Լրահոս
Օրվա լրահոսը

Գուցե գա մի պահ, երբ զբաղվեն կորոնավիրուսով վարակված միջին ծանրության հիվանդներով, նոր դեպքերի հետեւից էլ չգնան

Ապրիլ 02,2020 14:43

Ապրիլի 1-ին կորոնավիրուսով վարակված դեպքերի կտրուկ աճը՝ 92 նոր դեպքն, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պայմանավորում է նոր օջախներով: Այսօր հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ճեպազրույցի ժամանակ նախարար Թորոսյանն ասաց՝ իհարկե, կան վարակի տարածման դեպքեր, սա չեն էլ հերքում եւ կան նոր օջախներ, հատկապես բերովի, ինչպես նաեւ կան նախկինում եղած օջախներից նոր օջախների առաջացումներ. «Դա նաեւ պայմանավորված է ամեն օր կատարվող թեստավորման թվի աճով»:

Լրագրողի հարցին՝ ի՞նչ կանխատեսումներ կան, ե՞րբ կլինի համավարակի պիկը ՀՀ-ում, նախարարը պատասխանեց՝ պիկի կանխատեսում հնարավոր չէ անել, քանի որ ցանկացած պահի կարող է պիկ լինել. «Պիկը միշտ լինում է պոստֆակտում, երբ ամեն օր սկսում ես ունենալ նվազող դեպքեր: Եթե մենք ազգովի բոլոր միջոցառումներն իրականացնենք, շարունակենք հայտնաբերումները եւ ինչ-որ մի պահի սկսենք ամեն օր ավելի քիչ դեպքեր արձանագրել, կարող ենք ասել՝ երեկ չէ առաջին օրը վիրուսի պիկն էր եւ այսուհետ ունենալու ենք միայն անկում: Կանխատեսել այդ օրը մենք այս պահին չենք կարող, բայց մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ օրը մոտենա: Մեր կանխարգելիչ միջոցառումների խնդիրը պիկը շուտ տեսնելն է, ինչքան հնարավոր է շուտ»:

Կորոնավիրուսի հաստատված դեպքերի շրջանում երեխաներ քիչ կան, հղիներ կան, բայց, ինչպես Թորոսյանն ասաց, էլի քիչ թվով, տարեցներ ու քրոնիկ հիվանդներ էլ, բնականաբար, կան: Սակայն, ըստ նախարարի, բուժառուների գրեթե 80%-ը, ասիմպտոմ է` կամ շատ թեթեւ ջերմություն ունի, կամ ունեցել է, կամ էլ ոչ մի ախտանիշ չի ունեցել, պարզապես որպես ռիսկի խումբ հետազոտվել է, թեստը դրական է եղել. «Դա չի նշանակում, որ նրանք թե՛ իրենց առողջության համար, թե՛ իրենց կողքինների առողջության համար, անվտանգ են, որովհետեւ միեւնույն է, նրանք պետք է գտնվեն հսկողության տակ, որպեսզի եթե բարդացում լինի, ապա արագ զբաղվենք առողջական խնդիրներով, եւ որպեսզի նրանք վիրուսը չփոխանցեն քրոնիկ հիվանդություն ունեցողներին եւ տարեց քաղաքացիներին»:

Վարակի օջախները շատ են, Թորոսյանն ասաց, որ առաջին մի քանի աղբյուրներից բազմաթիվ նոր աղբյուրներ են առաջացել. «Հենց այսօր էլ ունենում ենք բերովի դեպքեր` Հայաստանի սահմանը հատող բեռնատար վարորդների, ինքնաթիռով վերադարձող քաղաքացիների կողմից: Հիմնականում այն դեպքերը, որոնք հայտնաբերում ենք, սահմանային անցակետերում են հայտնաբերվում, եւ արագ մեկուսացվում ու տեղափոխվում են համապատասխան հիվանդանոցներ եւ մեկուսացման վայրեր»:

Թորոսյանն ասաց՝ կա կետ, երբ կասենք՝ այլեւս հնարավոր չէ գնալ ցանկացած նոր դեպքի հետեւից՝ գտնելու որտեղից է վարակվել, ում հետ է շփվել. «Բայց մենք դեռ հեռու ենք այդ կետից, ու մեր խնդիրն է հեռացնել այդ կետը, որ երբեք չհասնենք դրան: Եթե հնարավոր չլինի դա անել, քանի որ վիրուսը տարածվում է նաեւ ասիմպտոմ եղանակով եւ դժվար է լինում հայտնաբերել բոլոր կոնտակտավորներին եւ բոլոր հիվանդներին, ապա գալու է մի պահ, երբ զբաղվելու ենք միջին ծանրության հիվանդներով եւ թեթեւ դեպքերին ցուցվելու է բուժվել տանը: Այսպես են անում շատ երկրներում: Բայց մենք ջանքեր ենք դնում, որպեսզի սրան չհասնենք»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930