Դիզայներ Սթիվ Բրուքսը Լոնդոնում աշխատանքի գնալուց մտածում էր կորոնավիրուսի մասին, մասնավորապես, թե ինչ սարք կարող է ստեղծել ինքը, որը հնարավորություն կտա առանց հպվելու բացել դուռը:
Խնդիրը լուծելու համար Բրուքսը, որը կահույք արտադրող ընկերության սեփականատեր է, ստեղծեց այսպես կոչված հիգիենիկ կեռիկ, որը ունի հարթ մակերես, հեշտ է մաքրվում և տեղավորվում է գրպանում: Ինչպես հաղորդում է Reuters-ը, սա այն հարյուրավոր գաջեթներից մեկն է, որոնց նպատակն է օգնել կանխելու կորոնավիրուսի տարածումը: Աշխարհը հարմարեցնում է գոյություն ունեցող արտադրանքները կամ ստեղծում նորերը` օգնելու պայքարել համավարակի դեմ կամ մարդկանց կյանքն ավելի հեշտացնելու համար, որոնք այս օրերին աշխատում են տնից կամ գտնվում են հիվանդանոցներում կամ էլ կարանտինի մեջ են:
Նորամուծություններն են առաջարկում այնպիսի խոշոր և հայտնի ընկերություններ, ինչպիսիք են Ford-ը, Airbus-ը, լյուքս դասի ապրանքներ արտադրող LVMH-ը: Օրինակ` Կալիֆոռնիայում տեղակայված CAD Crowd դիզայներական ընկերությունը 2 շաբաթ առաջ մրցույթ է հայտարարել` ստեղծելու պրակտիկ սարքեր, որոնք հարմարեցված կլինեն կորոնավիրուսին: Արդեն ավելի քան 65 առաջարկ են ստացել, օրինակ` դաստակի վրա ամրացված ախտահանող հեղուկացիր, սարք, որը թույլ է տալիս առանց հպվելու բացել մեքենայի դուռը և այլն:
Իսկ Սիեթլում երեք ընկերներ ստեղծել են հատուկ թևնոց, որի շնորհիվ մարդիկ չեն դիպչում դեմքին, մազերին, եղունգներին:
Կարդացեք նաև
Արհեստական ինտելեկտի հիման վրա մշակված Scylla կոչվող անվտանգության համակարգը, որի նպատակն է կրճատել հանցագործությունների թիվն աշխարհում՝ նախապես կանխատեսելով դրանք, ևս կենտրոնացել է կորոնավիրուսի վրա: ԱՄՆ-ում ընկերության գլխավոր տեխնոլոգ Արա Ղազարյանը նշել է, որ իրենք արհեստական բանականության ծրագրային ապահովման միջոցով չափում են մարդկանց ջերմությունը, սարքն ահազանգ է ուղարկում եթե ջերմություն է ֆիքսում: Ծրագրային ապահովումը կարող է օգտագործվել հանրային վայրերում, ինչպես օրինակ հիվանդանոցներում, օդանավակայաններում, գրասենյակներում: Ղազարյանի խոսքով` հարավամերիկյան պետություններից մեկը 5000 օրինակի պատվեր է տվել:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ