Լրահոս
Օրվա լրահոսը

Ներքին և արտաքին աղբյուրների հաշվին COVID-19-ի որակյալ թեստերի մեծաքանակ ձեռքբերում. «Ժառանգության» առաջարկությունները

Ապրիլ 02,2020 13:35

Աշխարհին և Հայաստանին համակած համավարակը պարտադրում է հակաճգնաժամային կառավարման առաջնահերթ քայլեր: «Ժառանգությունը»,  գիտակցելով ընդհանուր աղետի հաղթահարման հրամայականը, ներքաղաքական և հանրային համախմբման   անհրաժեշտությունը, կառավարությանն առաջարկում է առաջնային հրատապ հետևյալ քայլաշարը:

Հակաճգնաժամային կառավարումն արդյունավետ կարող է լինել միմիայն քաղաքական և հանրային երկխոսության պայմաններում, որտեղ մենք վերջին շրջանում ակնհայտորեն թերացել ենք, այն կբացառի անարդյունավետ քննադատությունը, հարձակողական հռետորաբանությունը, միմյանց թիրախավորումը, ներքին թշնամիների որոնումը և հախուռն քայլերի պարտադրանքը: Իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված՝ մեր առաջարկները կարող են լրացվել և համադրվել:

Առայժմ վաղ է հստակ գնահատել թագավարակի բռնկման ու տարածման պատճառով աշխարհում և Հայաստանում խորացող ֆինանսատնտեսական և սոցիալական ճգնաժամի խորության և տևողության աստիճանը, սակայն ակներև է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է հաշվարկի պետության բոլոր ներքին և արտաքին պահուստային միջոցները, որպեսզի  հասկանա, թե ինչպես և որ ոլորտներում պետք է վերաբաշխել դրանք՝ նվազագույնի հասցնելու քաղաքացիներին, փոքր ու միջին տնտեսվարողներին բաժին ընկած բեռը և անխուսափելի կորուստները: Այս ամենը պահանջում է բյուջետային միջոցների խստագույն տնտեսում, պետական ծախսերի խելամիտ կառավարում:

  • Ներքին և արտաքին աղբյուրների հաշվին COVID-19-ի որակյալ թեստերի մեծաքանակ ձեռքբերում, որի շնորհիվ Հայաստանի սահմանային բոլոր կետերում Հայաստան ժամանած բոլոր անձանց կթեստավորենք՝ ներառելով բանակում, սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների արտադրության ու վաճառքի ոլորտներում ներգրավված անձանց: Այս կերպ կդանդաղեցնենք համավարակի տարածումը՝ իջեցնելով վարակվածների թվի աճը, որը պետք է քիչ, թե շատ համադրելի դառնա բուժվողների քանակի հետ:
  • Համավարակին արդյունավետ արձագանքող առողջապահական համակարգ ձևավորելու համար վերականգնել  թվացյալ բարորակման հիմքով լուծարված սանիտարահամաճարակային կայանները, հանրապետության գլխավոր համաճարակաբանի կառույցը՝ վերականգնելով և բազմապատկելով դրանց կարողությունները: Սանիտարահամաճարակային կայանները ընդգրկել հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, Արտակարգ իրավիճակների նախարարության  ենթակայության ոլորտներում:
  • Արագ վերանայել առողջապահության ոլորտում օպտիմալացում ենթադրող քայլերի հետևանքով փակված և միավորման ենթարկված կառույցներին վերաբերող ծրագրերը: Վերականգնել ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը, որի միացումը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին այս և համանման իրավիճակներում, ինչպես արդեն ապացուցվեց, ոչ միայն անհնար է, այլև վտանգավոր, ինչպես նաև օպտիմալացման ցանկից դուրս բերել մարզային բնակավայրերի փոքր ու միջին բուժկենտրոնները:
  • Համախմբել Հայաստանում և Հայաստանից դուրս գտնվող մեր բժիշկների ներուժը՝ կրտսեր և ավագ բժշկական ուսումնական հաստատությունների ավագ կուրսերի ուսանողներին, ինչպես նաև կենսաթոշակի անցած մասնագետներին հնարավորություն ընձեռելով իրենց ծառայություններն ի սպաս դնել համավարակի հաղթահարման տարբեր հարթակներում՝ հիվանդության ախտորոշումից, մինչև բուժում և կանխարգելում:
  • Բարձրացնել բուժաշխատողների ֆինանսական և սոցիալական ապահովության աստիճանը:
  • Պետական լրացուցիչ ֆինանսավորում հատկացնել վարակաբանության և դեղագործության ոլորտների գիտնականներին՝ խթանելով արդիական ուսումնասիրությունները բոլոր տեսակի վարակների դեմ դեղանյութերի, բուժսարքավորումների և պատվաստանյութերի  մշակման ասպարեզներում՝ հեռանկարում ունենալով պետբյուջեում ընդհանրապես գիտությանը հատկացվող ֆինանսավորման տոկոսի անշեղ բարձրացումը:
  • Համավարակի տարածման կանխարգելման աշխատանքների ողջ ժամանակահատվածում և դրա տնտեսական հետևանքների հաղթահարման ընթացքում դրսևորել քաղաքական կամք և հրաժարվել Երևանի քաղաքապետարանում, պետական կառավարման համակարգում պարգևատրումների և բարձրացվող աշխատավարձերի քաղաքականությունից:
  • Վերանայել պետական բյուջեի ծախսային հատվածը՝ կրճատելով պետական ծախսերի տեսակարար կշիռը: Պետական գնումների համակարգում հրաժարվել ոչ առաջնահերթ գնումներից (մեքենաների թարմացում, պետական կառավարման հիմնարկների շենք-շինություններում  պետական բյուջեի հաշվին իրականցվող ներքին հարդարման աշխատանքներ, միջհամայնքային ոչ ռազմավարական նշանակության ճանապարհաշինական աշխատանքների կրճատում և այլն):
  • Պետական բյուջեի ծախսային քաղաքականությունը վերանայման շնորհիվ տնտեսված միջոցներն ուղղել առողջապահության և կրթության բնագավառներ՝ ապահովելով նորագույն տեխնոլոգիաների ներդրում:
  • Դպրոցների ավարտական քննությունների և բուհական ընդունելության կարգը համապատասխանեցնել արտակարգ դրության թելադրանքին՝ հնարավորինս ճկուն դարձնելով դրանց անցկացման թե՛ ժամկետները, թե՛ ձևերը: Բուհերին տրամադրել որոշ ազատություն դիմորդներ ներգրավելու և նրանց ընդունելու գործընթացում՝ առավել խստացնելով հետագա ուսման առաջադիմության պահանջները:
  • Մշակել բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ձեռնարկություններին և քաղաքացիներին հատկացված և հատկացվելիք վարկերի սպասարկման միասնական փոխշահավետ մոտեցում՝ մարման ժամկետների հետաձգմամբ, տոկոսադրույքների նվազեցմամբ: Վերանայել վարկային պատմությունների ազդեցության բացասական մեխանիզմները:
  • Խորացնել և արագացնել Ռուսաստանի Դաշնության հետ ԵԱՏՄ շրջանակներում վարվող բանակցությունները վառելիքի և առաջին անհրաժեշտության ապրանքների գների վերանայման ուղղությամբ՝ միջազգային շուկայում կատարվող փոփոխություններին համապատասխան:
  • Եվրամիության անդամ երկրների, ԱՄՆ-ի և Չինաստանի հետ խորացնել փոխօգնության և տեղեկատվության փոխանակման արագ արձագանքման մեխանիզմները՝ գործի դնելով մեր դիվանագիտական մարմինների և սփյուռքյան կառույցների հնարավորությունները:
  • Մասնագետների հետ քննարկել ՀՀ պետական արտաքին պարտքի սպասարկման քաղաքականության վերանայման խնդիրը՝ չբացառելով դրանք սառեցնելու հնարավորությունը՝ ըստ անհրաժեշտության դիմելով շահագրգիռ միջազգային կառույցներին:
  • Հայաստանի վառելիքաէներգետիկ, տրանսպորտային և պարենային անվտանգության խնդիրների լայն մասնագիտական քննարկումներ նախաձեռնել պետական մակարդակով՝ մշակելու ոլորտային հակաճգնաժամային գործուն ծրագրեր՝ ներգրավելով փորձառու և շահագրգիռ անձանց և շրջանակների Հայաստանից և արտերկրից:
  • Արցախի Հանրապետության հետ միասնական հակաճգնաժամային գործողությունների ժամանակացույց և ճանապարհային քարտեզ մշակել՝ համախմբելով մեր ներուժը:

«Ժառանգություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930