Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն եւս կպատրաստեն կորոնավիրուսով հիվանդներին սպասարկելու համար. Արսեն Թորոսյան

Ապրիլ 02,2020 13:20

Երեկ կատարված փորձանմուշների արդյունքում մի փոքր մեծ թիվ ունենք կորոնավիրուսի դեպքերի: Այսօր այս մասին կառավարության նիստում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա նշեց, որ արձանագրվել է 92 նոր դեպք եւ մեծ մասը կարանտինում են եղել: Նախարարի խոսքով, կան կորոնավիրուսի բերովի դեպքեր թե՛ ցամաքային, թե՛ օդային ճանապարհով, որոնց շփման շրջանակը պարզվում է, որպեսզի շարունակեն այն բոլոր գործողությունները, որոնք մինչ այժմ անում են:

«Այս պահի դրությամբ ունենք արդեն 16 հաստատություն, որտեղ հիմա պահվում են թե՛ դրական դեպքերը, թե՛ կոնտակտավորները, որոնք շփվել են հիվանդների հետ: Հայաստանում արդեն 9 բժշկական կազմակերպություն զբաղվում են գրեթե միայն կորոնավիրուսով պացիենտների բուժումով»,-ասաց նա: Ըստ նախարարի, դրանք են՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը, Օրթոպեդիայի ինստիտուտը, ՀՀ ոստիկանության հոսպիտալը, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ծննդատան մասնաշենքը, Արտաշատի բժշկական կենտրոնը, Գյումրու եւ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցները, Կապանի բժշկական կենտրոնի առանձին մասնաշենքը։

Ըստ Թորոսյանի, հաշվի առնելով թվերի ավելացումը, որոշում են կայացրել, որ նախարարության ենթակայությամբ գործող ամենամեծ բժշկական կենտրոնը՝ «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոնը նույնպես, պետք է զբաղվի այս խնդրով:

Նախարարն ասաց, որ վերակենդանացման բաժնի բուժառուները կտեղափոխվեն այլ հիվանդանոցներ, որպեսզի նրանց կյանքին վտանգ չսպառնա. «Դա մեզ թույլ կտա բավարար ժամանակ ունենալ մահճակալային ֆոնդ, որպեսզի բոլոր պացիենտները հոսպիտալացվեն»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մեկ օրվա տվյալով պետք չէ հետեւություն անել, բայց մենք դեպքերի աճի տեմպի որոշակի վտանգի առաջ ենք կանգնած: Փաշինյանի խոսքով, կարեւոր է, որ մենք թեստավորման քանակները մեծացնում ենք. «Մենք չենք ուզում հնարավորինս քիչ դեպք ախտորոշել»:

Վարչապետը նշեց, որ իրավիճակը դեռեւս վերահսկելի է: Ըստ Փաշինյանի կա երկու ծայրահեղություն, մեկը խուճապն է, որի կարիքը չկա, երկրորդ ծայրահեղությունը համատարած հանգստությունն է. «Մենք սկզբնական շրջանում կարողացանք կանխել խուճապային երեւույթները, բայց, ոնց հասկանում եմ, չափից ավելի շատ ենք կանխել այդ խուճապային երեւույթները եւ, հիմա, չենք կարողանում հանրությանը հետ բերել հավասարակշիռ վիճակի, քանի որ երկրում տիրում է համատարած հանդարտություն, հանգստություն, որը հոգեբանական տեսակետից լավ է, բայց համաճարակային տեսակետից պրոբլեմ է: Հենց այս հանգստությունն է, որ մեզ համար ստեղծում է վտանգ, որ վարակի տեմպը կավելանա»:

Փաշինյանը կոչ արեց՝ «Սիրելի հայրենակիցներ, ես խնդրում եմ այդքան հանգիստ մի վերաբերվեք այս պրոբլեմին»: Նրա խոսքով, ինչ-որ տեղ այդ հանգստությունը նույնիսկ հասկանալի է, որովհետեւ հիվանդների 80 տոկոսը նույնիսկ ջերմություն չունի: Ըստ նրա, եթե սա լիներ բոլորիս հայտնի վարակ, օրինակ՝ գրիպ, այդ 80 տոկոսին կասեին գնացեք տուն, թեյ խմեք եւ այլն, բայց, այդ 80 տոկոսին պահում են հաստատություններում, որպեսզի նրանք դուրս չգան ու այլ քաղաքացիների չվարակեն:

Վարչապետը եւս մեկ անգամ նշեց, որ ամենամեծ ռիսկի խումբը մեր տարեց քաղաքացիներն են եւ, սահմանափակումները չպահելով, առաջին հերթին վտանգի տակ ենք դնում նրանց. «Սակայն սա չի նշանակում, որ ավելի երիտասարդները երաշխավորված են վիրուսից»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930