Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիներն ահազանգում են՝ ինչպե՞ս են հեմոդիալիզի ծառայություն ստանալու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, որտեղ սպասարկելու են նաև կորոնավիրուսով հիվանդներին. պարզաբանում

Ապրիլ 02,2020 20:25

Aravot.am-ն այսօր մի շարք քաղաքացիներից ահազանգեր ստացավ: Նրանք անհանգստացած են, թե ինչպե՞ս են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում այսուհետ ստանալու հեմոդիալիզի ծառայություն, քանի որ ինչպես ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց՝  այդ ԲԿ-ն ևս կպատրաստեն կորոնավիրուսով հիվանդներին սպասարկելու համար: Մեզ դիմած՝ հեմոդիալիզի ծառայությունից օգտվող հիվանդները կարծում են՝ եթե իրենք նույն հիվանդանոց հաճախեն, որտեղ կսպասարկեն նաև կորոնավիրուսով հիվանդներին, ապա իրենց առողջությունը վտանգված կլինի. մեծ կլինի կորոնավիրուսով վարակվելու ռիսկը:

Aravot.am-ն այս մտահոգությունը փոխանցեց ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանին: Հետաքրքրվեցինք՝ արդյոք հեմոդիալիզի ծառայությունը շարունակվելո՞ւ է մատուցվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, ինչպես Aravot.am-ին դիմած քաղաքացիներն էին պնդում և եթե այո, ապա այդ քաղաքացիների առողջությանը վտանգ չի՞ սպառնում, նա պատասխանեց. «Հեմոդիալիզի ծառայությունը իրականացվելու է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տարածքում, բայց ունենալու է առանձին մուտք, և նրա տարածքը լինելու է մեկուսացված: Այսինքն՝ վիրուսի ներթափանցումը բացառված է: Բժշկական կենտրոնի տարածքում շարունակելու են գործել նաև ծննդատունը և պոլիկլինիկան: Մնացած բոլոր ծառայությունները տեղափոխվելու են մայրաքաղաքի այլ բժշկական կենտրոններ»: Ալինա Նիկողոսյանը վստահեցրեց՝ ամեն ինչ հաշվի է առնված, բոլոր սցենարները հաշվարկված են:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930