Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Չեղարկել «Գազպրոմ»-ի հետ կնքված ստրկատիրական պայմանագիրը եւ բանակցություններ սկսել Իրանի կառավարության հետ՝ գազի մատակարարման մասին միջպետական համաձայնության վերաբերյալ. Հայաստանի Եվրոպական կուսակցություն

Ապրիլ 02,2020 15:20

Հայաստանի Հանրապետության քաղաքական անկախության եւ տնտեսական զարգացման հիմնական խոչընդոտներն են ինչպես 99 տարի առաջ ստորագրված հանցավոր ռուս-թուրքական քաղաքական պայմանագրերը, այնպես էլ վերջին շրջանում կնքված ռուս-հայկական տնտեսական համաձայնությունները, որոնց վերանայումն ու չեղարկումը մեր ազգային անվտանգության եւ արժանապատվության հրամայականն են։

Մասնավորապես անընդունելի եւ անտանելի է իրավիճակը մեր երկրի բնական գազի մատակարարման ոլորտում։ «Գույք պարտքի դիմաց» հակապետական խայտառակ գործարքից հետո, երբ խիստ կասկածելի հիմքերով Ռուսաստանի Դաշնությանը փոխանցվեցին ՀՀ արդյունաբերության, էներգետիկայի, տրանսպորտի և կապի ռազմավարական միջոցները, մեր երկրի նախկին ղեկավարությունը 2013 թ․ դեկտեմբերի 2-ին կնքեց միանգամայն ստորացուցիչ եւ իր բնույթով ճորտատիրական պայմանագիր Ռուսաստանի Գազպրոմ պետական կորպորացիայի հետ, ըստ որի Հայաստանը 40 տարով՝ մինչեւ 2043 թվականը հրաժարվում է էներգետիկ այլընտրանքից եւ քաղաքական ու տնտեսական կախվածության մեջ է դնում ազգային տնտեսությունը օտարերկրյա շահերից եւ քմահաճույքից։ Փաստենք, որ 2018-ի թավշյա իշխանափոխությունից ի վեր ՀՀ նոր կառավարությունը դեռ ոչինչ չի արել վերոնշված ստրկական պայմանագրերը վերանայելու ուղղությամբ:

Գազպրոմի հետ պայմանագրի ամենազարհուրելին եւ տարրական տրամաբանությունից զուրկն այն է, որ սույն գաղութատիրական որոշմամբ Հայաստանը զրկվեց հարեւան Իրանից անհամեմատելի ավելի էժան ու մատչելի ճանապարհով գազ ստանալու հնարավորությունից, ինչպես նաեւ իրանական գազը միջազգային շուկա հասցնելու նպատակով տարանցիկ գազատար կառուցելու իրավունքից։ Հատկապես խայտառակ իրավիճակ է ստեղծվել վերջին շրջանում, երբ նավթի ու գազի համաշխարհային գնանկման պայմաններում Գազպրոմը իջեցրել է Եվրոպայում վաճառվող գազի գինը մինչեւ 75-77 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց (այսպիսին էր ռուսական գազի գինը Նիդերլանդներում մարտի 30-ին), մինչդեռ ՀՀ-ն, համաձայն այդ գաղութային պայմանագրի, շարունակում է գնել Գազպրոմի գազը միջազգային գնից երեք անգամ բարձր արժեքով։ Հավելենք, որ այդ հարցով այժմ արդեն միջազգային դատարանի մակարդակով բողոքարկման նախադեպեր կան, մասնավորապես՝ օրեր առաջ Լեհաստանը շահեց ընդդեմ Գազպրոմի դատը՝ վերջինիս կողմից ապօրինի բարձր գնով լեհերին գազ վաճառելու համար, և այժմ Ռուսաստանը պետք է ահռելի տուգանքներ վճարի Լեհաստանին:

Եւ ահա այս պայմաններում Գազպրոմի դուստր ձեռնարկությունը՝ Գազպրոմ Արմենիա ընկերությունը հանդես է գալիս գազի գինը Հայաստանում 36 տոկոսով թանկացնելու նախաձեռնությամբ, որի դեպքում ռուսական գազը Հայաստանի համար կարժենա արդեն չորս անգամ թանկ քան նույն գազի նույն քանակությունը Եվրոպայում։ Սա հատկապես զարմանք ու զայրույթ է առաջացնում կորոնավիրուսի համաշխարհային համաճարակի պայմաններում, երբ ազգաբնակչությունը զրկված է եկամուտներից, օր-օրի ահագնանում է համաշխարհային տնտեսական ճգնաժամը եւ այս ճակատագրական պահին աշխարհի երկրները ձգտում են ամեն կերպ մեղմել առաջացած դժվարությունները։

Հայաստանի Եվրոպական կուսակցությունը պահանջում է ՀՀ իշխանություններից անհապաղ վերանայել եւ չեղարկել Գազպրոմ կորպորոցիայի հետ 2013 թ․ կնքված ստրկատիրական պայմանագիրը եւ բանակցություններ սկսել Իրանի կառավարության հետ գազի մատակարարման մասին միջպետական համաձայնության վերաբերյալ։ Եթե ՀՀ իշխանությունը անհապաղ ձեռնամուխ չլինի իրագործել այդ հրատապ եւ մեր երկրի տնտեսության կենսունակության համար խիստ անհրաժեշտ գործողությունը, ապա մենք իրավունք ենք վերապահում մեզ կոչով դիմելու Հայաստանի ազգաբնակչությանը՝ բոյկոտել եւ չվճարել Գազպրոմի ավազակային տուրքերը։

Հայաստանի Եվրոպական կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930