Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԺ ողջ աշխատակազմը, պատգամավորները հասկանում են, որ կարող են ե՛ւ վարակվել, ե՛ւ վարակն իրենց տուն տանել». Արարատ Միրզոյանը՝ առցանց նիստի մասին

Ապրիլ 02,2020 16:05

«Հնարավոր է՝ այս միջոցառումները չլինեն հասարակության սրտով, որովհետեւ, ի վերջո, սահմանափակումների մասին է խոսքը, եւ սահմանափակումներն էլ իրենց հերթին մարդկանց տնտեսական, սոցիալական վիճակին են հարվածում ու լավ չի մարդկանց համար, բնականաբար: Այս ոչ պոպուլյար լուծումներին իշխանություններն իրենց վարկանիշի հաշվին են գնում: Բայց կա նաեւ սարսափելի մեծ պատասխանատվության զգացում, որ ցանկացած վայրկյանից բազմաթիվ մարդկանց կյանքեր են կախված»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում խոսելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում իշխանությունների ձեռնարկած քայլերի, ԱԺ աշխատանքների ու վտանգի մասին՝ ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

ԱԺ նախագահն ասաց, որ իրավիճակի դեմ պայքարն ու հաղթահարման հավանականությունը երկու բաղադրիչներից են կախված՝ կառավարության ձեռնարկած միջոցներից ու քաղաքացիների մասնակցությունից. «Չի կարող լինել լավ արդյունք, որքան էլ կառավարությունը փորձի խստացնի, հորդորի, ոստիկանների միջոցով անի: Ի վերջո ամեն գյուղի ամեն բակ հնարավոր չի, չէ՞, ոստիկանների խումբ ուղարկել, եթե մարդիկ չհասկանան, որ պետք չի զրուցարաններում հավաքվել եւ թղթախաղ խաղալ, նարդի խաղալ, կամ քննարկել շենքի իրադարձությունները: Եթե մարդիկ չմասնակցեն դրան, կառավարությունը չի հաջողի»:

Հարցին՝ հնարավո՞ր է վարակի այսչափ տարածումը ԱԺ աշխատանքներին խոչընդոտի՝ Արարատ Միրզոյանը պատասխանեց, որ օրենսդրությամբ սահմանված է, որ արտակարգ դրության պայմաններում ԱԺ աշխատանքները չեն խոչընդոտվում: Սա մտածված է, որ եթե որեւէ քաղաքական դրդապատճառով երբեւէ արտակարգ դրություն հայտարարվի, սա չլինի առիթ ԱԺ-ին ճնշելու եւ գործադիրի մենիշխանությունը, միաբեւեռ իշխանությունը չհաստատվի երկրում. «Հիմա պատգամավորները, ԱԺ աշխատակազմը գիտակցում են, որ կարող են վարակվել, որովհետեւ ոչ միայն դահլիճում 132 պատգամավոր են, շենքում մարդիկ շփվում են իրար հետ ու ողջ աշխատակազմը, պատգամավորները հասկանում են, որ կարող են ե՛ւ վարակվել, ե՛ւ վարակն իրենց տուն տանել ու ընտանիքներին վարակել, բայց սա հանրային ծառայություն է: Ընտրովի պաշտոն է ու պատասխանատվություն ունեն, քաղաքական դերակատարում ունեն նույնիսկ ընդդիմադիրները»:

Արարատ Միրզոյանն ասաց, որ այս օրերին քննարկվում է այլ ձեւաչափով աշխատելու հարցը, օրինակ, առցանց աշխատելու, բայց կոնկրետ առաջարկ սեղանին դրված չկա:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ «Գազպրոմն» ուզում է վերանայել սպառողներին մատակարարվող գազի սակագները, համաշխարհային այս օրերին նման քաղաքականությունն ու մոտեցումն ինչպե՞ս եք գնահատում, սա հարված չի՞ հանրությանը՝ Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Խոսակցություններն այս մասին մի քանի ամիս, նույնիսկ տարի կա: Կառավարությունից բազմիցս հավաստիացրել են, որ մինչեւ 2020-ի ապրիլ չի լինելու որեւէ այդպիսի առաջարկ, ըստ էության, այդպես էլ եղավ: Իհարկե, եթե չլիներ կորոնավիրուսը, մենք կարող էինք քննարկել, որովհետեւ ստացվում է, որ կողմերն իրենց պայմանները կատարել են, հասել է պայմանավորված ժամկետը: Բայց կարծում եմ, որ կորոնավիրուսի այս համաճարակը պետք է ստիպեր «Գազպրոմի» մեր գործընկերներին վերանայել առաջարկ անելու ժամկետները: Չեմ գտնում, որ սա լավագույն ժամանակն էր՝ այս առաջարկն անելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930