Aravot.am-ը տառաստեղծ, շուրջ 300 տառատեսակի հեղինակ, Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի դասախոս Էդիկ Ղաբուզյանից հետաքրքրվեց, թե ինչպես է ինքնամեկուսացման այս շրջանում իրականացնում իր գործունեությունը:
«Քանի որ աշխատանքս կապված է դիզայնի ու տառաստեղծման հետ, բնականաբար տանն եմ աշխատում, ինքամեկուսացումն ուղղակի լրացուցիչ հնարավորություն է՝ ավելի շատ աշխատելու: Առանց տառ ստեղծելու ես ուղղակի չեմ կարող»,-ասաց պարոն Ղաբուզյանը:
Հարցրինք, թե ինչպես է իրականացնում իր աշխատանքը՝ իբրեւ դասախոս արտակարգ դրության պայմաններում: Մեր զրուցակիցը նշեց, որ այժմ ոչ միայն դասախոսում է, այլեւ իր ուսանողներից 12-ի հետ է սերտորեն աշխատում, որոնք պատրաստվում են մասնակցել Խարկովի միջազգային տառարվեստի ուսանողական մրցույթին:
«Նրանց հետ առավոտից մինչեւ երեկո կապի մեջ եմ՝ ֆեյսբուքով, վայբերով, անընդհատ ուղարկում են իրենց աշխատանքները, շտկումներ եմ անում եւ խորհուրդներ տալիս: Շուտով այդ 12 հոգին, որ Գեղարվեստի ակադեմիայի ուսանողներ են, 30-40 աշխատանքները կներկայացնեն Pangram կոչվող միջազգային մրցույթին: Այսինքն, ուզում եմ փաստել, որ հեռու գտնվելով էլ՝ կարելի է աշխատել: Թեեւ ավելի արդյունավետ կլիներ անմիջական շփումով աշխատելը, բայց ներկա պայմաններում էլ, եթե մարդ ուզում է մի լավ բան անել, կանի՝ անկախ մեկուսացած լինելուց»,-ասաց տառաստեղծը:
Կարդացեք նաև
Նրանից տեղեկացանք, որ նոր տառատեսակ է նախագծում, դրա մի նկարվածքը եւս համարյա ավարտվում է: «Ոչ մի կորոնավիրուս չի կարող խանգարել»,-ժպտալով հավելեց պարոն Ղաբուզյանը:
Տեղեկացանք, որ որպես ժյուրիի անդամ՝ առցանց մասնակցել է մարտի 18-ին կայացած չինական միջազգային 2019 Ch-IEA design awards մրցույթին, որին ներկայացված էր 1700 աշխատանք: Առցանց ձեւաչափով նաեւ աշխատել է նաեւ իր դիպլոմնիկ Ինեսա Պողոսյանի հետ, որն իր ձեւակերպմամբ, բավականին հետաքրքիր տառատեսակի ընտանիք է նախագծում, որը կունենա 12 նկարվածք:
Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ «Գրանշան» նախագծին, որի նպատակը հայկական տառարվեստը զարգացնելն ու աշխարհում ճանաչելի դարձնելն է: Էդիկ Ղաբուզյանն ասաց, որ արդեն 2 տարի է կառավարությունը թեկուզ մասնակիորեն չի աջակցում «Գրանշանի» միջոցառումների անցկացմանը:
Վերջին միջոցառումը՝ մեծ համաժողով, ցուցահանդեսներ եւ մրցույթ, կայացել է 2017 թվականին: «Միայն գերմանական կողմն է ինչ-որ չափով աջակցում, եւ պատրաստվում ենք «Գրանշանի» մի միջոցառում իրականացնել, բայց ցավոք, ոչ Հայաստանում: Անցյալ տարի մի տասը դիմում, առաջարկ ներկայացրի: Պատասխանում են, որ առաջարկները լավն են, բայց փող չկա: Սա է իրականությունը: Դրա համար երեւի Հայաստանում դժվար կլինի կրկին ինչ-որ բան ձեռնարկել: Ամեն դեպքում նորից կփորձենք Գեղարվեստի ակադեմիայի՝ Pangram-ի մասնակից ուսանողների աշխատանքները ներկայացնել, Ազգային գրադարանն անցյալ տարի այդ հարցում օգնել է, հնարավոր է Ազգային ակադեմիայում մի փոքրիկ ցուցահանդես լինի»,- հայտնեց տառաստեղծը:
Նաեւ հավելեց, որ ցանկություն ունի նաեւ իր անհատական աշխատանքների ցուցահանդեսն իրականացնել, ինչը բարդ է, քանի որ նյութական հարցեր է ենթադրում: Ինչ վերաբերում է մեր հարցին՝ գուցե գործարարներն աջակցե՞ն, պարոն Ղաբուզյանը պատասխանեց. «Մեր գործարարները օգնում են այն դեպքում, երբ իրենց բարձր ատյաններից է ասվում՝ կառավարությունից, նախարարությունից: Մենք հիմնադրամների ենք դիմել, բայց իմ կարծիքով, մինչեւ «վերեւից» զանգեր չլինեն, ոչ մեկն էլ չի ցանկանա ձեռք մեկնել: Տխուր է, բայց փաստ: Կարող ենք արձանագրել՝ նույնիսկ տխուր փաստ»:
Հիշեցնենք, որ Էդիկ Ղաբուզյանի ձեռագիրը հայկական թղթադրամների վրա է, պետական, պաշտոնական փաստաթղթերում, խոշոր հրատարակչությունների հրատարակած գրքերը եւս նրա տառատեսակներով են:
Ի դեպ, ֆեյսբուքում եւս տանը մնալու նրա կոչերը հատուկ տառատեսակներով են, որովհետեւ հեղինակը կարծում է, որ ամեն ասելիքի համար պետք է համապատասխան տառատեսակ լինի:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Էդիկ Ղաբուզյանի ֆեյսբուքյան էջից: