ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն այսօր կառավարության նիստում ներկայացրեց սոցիալական աջակցության այն ծրագրերը, որոնք առնչվում են մինչու 18 տարեկան երեխա ունեցող շահառուներին: Ծրագրից կարող են օգտվել՝ եթե երեխայի ծնողներից մեկը չի ունեցել գրանցված աշխատանք մինչեւ 2020 թվականի մարտի 12-ի դրությամբ եւ չեն ընդունվել մշտական գրանցված աշխատանքի մարտի 12-ից մինչեւ մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում: Սա վերաբերում է բոլոր ծնողներին՝ անկախ կարգավիճակից: Շահառու կարող են հանդիսանալ նաեւ, եթե երեխայի ընտանիքը 2020 թվականի մարտի 12-ի դրությամբ հաշվառված չի եղել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կամ ընտանիքի անապահովության միավորը ցածր է 28,01-ից:
Ըստ նախարարի, ծրագրից կարող են օգտվել նաեւ, եթե երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը 2020 թվականի մարտի 31-ի դրությամբ չի հանդիսացել անհատ ձեռնարկատեր, որի գործունեությունը, նույն ամսաթվի դրությամբ, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցված չի եղել:
Աջակցությունը տրամադրվում է միանվագ վճարի ձեւով՝ յուրաքանչյուր երեխայի համար 26 հազար 500 դրամի չափով, ծնողներից մեկի էլեկտրոնային դիմումի հիման վրա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սոցիալական ծրագրերը քննարկելիս չեն կարողանում հասնել այն սոցիալական շերտին, որը աշխատող, բայց աշխատանքը չգրանցած շերտն է: Հետեւաբար, ըստ Փաշինյանի, այդ աջակցությունը նման ընտանիքներում որոշ չափով խնդիրը կմեղմի:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ