Բալանսավորված խորհրդարան, ժողովրդավարություն, պառլամենտական ընթացակարգեր: Սրանք այն կարևոր բաղադրիչներն են, որոնց բացակայությունը զգացվում է հերթական որոշումների ու դրանցով պայմանավորված քննարկումների ժամանակ:
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի փորձագետ Դավիթ Մաթևոսյանն այս համատեքստում մեկ այլ հանգամանք առանձնացրեց. «Այն մարդիկ, որոնք պատգամավոր են դարձել հեղափոխության արդյունքում, չունեն կուտակած քաղաքական կապիտալ, քաղաքական փորձ, հենց այսպիսի ճգնաժամային իրավիճակներում չեն դիմանում և տրվում են էմոցիաներին, պիտակավորումներին: Այսինքն, այս ամենը բնորոշ է հատկապես ոչ փորձառու քաղաքական գործիչներին, ինչը ևս նորություն չէ: Մենք գիտենք այս ամենի պատճառները, ընթացքը, և այդ ամենը մեր աչքի առաջ է տեղի ունեցել»:
Դավիթ Մաթևոսյանը միանձնյա քաղաքական համակարգի մասին է մատնանշում: «Մեր երկրում քաղաքական համակարգը հեղափոխությունից հետո փաստացի լուծարվել է, և կա միայն քաղաքական կապիտալ ունեցող մեկ մարդ՝ Նիկոլ Փաշինյանը: Եվ, հետևաբար, նրա լեգիտիմությունն այնքան բարձր է, որ իր իշխանության և խմբակցության ներսում որևէ մեկը չի կարողանում ընդդիմանալ նրան: Սա ակնհայտ էր և այլ կերպ լինել չէր կարող, քանի որ հեղափոխությունը ենթադրում է նաև այսպիսի վնասներ: Հույս ունենք, որ ժամանակի ընթացքում իրավիճակը կշտկվի: Եթե հաջորդ ընտրություններում կարողանանք ավելի բալանսավորված խորհրդարան, ավելի կայացած քաղաքական համակարգ ունենալ, գուցե որոշակի զսպումների և հակակշիռների համակարգ ստանանք: Բայց այս պահին այդ ամենը բացակայում է, չկա և չի կարող լինել, քանի որ տեղի է ունեցել հեղափոխություն, և ամեն ինչ պետք է հենց այդ տրամաբանության ներքո դիտարկել»,-ընդգծեց մեր զրուցակիցը
Փորձագետը շեշտեց՝ առհասարակ բոլոր երկրներում իշխանությունը կարծում է, թե միշտ ճիշտ է. «Իշխանությունը կարողանում է ընդդիմությանը լսել միայն այն պարագայում, երբ ստիպված է, երբ այլ տարբերակ չունի: Այսինքն, եթե հնարավոր է միանձնյա գործել և դրանից չունենալ քաղաքական կորուստներ, իշխանությունը միշտ գործելու է այնպես, ինչպես իրեն է հարմար: Այն քաղաքական իրավիճակը, այն համակարգը, որն այժմ առկա է մեզ մոտ, իշխանություններին ամբողջությամբ թույլ է տալիս գործել այնպես, ինչպես իրենք են ցանկանում: Բայց սա, իհարկե, կարճաժամկետ կոնտեքստում: Այլ է հարցը երկարաժամկետ առումով. երբ ամեն անգամ ինչ-որ նոր որոշում են կայացնում, որը թերի է, սխալ ու որի շուրջ որոշակի աղմուկ է բարձրանում, այս հանգամանքները բացասական էմոցիաներ են առաջացնում: Այս ամենը հավաքվում, կուտակվում է և ինչ-որ մի օր իր քաղաքական արտահայտությունն է ունենում:
Կարդացեք նաև
Հիշենք, որ նախկին իշխանություններն էլ էին շատ դեպքերում միայնակ գործում: Նրանք ունեին մեծամասնություն ու կարծում էին, որ միշտ ճիշտ են ու ոչինչ չի կարող բեկանել իրենց իշխանությունը: Բայց պատմությունը ցույց տվեց, որ փոքր-փոքր կուտակումները հավաքվում են և մի մեծ քաղաքական իրադարձության ժամանակ շատ ուժեղ և կոպիտ ձևով են արտահայտվում: Հետևաբար, կարծում եմ, կարճաժամկետ հատվածում ոչինչ չի խանգարելու իշխանություններին միանձնյա գործել, սակայն այդ ամենն իր հետևանքներն է ունենալու երկարաժամկետ հատվածում: Երկարաժամկետ հատվածն այս պարագայում հերթական խորհրդարանական ընտրություններն են լինելու»:
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: