Ադրբեջանում հնարավոր է արտակարգ դրություն հաստատվի: Ինչպես հաղորդում է Թուրան ադրբեջանական գործակալությունը, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Նախարարների կաբինետի քարտուղար Իբրահիմ Մամեդովը: Նա նաև նշել է, որ պատրաստվում է ձևաչափ, որի հիման վրա քաղաքացիները կկարողանան դուրս գալ տնից:
Անդրադառնալով մամուլի գործունեությանը` նա ասել է, որ Բաքվի, Սումգայիթի և Ապշերոնյան թերակղզու շրջանում լրագրողները կարող են ազատ գործել:
Ադրբեջանի Հանրային անվտանգության վարչությունից էլ հաղորդել են, որ շուտով ոստիկանությունը հնարավորություն կստանա առցանց ռեժիմում հետևել քաղաքացիների տեղաշարժին` հատուկ էլեկտրոնային համակարգի միջոցով: Տեղեկության համաձայն` կարանտինի ժամանակ քաղաքացին տանից դուրս գալուց առաջ պետք է զանգահարի կամ հաղորդագրություն ուղարկի և հաղորդի` ուր և ինչու է գնում: Տվյալ հաղորդագրությունը կներմուծվի էլեկտրոնային համակարգ և հասանելի կդառնա ոստիկանների համար: Քաղաքացին պետք է համապատասխան հաղորդագրություն ներկայացնի նույնիսկ խանութ կամ դեղատուն գնալու դեպքում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ