Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք հիմնականում գնում ենք ինքնամաքրման, այն անձինք, որոնք պարգեւների են արժանացել, պատերազմից տեղյակ չեն՝ նման բան չլինի». Սասուն Միքայելյան

Ապրիլ 02,2020 15:25

«Եռաբլուրը պետք է դաս լինի մեզ՝ դասեր քաղելու համար», – այսօր Եռաբլուրի պանթեոնում ասաց ԵԿՄ նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Նա ասաց, որ ապրիլյան պատերազմում մենք հաղթեցինք, դա լայնածավալ հարձակում էր ու 800 հա-ն այդպես նշանակություն չունի. «Այսօրվա բանակը չենք կարող համեմատել 2016-ի բանակի հետ, որովհետեւ թե՛ սպառազինությամբ, թե՛ ամեն ինչով այսօր բանակն ավելի հզոր է, ավելի մարտունակ է, ժամանակակից տեխնիկայով զինված»:

Խոսելով ապրիլյան պատերազմի մեղավորների մասին՝ Սասուն Միքայելյանն ասաց, որ քննություն է գնում ու շուտով բոլորի համար պարզ կլինի:

Զոհվածների ընտանիքները դժգոհություններ ունեն, որ այս ընթացքում բավարար ուշադրության չեն արժանացել իշխանությունների, պետության կողմից: Սասուն Միքայելյանն արձագանքեց, որ ուշադրությունը կա, ինչ վերաբերում է ԵԿՄ-ին, նա ասաց. «Երկրապահը, ես ուզում եմ, որ պետական հովանավորության տակ լինի ֆինանսի գծով: ԵԿՄ-ն այս տարիների ընթացքում ո՞նց է գործել՝ մեկից մի բան խնդրել, տարել տվել է էն մեկին: Այդ բանը պիտի վերանա: Ես երբ եկել եմ ԵԿՄ նախագահ, թույլ չեմ տվել, որ նման բան լինի: Մենք ձգտում ենք, որ իրոք, այն տղերքը, որ արժանի են եղել, զոհվածի ծնողները, որոնք ծանր վիճակի մեջ են, պետական հոգածության տակ լինեն, ոչ թե կողքից օգնելու: Այսինքն, այս կարճ ժամանակամիջոցում նոր իշխանությունը չի կարող այդ հարցը լուծի, պլյուս այսօրվա այս իրավիճակը: Բայց միշտ էլ այս իշխանության ուշադրության կենտրոնում է, կամաց-կամաց քայլեր են արվում, որ ամեն ինչ կարգավորվի»:

Թե իր պաշտոնավարման ընթացքում ի՞նչ է փոխվել՝ Սասուն Միքայելյանը պատասխանեց. «ԵԿՄ-ում փոփոխությունները շատ մեծ են: Մենք հիմնականում գնում ենք ինքնամաքրման, այսինքն, այն անձինք, որոնք պատերազմի մասնակից են, մենք բոլորս, հայ ազգը երկրապահ է, բայց այն անձինք, ովքեր պարգեւների են արժանացել, պատերազմից տեղյակ չեն՝ նման բան չլինի: Միջգերատեսչական հանձնաժողով է ձեւավորվել ՊՆ-ում, ես էլ այդ գերատեսչության ներկայացուցիչներից մեկն եմ՝ որպես ՀԿ ներկայացուցիչ: Այս պահին մոտ 207 գործ կա, որ ԵԿՄ-ում վերանայվում է, արտոնություններից օգտվեն»:

Ըստ Սասուն Միքայելյանի, ԵԿՄ-ի նկատմամբ մարդկանց վերաբերմունքը հիմա չի կարող չփոխվել, որովհետեւ մարդիկ տեսնում են, որ ԵԿՄ-ն այլ կերպ է հիմա գործում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930