայտնվել է սպառնալիքի տակ: Այդ նպատակով, ամերիկացի զորայինները  դուրս են գալիս Իրաքի Ղաեմ, Ալղիրե և k-1 ռազմաբազաներից և տեղափոխվում Այն ալ-Ասադ ռազմաբազա, որն ավելի անվտանգ է ու պաշտպանված:

Հետևաբար, հավանական է, որ ամերիկացիները, զորուժի տեղաշարժերի միջոցով փորձում են միաժամանակ թեթև հարձակումներ իրականացնել իրաքյան շիա խմբերի, մասնավորապես Հաշդ ալ-Շաաբի և Իրաքի Քաթաեբ Հեզբոլլահ խմբերի դեմ, որպեսզի և անպատասխան չթողնեն  նրանց կողմից ամերիկյան զորքերի դեմ իրականացված հարձակումները և միաժամանակ նախազգուշացնեն իրաքյան  զինված շիա խմբերին և Իրանին, զերծ մնալ հետագա հարձակումներից: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն Էրբիլ քաղաքի իր ռազմակայանում  տեղակայված  «Patriot» հակահրթիռային պաշտպանության համակարգը տեղափոխել է Ալ Անբար  նահանգում գտնվող Այն ալ-Ասադ ռազմաբազա, որպեսզի կարողանա պաշտպանվել Իրանի տարածքից իրականացվող հրթիռային հարձակումներից: Իսկ ԱՄՆ-ի մնացած ուժերը տեղափոխվում են Իրաքի քրդստանի ավելի ապահով շրջանները։

Սակայն, կորոնավիրուսի դեմ պայքարի զգայուն պահին, Իրանը ինչու՞ է հարված հասցնել՝ Իրաքում ԱՄՆ-ի ռազմաբազաներին։ Որոշ փորձագետների կարծիքով կարելի է  ենթադրել, որ անկախ նրանից, թե Իրանն իր գործողություններով ընդհանրապես ինչ նպատակներ ունի Իրաքում,  ներկայ պայմաններում, Իրանին մտահոգում է նավթի համաշխարհային գների անկումը և կորոնավիրուսի համաճարակից առաջացած երկրի ներսում հասարակական դժգոհությունները և իսլամական համակարգի դեմ ուղղված անվտանգության արտաքին սպառնալիքները, իսկ մյուս կողմից կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված տնտեսական դեֆիցիտի ու ազգային արժույթի կտրուկ անկումը և աճող գործազրկությունը դիմակայելու և Մերձվոր Արևելքում պրոքսի պատերազմները շարունակելու համար, Իրանը  խիստ կարիք ունի իր նավթային եկամուտներին։

Նշելի է, որ նոր պատժամիջոցները, որոնք աննախադեպ են իրենց մասշտաբով, առաջին հերթին ուղղված են հենց Իրանի տնտեսության էներգետիկ հատվածի դեմ։ Մարտին, նավթի համաշխարհային գների անկում սկսվելուց հետո հիմնականում էներգառեսուրսների արտահանումից կախված Իրանի առանց այն էլ թուլացած տնտեսությունը հայտնվել է խոր ճգնաժամի մեջ: Հետեւաբար նավթի ցածր գները խիստ կասկածելի է են դարձրել Իրանի շիական նկրտումների իրականացումը տարածաշրջանում և միջուկային ու հրթիռային ծրագրի ընդլայնմանն ուղղված ջանքերը։ Նման պայմաններում ԻՀՊԿ-ի հրամանատարները որոշել են Իրաքում վտանգավոր խաղ սկսել ԱՄՆ-ի հետ։ Հաշվի առնելով կորոնավիրուսի բռնկումը Միացյալ նահանգներում, որի պատճառով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է խոշոր պետական նպաստներ հատկացնել կարանտինայի մեջ գտնվող Ամերիկայի քաղաքացիներին, Իսլամական հանրապետության հոգևոր-ռազմական արմատական իշխանությունը առիթն օգտագործելով՝ փորձում են Իրաքում շիա խմբերի միջոցով հարված հասցնել ԱՄՆ-ի ռազմաբազաներում տեղակայված զորուժին, որպեսզի հնարավոր լինի լարված իրավիճակում նավթի գինը բարձրացնել համաշխարհային շուկայում։ Այսպիսով՝ Իրանը կարող է որոշ չափով ապահովել իր նավթային եկամուտը և շարունակել դիմադրության ճակատի գործողությունները տարածաշրջանում։ Իրանը նույնպես, կփորձի Եմենում Անսարալլահ ընդդիմադիր շարժման ուժերին հովանավորելով, հրթիռային հարվածներ հասցնել Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների դեմ, իսկ Պարսից ծոցում խոցել Եվրոպական նավթատար տանկերները։  Սակայն, մյուս կողմից, Մերձավոր Արևելքում առաջացած լարվածությունը, թեև կարող է ժամանակավորապես բարձրացնել նավթի համաշխարհային գները , բայց նույնքան կարող է ավելացնել Իրանի թշնամի արաբական երկրների նավթային եկամուտները, որը նույնքան վտանգավոր է Իրանի անվտանգության համար։

Իրաքի Քաթաեբ Հեզբոլլահ խմբի խոսնակն ընդգծել է, որ դիմադրության խմբավորումները, հատկապես Իրաքի Հեզբոլլահի գումարտակները, կարող են դիմակայել ամերիկացի զորայիններին և տեղյակ են Իրաքում և այդ երկրից դուրս  դիմադրության խմբավորումների դեմ հարձակվելու ԱՄՆ-ի ծրագրերի մասին: Իրաքի շիա խմբավորումների սպառնալիքները, անկասկած, լուրջ մարտահրավեր են ուղղված ԱՄՆ դեմ և վկայում են այն մասին, որ Իրաքում ԱՄՆ-ի զորքերի կողմից այդ խմբերին հասցված սահմանափակ ռազմական հարվածները կամ Սիրիայում և Եմենում, Իսրայելի կամ Սաուդյան Արաբիայի կոալիցիայի հարձակումները ԻՀՊԿ-ի դիրքերի և Եմենի Անսարալլահ շարժման ուժերի վրա չի կարողացել թուլացնել Իրանի դիրքերը տարածաշրջանում և այդ խմբերը պահպանել են իրենց հարձակողական կարողությունները, որը ցանկացած պահին իրականացնում են ԱՄՆ-ի և նրա տարածաշրջանային դաշնակիցների դեմ։

Այնուամենայնիվ, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, վերջերս կառավարության կաբինետի նիստում ակնարկելով կորոնավիրուսի դեմ համաշխարհային պայքարի ջանքերին, չեր բացառել ԱՄՆ-ի հետ համագործակցելու առումով բանակցության հավանականությունը։ Ռոհանիի այս մոտեցումը այնքան էլ ընդունելի չէ երկրի հոգևոր գերագույն առաջնորդի և ԻՀՊԿ-ի հրամանատարության կողմից։ Այնպես որ ԻԻՀ գերագույն առաջնորդը դեռ չի արձագանքել Նախագահ Ռոհանիի կառավարության կողմից, կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով երկրի արտարժույթի պահուստային ռեսուրսներից մեկ միլիարդ դոլար կառավարության հատկացնելու առաջարկին։ Ակնհայտ է, որ անցած մեկ ամսվա ընթացքում, Իրանի Իսլամական հանրապետությունը երկրի կորոնավիրուսի քաղաքականությունը կապել է միջազգային պատժամիջոցների վերացման հետ: Իսլամական հանրապետության պաշտոնյաների սպառնալից տոնով խոսելը և ԱՄՆ-ի դեմ  ուղղված սպառնալիքը կարող է հակառակ ազդեցություն ունենալ Թեհրանի համար։ Մինչ այժմ աշխարհի ոչ մի երկիր կորոնավիրուսի տարածման ռիսկը չի օգտագործել, որպես պաշտոնական գործիք՝ իր քաղաքականությունը առաջ տանելու համար:

Ամերիկայի ժողովրդին ուղղված թվիթերում, ԻԻՀ նախագահի խորհրդական և  Իրանի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Հեսամէդդին Աշենան գրել է. «Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներն ամբողջ աշխարհում կորոնավիրուսի տարածման պատճառ են դառնում։ Եթե մենք համաշխարհային մասշտաբով չպայքարենք կորոնավիրուսի դեմ, այն ավելի մեծ ուժով կտարածվի աշխարհում: Դոնալդ Թրամփի պատժամիջոցները հանգեցնում են Իրանում կորոնավիրուսի տարածմանն ինչն իր հերթին հանգեցնում է ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածմանը»: Նման հայտարարությունը մի կողմից ենթադրել է տալիս, որ Իրանը կորոնավիրուսի վտանգը նույնպես օգտագործում է հակառակորդին վախեցնելու, իսկ մյուս կողմից փորձում է ճանապարհ հարթել ցանկացած փոխզիջման գնալու կամ օգնություններ ստանալու համար։

Թվում է թե՝ ԱՄՆ-ին ուղղված երկու հակասական ձայներ են լսվում Իրանից։ Մի կողմից ԻԻՀ նախագահը և կառավարության կազմի մի մասը, իրենց բնորոշ սպառնալից ոճով ԱՄՆ-ին հասկացնում են, որ պատրաստ են ընդունել թշնամու օգնությունները, իսկ մյուս կողմից հոգևոր և ռազմական արմատական իշխանությունները կտրականապես մերժելով ԱՄՆ-ի կողմից առաջարկված ցանկացած օգնություն շարունակում են մնալ պրոքսի պատերազմի ռազմավարության և դիմադրության ճակատի հարձակողական կոշտ քաղաքականության վրա։

Իրանի դիմացի ճակատում, կորոնավիրուսի դեմ պայքարին օգնելու համար   իրանական տնտեսական սանկցիաների կասեցումը, ունեն նաև լուրջ կողմնակիցներ ԱՄՆ սենատորների շրջանում, ինչպիսիք են Բեռնի Սանդերսը և Էլիզաբեթ Ուարենը:

Մինչ այժմ մեծ թվով երկրներ ԱՄՆ-ին կոչ են արել կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում, դադարեցնել հակաիրանական պատժամիջոցները: Սակայն Սպիտակ տունը ոչ միայն չի դադարեցնում պատժամիջոցների ու առավելագույն ճնշման քաղաքականությունը, այլ նոր պատժամիջոցներ է սահմանում Իրանի դեմ: Հետևաբար` ԱՄՆ-ի հակաիրանական մոտեցումը, ավելի է ուժեղացնում Իրանի ներսում հակամերիկյան և արմատական հոգևոր, ռազմական և քաղաքական խմբերի դիրքերը, ինչը կարող է հանգել Իրանի արմատական իշխանությունների անկանխատեսելի քայլերին տարածաշրջանում և ավելացնել Իրանին հավատարիմ շիա  խմբերի կողմից ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների դեմ ուղղված հարձակումները։

Այդ պատճառով, թվում է, որ կորոնավիրուսի կենսաբանական սպառնալիքը և պատժամիջոցների խստացման արշավը անխոհեմ խաղ է Իրանի և ԱՄՆ-ի միջև, որի արդյունքներն, անկասկած, շատ վտանգավոր հետևանքներ կարող են ունենալ ոչ միային հակամարտող կողմերի այլ աշխարհի և տարածաշրջանի երկրների համար:

Վահե ԱՐԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930