Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ժամանակին ձեռառնոցի ու խուճապ էր համարվում կորոնավիրուսի մասին խոսելը, իսկ հիմա հակահամաճարակային պայքարի անվան տակ փորձում են սահմանափակել մարդկանց քաղաքական եւ քաղաքացիական ազատությունները. Արմեն Աշոտյան. «Հրապարակ»

Ապրիլ 02,2020 11:44

«Հրապարակ»-ը զրուցել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանի հետ։

– Հեռախոսները գաղտնալսելու եւ մարդկանց տեղորոշելու օրենքը եւս որակվեց որպես ուղիղ ճանապարհ դեպի ավտորիտարիզմ։ Համարո՞ւմ եք, որ ԵՄ-ն՝ Եվրոպան, մեզ դեռ կանդրադառնա։

– Միջազգային ինստիտուտներն ու միջազգային մամուլը պանդեմիայի շրջանակներում հաճախ են անդրադառնում այն երկրներին, որոնցում, օգտվելով համաճարակային իրավիճակից, իշխանություններն ուժեղացնում են իրենց լծակները եւ դրսեւորում ավտորիտար կառավարման էլեմենտներ։ Ավաղ, Հայաստանն արդեն նույնպես դասվում է այդ երկրների շարքին՝ այս կառավարության պատճառով։ Ամեն ինչ սկսվեց կարանտինի հայտարարման պահից ԶԼՄ-ների գործունեության սահմանափակումից։ Իսկ հետո արդեն այդ սկանդալային գաղտնալսման մասին օրենքի ընդունումով ավարտվեց։ Ինչպես գիտեք՝ մամուլի գործունեության հետ կապված հայաստանյան սահմանափակումներն արդեն հայտնվել էին միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում․ ԵԱՀԿ-ի կողմից եղան շատ կոշտ քննադատություն եւ կշտամբանք, ինչին ի պատասխան՝ այս իշխանությունները ստիպված էին որոշակի, ոչ ամբողջությամբ, բայց՝ մեղմել ԶԼՄ-ների գործունեությանը վերաբերող սահմանափակումները։ Վստահ եմ, որ Ազգային ժողովում զոռբայությամբ անցկացված խայտառակ օրենքը նույնպես մոտ ժամանակներում արժանանալու է միջազգային հանրության եւ համապատասխան կառույցների խիստ քննադատությանը։ Պատահական չէ, որ երբ պարետ Ավինյանը քննարկումների ժամանակ զեկուցում էր, նա հիշատակեց հենց ասիական երկրները։ Այդ երկրների փորձը ե՛ւ պետական կառավարման մոդելով, ե՛ւ ժողովրդավարության աստիճանով տարբեր է հայաստանյան քաղաքական տարածքից, եւ ուղղակի փոխառել չէր կարելի։ Հատկապես հաշվի առնելով, որ այդ՝ ասիական կոչված երկրների փորձը, լինի Հարավային Կորեան, թե Չինաստանն ու Իսրայելը, զուգակցվում էր այդ երկրներում բազմաթիվ նորարար-տեխնոլոգիական լուծումներով, ինչը Հայաստանի պարագայում իրատեսական չէ։ Վստահել աղվեսին հավաբուն, ազնիվ խոսք, չէր կարելի, եւ վստահ եմ, որ սա անձնական ազատությունների ու իրավունքների կոպտագույն խախտում է, որը չի կարող բացատրվել հակահամաճարակային միջոցառումներով եւ որը որեւէ իրական էֆեկտիվ ազդեցություն հիվանդացության իրական ցուցանիշների վրա ունենալ չի կարող։ Այս իշխանություններին պարզապես հիշեցնենք, թե ինչ անլուրջ էին վերաբերվում, վարչապետից սկսած, կորոնավիրուսային համաճարակին հենց ամենասկզբից։ Եվ, իրականում, Հայաստանում օրեցօր շատացող դեպքերը նախեւառաջ իրենց խղճին են եւ իրենց ապիկար կառավարման արդյունք են, հատկապես՝ այս տարվա փետրվար-մարտի սկիզբ ժամանակահատվածում չձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների հետեւանք։ Կարանտինը, արտակարգ դրությունը կավարտվեն, եւ կառավարությունը ստիպված է լինելու առերեսվել իր համար շատ տհաճ հարցերի։ Թե ինչու ժամանակին ձեռառնոցի ու խուճապ էին համարվում կորոնավիրուսի մասին խոսելը, իսկ հիմա իրենք Հռոմի պապից ավելի կաթոլիկ կեցվածքով, հակահամաճարակային պայքարի անվան տակ փորձում են սահմանափակել մարդկանց քաղաքական եւ քաղաքացիական ազատությունները։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930