Աշխարհով մեկ իրավապաշտպանները ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ կառավարությունները փորձում են կորոնավիրուսի դեմ պայքարն օգտագործել որպես պատրվակ` ընդդիմության, ԶԼՄ-ների դեմ ճնշումներն ուժեղացնելու կամ չափից դուրս լայն լիազորություններ ստանալու համար: BBC-ի ռուսական ծառայությունը ներկայացնում է մի քանի այդպիսի օրինակ, որոնց թվում են Հայաստանը, Ադրբեջանը, Ղրղըզստանը, Բելառուսը, Թուրքիան, Հունգարիան և Չինաստանը։:
Հայաստանին վերաբերող հատվածում նշվում է, որ մարտի 16-ին երկրի իշխանություններն արտակարգ դրության ռեժիմ և ԶԼՄ-ների համար մի շարք սահմանափակումներ են սահմանել: Նոր կանոնների համաձայն` կորոնավիրուսի մասին ցանկացած հրապարակում, ռեպորտաժ և նույնիսկ սոցիալական ցանցում գրառումները պետք է պարունակեն միայն իշխանությունների տրամադրած տվյալները, ընդ որում` «ամբողջովին արտացոլելով պաշտոնական տեղեկատվությունը», այսինքն` առանց խմբագրման: Իսկ այն դեպքում, եթե լրատվամիջոցը որևէ տեղեկատվություն տա համավարակի մասին` առանց պաշտոնական աղբյուրներին հղում կատարելու, պարտավոր է տվյալ խնդրի վերաբերյալ հրապարակել պաշտոնական հայտարարություն կամ հերքում ստանալուց կամ հրապարակելուց երկու ժամվա ընթացքում:
BBC-ի փոխանցմամբ` Հայաստանում ոստիկանությունը հաճախ ճնշում է գործադրում լրագրողների վրա, որոնք լուսաբանում են կորոնավիրուսի թեման: Օրինակ, լրագրող Մարինե Խառատյանը պատմել է, որ ոստիկանությունը եկել է իրենց տուն և պահանջել ջնջել ֆեյսբուքյան գրառումը` Հայաստանում գործող գործարաններից մեկի վերաբերյալ: Լրագրողի տվյալներով` գործարանի ղեկավարությունը պահանջել է, որպեսզի աշխատակիցները ներկայանան աշխատանքի նույնիսկ եթե ունեն հիվանդության ախտանիշներ: Իսկ հանրային հեռուստատեսությունն էլ ստիպված է եղել ջնջել հոդվածը, որում մեջբերվել էր CNN-ի հաղորդագրությունն այն մասին, որ Իրանում յուրաքանչյուր 10 րոպեն մեկ կորոնավիրուսից մահանում է 1 մարդ:
Հայաստանի իշխանությունների գործողությունները քննադատել է ԵԱՀԿ-ն և Լրագրողներ առանց սահմանների միջազգային կազմակերպությունը: Որոշ ժամանակ անց իշխանությունները թույլ են տվել միջազգային պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկատվություն հրապարակել կորոնավիրուսի մասին։ Բոլոր այս սահմանափակումները վերաբերում են միայն կորոնավիրուսի հետ կապված հրապարակումներին։ Այլ թեմաներով նյութերը գրաքննության չեն ենթարկվում` գրում է BBC-ին:
Կարդացեք նաև
Անդրադառնալով Ադրբեջանում ստեղծված իրավիճակին` լրատվամիջոցը հիշեցնում է, որ երկրի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ «հինգերորդ անիվը» և «ազգային դավաճանները» կարող են օգտվել կորոնավիրուսի համավարակից սադրանքներ հրահրելու համար և ընդդիմությանը մեղադրել էր «անկարգություններ եւ խուճապ» տարածելու փորձերի մեջ։ Նախագահի այս հայտարարությունից հետո երկրում զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել: Ադրբեջանում նախկինում էլ ձերբակալվել են ն ընդդիմադիրներ, իրավապաշտպաններ և լրագրողներ։ Նրանց մի մասը երկարի տարիների ազատազրկման են դատապարտվել։ Տեղի իրավապաշտպանների տվյալներով՝ երկրում այսօրվա դրությամբ ավելի քան 100 քաղբանտարկյալ կա`հիշեցնում է BBC-ին ։
Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այստեղ սոցիալական ցանցերում կորոնավիրուսի մասին գրառումների պատճառով ձերբակալվել է ավելի քան 300 մարդ: Ընդ որում` ոստիկանությունը ճնշումներ է գործադրում ոչ միայն լրագրողների նկատմամբ: Օրինակ, մի քանի օր առաջ ձերբակալվել է բեռնատարի վարորդ, որը սոցիալական ցանցի իր էջում տեսաուղերձով քննադատել էր իշխանությունների գործողությունները` ուղղված համավարակը կանխելուն:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ