«Դասր միշտ պետք է քաղենք, որովհետեւ մենք միշտ պետք է լինենք ամեն պահի պատրաստ: Ցանկացած իրադարձություն մեզ տալիս է նոր ուժ, համախմբվածություն ու նոր փորձ»,- այսօր Եռաբլուրում ասաց «Արծիվ 30 Արարատ»-ի մահապարտների փոխհրամանատար Եփրեմ Մարգարյանը: Նա ասաց, որ հակառակորդին պատասխանը տրվել է իրենց անակնկալ հարձակումների համար ու այնպես էլ չէ, որ շատ դասեր քաղելու տեղ ունենք:
Խոսելով ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքների մասին՝ Մարգարյանն ասաց. «Պաշտոնավորը երբեք զինվոր չի եղել: Նրանց գործը թղթաբանություն եւ թղթաբանական հետաքննությունն է: Ցանկացած պատերազմ, ցանկացած իրադարձություն ունի իր մութ կետերը, որոնք մի որոշ ժամանակ հետո են լուսաբանվում: Հանձնաժողովը պետք է մի փաստ արձանագրի՝ այն, որ մեր կորուստների գնով թեկուզ, բայց դուրս եկանք հաղթանակած»:
Այս օրերին սահմանի վրա լարվածություն է նկատվում: Ըստ Եփրեմ Մարգարյանի, միշտ էլ ապրիլ-մայիս ամիսներին հակառակորդի կողմից ակտիվություն է նկատվել. «Դա պայմանավորված է նրանով, որ նրանք ձմեռը կռիվ չեն սիրում, երբեք չի եղել դեպք, որ նրանք ձմեռը կռիվ հայտարարեն, միգուցե մրսկան են: Բայց ապրիլին միշտ էլ եղել է, նրանց մոտ ագիտացիա էլ կա, ապրիլը համարում են իրենց հաղթանակի ամիս: Նրանք, իրենց համարելով թուրքական ցեղերի շարունակողը, ապրիլի 24-ի եղեռն էլ եղավ, ապրիլին միշտ սադրանքներ են անում՝ կարծելով, թե դա մեծ հաղթանակ է իրենց համար: Իրենք այդ սադրանքներով հաղթանակ են տոնում, թե մենք միշտ կրակել ենք, պիտի միշտ ճնշողի, հաղթողի դերում լինենք: Բայց դա արդեն գիտենք, որ միֆ է»:
Ըստ Եփրեմ Մարգարյանի, ադրբեջանական բանակում մեծ պառակտում կա. «Ալկոհոլն այնտեղ շատ են օգտագործում, նարկոտիկը շատ են օգտագործում: Իրենց բանակում առանձնապես խիստ ռեժիմներ չկան, բարձիթողի վիճակ է, հիմնականում սպայական անձնակազմը հարբեցողներ են: Բազմիցս տեսել ենք մարտական դիրքերում, թե իրենց զինվորին ոնց են ծեծելով հանում, կանգնեցնում խրամատի գլխին, որ մեր դիպուկահարը խփի: Ու շատ է եղել, անգամ իրենց կողմից մեր կողմ անցածները, հանձնվողները, բոլորն էլ նույն բանն են պատմում, բոլորն էլ այդ ծեծուջարդի համար են փախնում: Մի-երկու բաժակ խմեցին՝ հանում կրակում են, իրենց վրա ոչ մեկը հաշիվ չի անում փամփուշտը»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարը՝ Եփրեմ Մարգարյանի ֆեյսբուքյան էջից