Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. Հայ ժողովուրդը պետք է վստահ լինի, որ, այո՛, Արցախյան ազատամարտի առաջին սերնդի մեր ներկայացուցիչներին եկել է համալրելու նոր սերունդը, որը նույնքան վճռական պատրաստ է կանգնել սեփական հայրենիքի պաշտպանության դիրքերում

Ապրիլ 02,2020 13:44

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներածական խոսքը կառավարության նիստում

«Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Հույս ունեմ՝ բոլորդ առողջ եք:

Հարգելի գործընկերներ, այսօր 2016 թվականի Ապրիլյան չորսօրյա պատերազմի 4-րդ տարելիցն է: Ես առաջարկում եմ, որ մենք մեկ րոպե լռությամբ հարգենք մեր բոլոր զոհերի հիշատակը…

Շնորհակալություն:

Հարգելի գործընկերներ,
2016 թվականի ապրիլյան պատերազմի վերաբերյալ կան ամենատարբեր գնահատականներ, ամենատարբեր կարծիքներ, բայց կարծում եմ, որ պատերազմը, տեղի ունեցածը տվեց հարցերից թերևս ամենակարևորի պատասխանը: Իսկ հարցը հետևյալն էր, թե անկախության սերունդը որքանով է ի վիճակի պաշտպանել սեփական հայրենիքի անվտանգությունը և ինքնիշխանությունը: Եվ, կարծում եմ, այդ պատասխանը պերճախոս կերպով տրվեց, որովհետև մեր անկախության սերնդի զինվորները՝ իհարկե, ոչ միայն նրանք, բայց մեր անկախության սերնդի զինվորները, երիտասարդները դարձան անօրինակ սխրանքների հեղինակներ՝ սրանով, ի վերջո, իսկապես պատասխանելով հարցերից թերևս ամենակարևորին: Եվ Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը, հայ ժողովուրդը ընդհանրապես պետք է վստահ լինի, որ, այո՛, Արցախյան ազատամարտի առաջին սերնդի մեր ներկայացուցիչներին՝ հայրենիքի պաշտպաններին, եկել է համալրելու նոր սերունդը, որը նույնպես, գուցե ոչ նույնկերպ, բայց նույնքան վճռական պատրաստ է կանգնել սեփական հայրենիքի պաշտպանության դիրքերում, և սա կարծում եմ՝ այլևս կասկածի տակ չէ:

Հարգելի գործընկերներ,
երկրորդ թեման, որին այսօր ուզում եմ անդրադառնալ, Արցախում տեղի ունեցած խորհրդարանական և նախագահական ընտրություններն են: Ես ուզում եմ Արցախի ժողովրդին շնորհավորել, մեզ բոլորիս շնորհավորել տեղի ունեցած ընտրությունների առիթով: Եվ ես կարծում եմ, որ տեղի են ունեցել բարձր որակի ընտրություններ, և դրա մասին վկայում են ընտրությունների պաշտոնական արդյունքները: Արձանագրենք, որ նախագահական ընտրությունների հանգուցալուծումն առաջին փուլով տալու համար թեկնածուներից մեկին՝ «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանին, նախնական արդյունքներով չի հերիքել ընդամենը մի քանի հարյուր ձայն, և ես կարծում եմ՝ այս փաստն ինքնին բավական խոսուն է: Բավական խոսուն է նաև նախագահի թեկնածուների և խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի աննախադեպ մեծ թիվը, և բավական խոսուն է այն փաստը, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրել են ոչ թե իշխանական, այլ ընդդիմադիր ուժեր: Եվ ես կարծում եմ, որ Արցախում ժողովրդավարության հետագա զարգացումը կարևոր է նաև հարցի արդարացի կարգավորման և մեր տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովման տեսակետից:

Եվս մեկ տեղեկատվություն եմ ուզում տալ, այս անգամ տնտեսական բնույթի և տեղեկացնել, որ 2019 թվականի բյուջեի եկամուտներն առաջին եռամսյակի տվյալներով գերակատարվել են 8,9 մլրդ դրամի չափով, և այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշները նախորդ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշներին գերազանցում են 49,5 մլրդ դրամով կամ 16,5 տոկոսով: Այս ցուցանիշներն ավելի կընդգծվեն, եթե ասենք, որ իրենց հերթին հարկային հավաքագրումների 2019 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշները 2018 թվականի նկատմամբ ավելի են եղել 60,5 մլրդ դրամով կամ 25,3 տոկոսով: Այսպիսով, կարող ենք ասել, որ մենք ճգնաժամի եզրին փաստորեն բավական լուրջ գերակատարումներ ենք ունեցել և 2018 թվականի համեմատությամբ 2020 թվականի առաջին եռամսյակի եկամուտներն ավելացրել ենք ավելի քան 100 մլրդ դրամով:

Եվ կարծում եմ, իհարկե, բոլորիս հայտնի է, և բոլորս գիտակցում ենք, ցավոք, որ կորոնավիրուսի արդյունքում առաջացած ճգնաժամի պատճառով դեռ անորոշություններ շատ կան: Ակնհայտ է, որ մենք այս տեմպերը կկորցնենք: Բայց մեծ հաշվով 2019 թվականի և 2020 թվականի առաջին եռամսյակի տնտեսական տեմպերը վկայում են, ապացուցում են այն փաստը, որ կառավարության տնտեսական քաղաքականությունն արդյունավետ է, և մենք տիրապետում ենք տնտեսության զարկերակին: Իհարկե, ստեղծվել են նոր պայմաններ, նոր իրավիճակ, և ճգնաժամային իրավիճակում մենք պետք է նույնքան արդյունավետ կարողանանք տնտեսական որոշումներ կայացնել: Իհարկե, այս համատեքստում ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության բոլոր այն տնտեսվարողներին և քաղաքացիներին, ովքեր պարտաճանաչ վճարում են իրենց հարկերը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև Պետական եկամուտների կոմիտեին՝ հարկերի հավաքագրման գործը հաջողությամբ իրականացնելու համար: Եվ ուզում եմ կրկին ընդգծել, որ այս ճգնաժամը ոչ թե պետք է առիթ դառնա, որ մենք հարկային կարգապահությունը նվազեցնենք, այլ, ընդհակառակը, ճգնաժամի պայմաններում առավել ևս պետք է հարկային կարգապահությունը խստանա: Եվ ուզում եմ ասել, որ այն, այսպես ասած, շրջիկ խոսակցությունը, որ կա չէ՞, պտտվում են, չէ՞, այսպիսի խոսակցություններ, որ մարդիկ չեն աշխատում, իսկ դուք հարկեր եք պահանջում և հավաքում: Ուզում եմ կրկին ընդգծել որ հարկերը գոյանում են աշխատանքի, դրամաշրջանառության, եկամուտների և շահույթների առկայության պարագայում, այսինքն՝ գործնականում հնարավոր չէ հարկեր հավաքել այն մարդկանցից, ովքեր շրջանառություն և եկամուտներ չունեն: Իհարկե, կան որոշակի հաստատագրված հարկերի տեսակներ, բայց, ընդհանուր առմամբ նաև այդ հարկերի հավաքագրումն ապահովելու համար է, որ մենք լայն տնտեսական աջակցության ծրագրեր ենք իրականացնում, այդ թվում՝ սոցիալական աջակցության ծրագրեր ենք իրականացնում: Բայց ուզում եմ ասել, որ հարկային կարգապահությունը որևէ ձևով չպետք է թուլանա, այլ, ընդհակառակը, պետք է ուժեղանա, որովհետև առավել ևս այս ճգնաժամային շրջանում բոլոր ոլորտներում կառավարության գործունեության արդյունավետությունը կախված է առկա բյուջետային միջոցներից, և մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի 2020 թվականի բյուջեն կատարենք հնարավոր առավելագույն ծավալներով:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930