Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Թորոսյան. «Համակարգն արագ է ծավալվում, կարծես պատերազմական դրության ժամանակ»

Ապրիլ 02,2020 13:55

Ապրիլի 1-ին իրականացվել է 328 նմուշի հետազոտություն, որից 92-ը կորոնավիրուսի դրական արդյունք է եղել, նրանցից կեսից ավելին եղել են մեկուսարանում՝ ինքնամեկուսացված կամ շփված են եղել նախկինում հաստատված դեպքերի հետ: Այսօր այս մասին հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա նշեց, որ կան վիրուսի նոր օջախներ, բերովի նոր դեպքեր՝ դրսից ՀՀ ժամանած մեր հայրենակիցների միջոցով: Թորոսյանն ասաց, որ նրանց վաղ են հայտնաբերել, շփման շրջանակը պարզվում է, եւ նրանց շփման շրջանակը, Թորոսյանի կարծիքով՝ շատ լայն չէ:

«Սակայն, հաշվի առնելով այս թվերը, պետք է առավել քան զգոն լինենք: Պետք չէ խուճապի մատնվել, բայց հորդորները՝ տեղաշարժման, հիգիենայի պահպանման մասին, պետք է հետեւել, հնարավորինս քիչ շփվեք»,-ասաց նախարարը: Նրա փոխանցմամբ՝ կանոններին խիստ հետեւելով է հնարավոր կոտրել վարակի տարածումը:

Նախարարն ասաց, որ երեկ դուրս են գրվել առողջացած 2 քաղաքացիներ: Նա հույս ունի, որ գնալով կավելանա առողջացումների թիվը, քանի որ մոտենում է 14- օրյա ժամկետի ավարտը:

Ըստ Թորոսյանի, կան 16 հյուրանոցներ եւ հանգստյան տներ, որտեղ վարակակիր քաղաքացիներն են պահվում, մի մասի մոտ հիվանդացությունը թեթեւ է ընթանում, մի մասն էլ նրանց հետ կոնտակտավորներն են: Նախարարն ասաց, որ հսկայական միջոցառումներ են անում՝ ամեն հյուրանոցը հատուկ անձնակազմ ու մասնագետներով ապահովելով. «Համակարգն արագ է ծավալվում, կարծես պատերազմական դրության ժամանակ, նոր հզորություններ են մոբիլիզացվում թշնամուն դիմակայելու համար: Մեր դեպքում էլ այսպիսի ռեսուրսներ են մոբիլիզացվում»,-ասաց նախարարը:

Բժշկական 9 կենտրոններ ամբողջությամբ ներգրավված են, Թորոսյանի խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պայքարում, որից ամենամեծը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչն» էլ վաղվանից իր վրա կվերցնի բեռը: Սա ՀՀ-ում ամենաշատ մահճակալներ ունեցող ԲԿ-ն է: Նախարարն ասաց, որ միայն ստացիոնարի մասնաշենքն են ներգրավվելու այս գործընթացում, հիվանդանոցի պոլիկլինիկան ու ծննդատունն աշխատելու են, սրանց մասնաշենքերը աշխարհագրորեն հեռու են եւ վարակի ներթափանցման վտանգ, ըստ նախարարի, չկա: Կան հիվանդանոցներ, որոնք զրոյից նախապատրաստվել են համավարակի դեմ պայքարին:

Ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում ապրիլի 1-ին կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 663 է:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930