Aravot.am-ի զրուցակիցն է «Հայկական ընտրություն» ՀԿ-ի խորհրդի անդամ, քաղաքագետ Արմեն Աղայանը
– Ինչպե՞ս կգնահատեք Արցախի հանրապետությունում կայացած նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ:
– Խայտառակ՝ բազմաթիվ առումներով։ Առաջին հերթին դրանք մեզ քաջածանոթ խմբիշխանական դավաճան և հանցագործ համակարգին սազական ընտրություններ էին, այդ համակարգին հատուկ բոլոր ախտանիշերով և վերարտադրական արդյունքով։
Երկրորդը, դրանք ընտրություններ էին կազմակերպված «երկու հայկական պետություն» խեղկատակության շրջանակներում և այդ տրամաբանությամբ, ինչը Երևանում տեղի ունեցած ժողովրդական իշխանափոխությունից հետո ավելի նողկալի է։ Ի՞նչ է նշանակում ազգային ժողով Ստեփանակերտում։ Մի ազգը քանի՞ ազգային ժողով կարող է ունենալ։ Կամ ի՞նչ նախագահ֊ գլխավոր հրամանատար առանց իրեն ենթարկվող բանակի։ Ինչի՞ մասին պետք է բանավիճեին թեկնածուները, եթե բոլոր հարցերը իրականում միշտ լուծվել են ու բնականաբար շարունակելու են լուծվել Երևանում։
Կարդացեք նաև
Երրորդը, ու հիմա թերևս ամենակարևորը, դա մեր կառավարության ու նրան ենթակա տեղական պատասխանատուների՝ գիտակցաբար գործված հանցագործություն էր հանրային առողջության դեմ և, որն ավելի կարևոր է, Հայոց բանակի ու հատկապես մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի մարտունակության դեմ։ Ավելին, այդ հանցագործությունը շարունակվում է։ Եվ, ընկերոջս շատ դիպուկ ձևակերպմամբ, սա հավաքական ինքնասպանություն է երկու կրակոցով։
– Այդ ընտրություններին չէին մասնակցում միջազգային դիտորդական առաքելություններ`հայտնի պատճառներով: Տեղական դիտորդները ընտրությունները գնահատեցին`ազատ, անկախ, մրցակցային:
– Եթե հայտնի պատճառ ասելով նկատի ունեք թագավարակի համաճարակը, ապա ասեմ, որ այնքան էլ ճիշտ չեք։ Անգամ, եթե համաճարակ չլիներ, որևէ միջազգային դիտորդական առաքելություն այդ ընտրություններին ներկա չէր լինի ու երբեք էլ չի եղել։ Նախկինում որպես միջազգային դիտորդ են ներկայացվել ոչ թե իրական մասնագիտացված կազմակերպությունները, այլ այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի բարեկամները», որպեսզի բեմականացվի, թե իբր միջազգային վերահսկողություն էլ է եղել։ Ահա այդ բարեկամ ձևացող կեղծ դիտորդներն էին, որ այս անգամ չէին եկել վարակի պատճառով։
Ինչ վերաբերում է տեղական դիտորդներին, ապա այդ վերահսկողությունը կարող էր նույնքան արդյունավետ լինել, որքան արդյունավետ էր ԵԱՀԿ\ ԺՄԻԳ֊ի առաքելությունը Հայաստանում վերջին տասնամյակներին։ Մնում էր Դանիել Իոննիսյանն էլ հայտարարեր, որ «սա մեկ քայլ էր դեպի ժողովրդավարություն»։ Ես պե՞տք է նրան բացատրեմ, որ ընտրությունները կեղծվում են քվեարկությունից շատ առաջ՝ ահռելիորեն անհամաչափ ծախսվող փողերի միջոցով։ Թե՞ ես պետք է բացատրեմ, որ առանց նորմալ հեռուստաբանավեճերի հնարավոր չէ որակյալ ընտրություն ակնկալել։
– Նախագահական ընտրություններում Արայիկ Հարությունյանը հավաքել է 49%, իսկ Մասիս Մայիլյանը`26.2%, Վիտալի Բալասանյանը` 14.7%: 14 օր անց տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը, որին կմասնակցեն Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը: Այս մասին ի՞նչ կասեք:
– Արայիկ Հարությունյանը գնել է 49% ձայն։ Վերջին մեկ տոկոսի համար, չգիտեմ, փողը չի բավականացրե՞լ, թե՞ ժլատություն է արել, կամ էլ իր տեղական բաժանողներն են մի քիչ գրպանել։ Համեմատաբար լավ արդյունք արձանագրել են մյուս փողոտ մասնակիցները։ Դա հատկապես լավ արտացոլված է խորհրդարանականի արդյունքներում։ Երբ ես Արցախում էի նախընտրական շրջանից առաջ, մարդիկ ծաղրում էին, որ Արայիկի մարդիկ շրջում էին երկրամասով մեկ, որտեղ հարսանիք կամ թաղում էին հայտնաբերում, անմիջապես Արայիկին կանչում էին «պատահաբար» կողքով անցնելու, նորապսակներին նվեր տալու կամ սգացողների ծախսերը իր վրա վերցնելու։ Իհարկե, բացառապես «բարեգործության» շրջանակներում։
Երկրորդ փուլի մասին ես միայն մեկ կարծիք ունեմ և այն ընտրության հետ որևէ կապ չունի։ Եթե մենք Արցախը ընկալում ենք ՀՀ մյուս մարզերի համեմատ փոքր-ինչ ավելի ինքնակառավարվող երկրամաս, որին ընտրություն է պետք, ապա այն չի կարող տեղի ունենալ արտակարգ իրավիճակի պայմաններում։ Ուստի ընտրությունները պետք է չեղարկվեին վաղուց, բայց գոնե հիմա հաստատ պետք է չեղարկվեն։ Իսկ մինչ այդ Երևանից պետք է նշանակվեր ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ։ Իսկ եթե երկրորդ փուլն, այնուամենայնիվ, կայանա, ապա խայտառակ կպարտվեն ու նաև այս կամ այն չափով կպատժվեն բոլոր մասնակիցները՝ թեկնածուներից մինչև պարզ ընտրողներ, ու նաև առաջին հերթին պաշտոնական Երևանը։
– Հավանական համարո՞ւմ եք, որ նոր կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված նախագահական ընտրությունների երկրորդ փուլը հետաձգվի:
– Դա համարում եմ հրամայական, որը հաշվի չի առնում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը՝ Արցախում որոշ հավակնոտ դեմքերի հետ միասին։ Համաճարակի տարածման հետ կապված կանխատեսումներ անելու իրավունք չունեմ, բայց այն ունակ է ոչ թե հետաձգելու, այլ ընդհանրապես չեղարկելու այս ընտրություն կոչվածը։ Այսպես թե այնպես, այսօր վայ ընտրվողները երկար չեն պաշտոնավարելու։ Արտակարգ դրության վերացումից որոշ ժամանակ անց, միևնույն է, կամ նոր ընտրություն է տեղի ունենալու կամ էլ ուղղակիորեն Երևանից պաշտոնյաներ են նշանակվելու։
– Հետաքրքրական է, որ Արցախի խորհրդարանական ընտրություններում շուրջ 40% ձայն հավաքել է «Ազատ հայրենիք» կուսակցությունը, բայց Մասիս Մայիլյանի գլխավորած դաշինքը չի անցել խորհրդարան: Ընդհանուր առմամբ, Արցախի խորհրդարան անցել են հինգ քաղաքական ուժեր` «Ազատ հայրենիք» կուսակցությունը, «Միասնական հայրենիքը», «Արդարություն» կուսակցությունը, Հայ հեղափոխական դաշնակցությունը եւ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը: Եթե փորձենք վերլուծել այս պատկերը`ի՞նչ կստացվի, Ձեր կարծիքով:
– Ոչ մի տարօրինակ բան չկա։ Արայիկ Հարությունյանին ուղղակի կամ անուղղակի իրենց ձայները վաճառածների մի մասը ձայնի մյուս կեսը վաճառել է այլ կուսակցության կամ այլ ցուցակում պատգամավորության թեկնածու բարեկամ է ունեցել։ Ինչ վերաբերում է Մասիս Մայիլյանի գլխավորած դաշինքին, ապա այն համեմատաբար քիչ է ծախսել, իսկ «նախագահական ձայներ» ստացել է նաև Սամվել Բաբայանի շնորհիվ։ Իսկ ՀՅԴ-ն և ԱԺԿ-ն շեմը հաղթահարել են նույն տրամաբանությամբ, ինչ ԲՀԿ-ն։
Պատկերի կարևոր, բայց չերևացող մասն են կազմում իսկապես ասելիք ունեցող և փոփոխություններ խոստացող քաղաքական խմբակները՝ «Նոր Արցախին» մաս կազմող կուսակցությունները, հեռացող խորհրդարանի միակ ընդդիմադիր Հայկ Խանումյանի գլխավորած ԱՎԿ-ն, փողոցային ակտիվությամբ աչքի ընկնող Հեղափոխական կուսակցությունը։ Այս շարքում ինձ համար առանձնանում է «Միացյալ Հայաստան» կուսակցությունը, որը միակն էր, որ հստակ հանդես էր գալիս «երկու պետության» թատրոնը վերացնելու, արցախաբնակ ՀՀ քաղաքացիների ՀՀ ազգային ժողովի ընտրությանը մասնակցելու իրավունքի վերականգնման օգտին։ Սակայն ցավոք ոչ նա, ոչ էլ մյուսները այդպես էլ չկարողացան լսելի դառնալ այս ընտրություն կոչված բազարային աղմուկի պայմաններում։
– Մասնակցության աննախադեպ մեծ տոկոսը` համավարակային այս իրավիճակում, անսպասելի չէ՞ր:
– Խնդիրն էլ հենց այն է, որ Արցախում համաճարակի զգացումը չկա։ Քարոզչությունն իր գործը արել է այդ առումով։ Եվ իրոք, եթե վտանգ կա, էլ ի՞նչ քվեարկություն։ Իսկ եթե քվեարկություն է ընթանում, ուրեմն պաշտպանիչ միջոցներն էլ կարևոր չեն։ Ու շատերը չէին կրում կամ խախտում էին պահանջված ձևը։ Հատուկենտ վախեցողները փորձում էին ավելի զգույշ լինել, բայց…
Եթե նրանք պարտավորություն ունեին Արայիկ Հարությունյանի հանդեպ, ապա ուղղակի չէին կարող հենց առավոտյան չներկայանալ, չքվեարկել ու չլուսանկարել։Իսկ եթե վախենում էին, որ «վարչապետ» մականունով անձը կվերարտադրվի, ստիպված էին եկել, որ իրենց բացակայությամբ դրան չնպաստեն։ Գումարած այն, որ Արցախում առաջին անգամ էին տեղի ունենում ընտրություններ, որոնց մեծ հույսերով մասնակցեցին չափից ավելի շատ թեկնածուներ, որոնցից յուրաքանչյուրը զորակոչել էր իր ողջ շրջապատը։
Այս ամենը պետք է որ արդեն մեծապես նպաստած լինի վարակի տարածմանը։ Իսկ թե այդ դեպքում ի՞նչ կլինի երկու շաբաթ անց, թող բժիշկները բացատրեն։
Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ