Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եթե Թրյուդոն հագել էր եռագույն գուլպաներ, ուրեմն դրանից այդ երկրի քաղաքականությունը պիտի փոխվե՞ր, չեմ հիշում՝ գոնե իմ օրոք Կանադան նման հայտարարությամբ հանդես գար». Արա Պապյան

Ապրիլ 02,2020 16:19

«Չեմ հիշում, գոնե իմ օրոք չի եղել, որ Կանադան նման հայտարարությամբ հանդես գար: Ճիշտ է՝ Կանադան հանդես չի եկել նաև Արցախի անկախությունը ճանաչելու հայտարարությամբ, բայց նաև նման հայտարարությամբ հանդես չի եկել»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Թուրքիայում Կանադայի դեսպանության հայտարարությանն՝ այսպիսի կարծիք հայտնեց 2000 – 2006թթ․ Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի հիմնադիր նախագահ Արա Պապյանը:

Հիշեցնենք՝ Թուրքիայում Կանադայի դեսպանության թվիթերյան պաշտոնական էջում այսպիսի գրառում էր կատարվել. «Կանադան աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ չի ճանաչում այսպես կոչված «ընտրությունները», որոնք տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղում մարտի 31-ին։ Այդպիսի «ընտրությունները» վտանգում են, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը` հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման»:

Արա Պապյանը փաստեց՝ Ադրբեջանը և Թուրքիան մշտապես աշխատել են և բավական հաջող են աշխատել ճանաչել չտալու համար որևէ գործընթաց, այդ թվում նաև ընտրությունները Արցախում:

Խոսելով կոնկրետ մարտի 31-ին Արցախում կայացած ընտրությունների վերաբերյալ Թուրքիայում Կանադայի դեսպանության հայտարարության պատճառների մասին՝ Արա Պապյանն ասաց. «Չեմ ուզում ասել, որ ես լավ եմ աշխատել, մյուսները՝ վատ, պարզապես այն ժամանակ, երբ ես դեսպան էի, դեռևս Ադրբեջանը դեսպանություն չուներ Կանադայում: Դա իմ դեսպանության վերջին տարվա ընթացքում բացվեց, հետևաբար միայն Թուրքիան էր Ադրբեջանի շահերն առաջ մղում: Այդ գիծը շատ հստակ չէր, և մեզ հաջողվում էր հակակշռել: Դեսպանի աշխատանքը հետաքրքիր է. մարդիկ տեսնում են արդյունքը, բայց երբեք չեն տեսնում՝ երբ դու կանխում ես բացասական զարգացումները: Օրինակ՝ մի քանի նման դեպք եղել է Կանադայի հետ կապված. դա միայն Արցախը չէ, այլ տարբեր հարցեր, որոնց առումով հնարավոր է եղել կանխել Կանադայի կողմից որոշ հայտարարություններ: Բայց ոչ մեկ այդ աշխատանքը, բնականաբար, չի տեսնում և չի էլ մտածում, որ դու այդքան գործ ես արել: Ասում են՝ դե ի՞նչ են անում, որ»:

Արա Պապյանը ցավով արձանագրեց, որ Ադրբեջանը շատ ավելի լավ է սկսել աշխատել և նշեց պատճառները. «Իրենց մոտ դիվանագիտական կորպուսը բավականին լավ զարգացել է և′ քանակական, և′ որակական առումով: 90-ականներին դեռևս իրենք լավ մասնագետներ չունեին՝ ի տարբերություն մերոնց, որովհետև եթե մենք տարբեր երկրներում տարբեր մարդիկ, նաև սփյուռք ունեինք, որի աշխատանքն արդյունավետ էր, Ադրբեջանը 90-ականներին նոր-նոր էր սկսում: Սակայն իրենք կարողացան ուղարկել տարբեր լավագույն ուսումնական հաստատություններ բավականին հեռանկարային երիտասարդների, իրենց կրթություն տալ և ներգրավել դիվանագիտական կորպուսում»:

Արա Պապյանի փաստմամբ՝ մյուս կողմից Ադրբեջանը սկսեց մեծացնել այդ դիվանագիտական կորպուսը. նոր տեղերում դեսպանատներ բացել, դեսպանատան աշխատակազմի ֆինանսավորումն անհամեմատ լավ է, օրինակ՝ Կանադայում ավելի ուշ բացեցին դեսպանատուն, քան մենք: Բայց ըստ Արա Պապյանի՝ իրենք երկու անգամ ավելի շատ աշխատողներ ունեն, և տասն անգամ ավելի լավ ֆինանսավորում են ստանում, քան մերոնք:

Արտակարգ և լիազոր դեսպանը նաև զուգահեռներ անցկացրեց այն առումով, որ եթե մենք ապավինում ենք մեծամասամբ սփյուռքի ուժերին, Ադրբեջանն իր ֆինանսական հնարավորությունների շնորհիվ սկսել է ամենուրեք վարձել պրոֆեսիոնալ լոբբիստների, տարբեր կառույցների, որոնք տարբեր երկրներում իր համար աշխատանքներ են իրականացնում:

Մեր դիտարկմանը՝ Կանադայի դեսպանության խնդրահարույց գրառումից հետո Հայաստանում կոչեր են հնչում, թե «Ջասթինի հայկական գուլպաները հետ պահանջեք»՝ հիշեցնելով, որ ժամանակին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին հայկական դրոշի գույներով գուլպաներ էր նվիրել ու մեր հարցին՝ ինչ-որ բա՞ն է փոխվել հայ-կանադական հարաբերություններում, Արա Պապյանն այսպես արձագանքեց. «Ոչ մի բան էլ չի փոխվել: Ի՞նչ է եղել, որ ինչ էլ փոխվի: Ջասթին Թրյուդոն եկել էր մասնակցելու ֆրանկոֆոնիայի միջոցառումներին: Եթե ինքը եկել, մեզ հետ պարել, սեղանի շուրջ նստել կամ հագել էր եռագույն գուլպաներ, դա նշանակում է, որ երկրի քաղաքականությունը դրանից պիտի փոխվի՞: Դա միամիտ պատկերացում է»:

Արա Պապյանն ասաց, որ հիմնականում մեկնաբանություններ անելիս ուշադրություն են դարձնում արարողակարգային մանրամասներին՝ կարմիր գորգով դիմավորեցին, դրոշները կախեցին և այլն: Ըստ Արա Պապյանի՝ էականը դա չէ ու մանրամասնեց. «Դիվանագիտական հարաբերությունների հիմքում դրված են շահերը: Մենք արդյոք ունե՞նք այդ երկրի հետ բավարար ընդհանուր շահեր, թե՞ ոչ, կամ հակառակը. այդ երկիրը մեր հակառակորդների հետ ի՞նչ շահեր ունի»:

Այնուհետև մի դրվագ ներկայացրեց իր դեսպանության օրոք եղած իրադարձություններից. «Օրինակ՝ իմ օրոք Կանադան ընդունել է Հայոց ցեղասպանությունը՝ և′ Սենատը, և′ ներկայացուցիչների պալատը: Դա ինչի՞ շնորհիվ էր: Ոչ թե այն պատճառով, որ համայնքն անընդհատ աշխատում էր, քանի որ մինչև այդ էլ համայնքն աշխատում էր, այլ պարզապես մենք մի հարցում Կանադայի հետ ունեցել ենք ընդհանուր շահեր, հիմա դա չեմ բացահայտի: Փոխադարձ պայմանավորվածության ենք եկել, և Կանադայի ԱԳՆ-ն հանդես չի եկել Արցախի անկախության ճանաչման դեմ, ընդհակառակը, հասկացնել է տվել, որ դեմ չի լինի, եթե խորհրդարանն էլ ընդունի, և խորհրդարանն ընդունել է: Մյուս գործոնն այն էր, որ Կանադայի խորհրդարանում ստեղծվել էր այնպիսի վիճակ, որ մի քանի ձայների տարբերությունը խորհրդարանում մեծամասնություն ստեղծելու հնարավորություն էր տալիս, որը նշանակում էր՝ անգամ փոքրաթիվ ընտրողների ձայնը կարող էր վճռորոշ լինել կառավարության ձևավորման հարցում, և հայ համայնքի դերը մեծացավ: Այդ երկու գործոնը համընկավ, ամբողջը եղավ: Իսկ մնացածը, թե Թրյուդոն եկավ այստեղ, պարեց, նկարվեցին, սելֆի արեցին և այլն, էական չէ»:

Ամփոփելով Արա Պապյանը հիշեցրեց՝ երբ Գրիգոր Զոհրապին եկան տանելու կառափնարան, հետո քարով գլուխը ջարդեցին, ինքն ասում էր՝ երեկ Թալեաթի հետ նարդի էինք խաղում, եթե ինքը տեղյակ չէ, Թալեաթին զանգեք. «Այսինքն՝ անձնական հարաբերությունները և պետական շահերը տարբեր բաներ են»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930