Հայաստանում բոլորին կորոնավիրուսի հայտնաբերման համար թեստավորելը գործնականում անհնար է՝ առնվազն տեսանելի ապագայում, տեսականորեն՝ հնարավոր է: Այսօր այս մասին հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Թե ինչ կտա համատարած թեստավորումը, Թորոսյանը պարզաբանեց. «Այդ պահին վիրուսի բավական մեծ ծանրաբեռնվածություն ունեցող անձանց մոտ կտա դրական արդյունք, որից հետո կարող ենք որոշել՝ նրանց մեկուսացնենք, բուժենք կամ ոչինչ չանենք, որովհետեւ օրինակ, այլեւս հիվանդանոցներում տեղ չկա։ Մնացած բացասականների մասով երաշխիք չունենք, որ իրենց մոտ այդ վիրուսային ծանրաբեռնվածությունը չի արտահայտվի թեստավորումից 2 կամ 3 օր հետո։ Դա նշանակում է, որ բոլոր ազգաբնակչությանը պետք է պարբերաբար թեստավորենք, եւ ոչ թե մեկ անգամ: Այլ խնդիր է թեստավորման ծավալների ավելացումը՝ բժշկական ցուցումներով: Մենք մեծացնում ենք թեստավորման մեր հզորությունները: Շուտով կհասնենք օրական 400-ից 500 թեստի: Մի քիչ ավելի ուշ, նոր սարքավորումներ ձեռքբերումից հետո կկարողանանք օրական մոտ 1500 թեստ անել»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ