Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մուշի միջադեպը հատուկ քաղաքականացվում է. Վահրամ Պողոսյան

Ապրիլ 02,2020 11:29

«Այդ մարդիկ հաշտ-համերաշխ են: Առավոտյան մեր ընկերների հետ այլ թեմայով զրույցի ընթացքում նաեւ այդ միջադեպ կոչվածի մասին խոսք եղավ. իրականում սովորական կենցաղային վեճ է եղել, որը հատուկ քաղաքականացվել է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

Երեկ ուշ երեկոյան, Արցախում դիտորդական առաքելություն իրականացնող «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել այն մասին, որ մտահոգված է Քաշաթաղի շրջանի Մուշ համայնքից ստացվող լուրերով: «Ըստ դրանց և շրջանառվող տեսանյութերի՝ գյուղապետ Պետրոս Ավետիսյանը քվեարկության օրվա ցերեկը շրջում էր գյուղով, որի ընթացքում գոռում էր «տենց մեկը չի ծնվել, որ ինձ դեմ գնա, առավել ևս՝ Արայիկին, տենց մեկը լինի՝ ոտերը կջարդենք»: Դրանից հետո, գիշերը. մի խումբ անձանց հետ ու ոչ սթափ վիճակում մոտեցել է ընտրական տեղամասին ու կռիվ սարքել, որից հետո փակել է «Միասնական Հայրենիք» կուսակցության վստահված անձի՝ Կովսական գնացող մեքենայի ճանապարհը, հարվածել մեքենային»:

Գյուղապետին եւ միջադեպի մյուս մասնակիցներին բերման են ենթարկել ոստիկանության բաժին, ապա ազատ արձակել. «Քրեական գործ դեռ հարուցված չէ, հաղորդումը քննվում «երկու կանանց կողմից գյուղապետի վրա հարձակման» ուղղությամբ: Նշված տեղեկությունները հաստատվում են չորս տարբեր աղբյուրներից (մեկը իմ հին գործընկերն է), իսկ տեսանյութերը առաջին մեկնաբանությունում են: Առավոտյան այս դեպքով ևս հանցագործության մասին հաղորդում կտանք՝ ԱՀ ՔՕ 147, 147.1 և 269-րդ հոդվածներով»:

Դանիել Իոաննիսյանը ապա եզրակացրել է. «Մարտունու քաղաքապետի կողմից կուսակցություններից մեկի ճանապարհը փակելու գործը եթե նորմալ քննվեր, այս դեպքը կարող է չլիներ: Ոստիկանության անգործությունը խթանում է հանցավորությունը»:

Անդրադառնալով նույն թեմային, ավելի ուշ, «Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը պարզաբանել էր , որ այդ միջադեպը որեւէ կերպ չի կարելի անվանել «Ազատ հայրենիք» կուսակցության քաղաքական թիմի եւ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի միջեւ քաղաքական բախում. «Նախ՝ դիտելով այդ տեսանյութը՝ պարզ երևում է, որ դրանում քաղաքական ոչ մի ենթատեքստ չկա, և ընդամենը մի քանի գինովցած երիտասարդի քաշքշուկ է:

https://www.facebook.com/harutyun.karapetyan/videos/pcb.2803249753057100/2803249353057140/?type=3&theater

https://www.facebook.com/harutyun.karapetyan/videos/pcb.2803249753057100/2803249206390488/?type=3&theater

https://www.facebook.com/harutyun.karapetyan/videos/pcb.2803249753057100/2803249069723835/?type=3&theater

Երկրորդ՝ Մուշ համայնքի մեր կուսակցական ընկերներից հավաստի տեղեկություն ստացա, որ դեպքը տեղի է ունեցել երեկ և դրանում ներգրավված երիտասարդները քաղաքական ոչ մի կողմնորոշում չունեն, առավել ևս՝ դեպքը ոչ մի քաղաքական ուժի կամ նախագահի թեկնածուի գրասենյակում կամ նախընտրական շտաբում տեղի չի ունեցել:

Երրորդ՝ միջադեպով զբաղվում է ոստիկանությունը, և, մեր տեղեկություններով, արդեն համապատասխան ընթացակարգ են սկսել այդ առթիվ:

Չորրորդ՝ մենք դատապարտում ենք բռնության ցանկացած դեպք՝ անկախ պատճառներից ու կատարողներից:

Հինգերորդ՝ մենք դատապարտում ենք քաղաքական ենթատեքստ ունեցող ցանկացած սադրանք:

Վեցերորդ՝ դատապարտելի է նաև այն մարդկանց գործելաոճը, ովքեր, օգտագործելով իրենց հանրային կամ քաղաքական դիրքն, առանց ճշտելու փաստերն ու տեղեկությունները, միակողմանի աղբյուրներից ստացված տեղեկատվությամբ փորձում են, այսպես կոչված, մեղադրանքներ ներկայացնել քաղաքական որևէ ուժի կամ գործչի հասցեին: Մի՛ խաբեք ժողովրդին ձեր շահարկումներով ու մանիպուլյացիաներով»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930