Միանալով այս բացառիկ նախաձեռնությանը՝ սիրված մանկագիրներն իրենց հեղինակած գրքերից մի հատված կկարդան ՔՈՎԻԴ-19 համաճարակի պատճառով տանը ինքնամեկուսացված միլիոնավոր երեխաների և երիտասարդների համար։
«Կարդա՛ աշխարհի համար» նախաձեռնությունը ստեղծվել է Հրատարակիչների միջազգային ասոցիացիայի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԱՀԿ-ի համագործակցության շնորհիվ։ Այն մեկնարկում է այսօր՝ Մանկական գրքի միջազգային օրը, Երևանի ժամանակով ժամը 19:00-ին Իտալացի մանկագիր Էլիզաբետա Դամիի (Elisabetta Dami) հետ, որը հայտնի Ջերոնիմո Ստիլտոնի կերպարի հեղինակն է։
«Այս իրավիճակը բոլորիս համար նոր է և անհասկանալի: Երկարաժամկետ ինքնամեկուսացման և սոցիալական հեռավորության սոցիալ-հոգեբանական ազդեցությունը դեռ նոր պետք է բացահայտենք և հասկանանք»,- ասում է Հրատարակիչների միջազգային ասոցիացիայի նախագահ Հյուգո Սետցերը (Hugo Setzer)։ «Այս պահին բոլորս էլ պետք է հոգ տանենք մեր և հատկապես երեխաների հոգեկան առողջության մասին։ Ցանկանում էինք մի լավ բան անել և երեխաներին ու նրանց սիրելի հեղինակներին միավորել, որպեսզի խթանենք ընթերցանության հանդեպ հետաքրքրությունը և թեթևացնենք ընտանիքների հոգսը այս՝ բոլորիս համար դժվար տրվող սահմանափակումների ժամանակ»։
«Երեխաների կյանքը և ռեժիմը տակնուվրա է եղել ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում», – ասում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը (Henrietta Fore)։ «Երբ դրսի աշխարհը անհասանելի է, երեխաներն ու երիտասարդները կարող են բազում աշխարհներ ճամփորդել գրքեր կարդալով»։
Կարդացեք նաև
Էլիզաբետա Դամին ինստագրամի իր անձնական էջով այսօր՝ ժամը 19:00-19:30 կկարդա անգլերենով։ Այս հեղինակը, որ վաճառել է ավելի քան 180 միլիոն օրինակ գիրք, ով տպագրվել է հիսուն տարբեր լեզուներով, այսօր նաև կարձագանքի հարթակում նշված մեկնաբանություններին և կպատասխանի հարցերին։
Մի շարք հայտնի հեղինակներ ևս համաձայնել են միանալ «Կարդա՛ աշխարհի համար» նախաձեռնությանը։
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան