Լրահոս
Օրվա լրահոսը

Գազի գնի փոփոխությունը պետք է սկսել ՀՀ քաղաքացու ինքնիշխանության ու արժանապատվության արժեքի փոփոխությունից, որը կստիպի «Գազպրոմ»-ին վերանայել վերաբերմունքը. «Ժամանակ»

Ապրիլ 02,2020 11:03

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը գազի գնի թանկացման հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որով նախատեսվում է գազի գնի թանկացում ներքին սպառողի համար:

Բանն այն է, որ 100 տոկոսով ռուսական «Գազպրոմ»-ին պատկանող «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հազիվ թե իրազեկ չլիներ, որ Հայաստանը ներկայացրել է այդպիսի առաջարկ: Ավելին, «Գազպրոմ Արմենիա»-ն հազիվ թե ընդհանրապես իրազեկ չլիներ կորոնավիրուսի ճգնաժամի, դրա տնտեսական հետևանքի, Հայաստանում սոցիալական լարման լուրջ խնդիրների, մթնոլորտի մասին: Մթնոլորտ, որտեղ ոչ միայն թանկացումներից խոսելն է անպատեհ ու անպարկեշտ թվում, այլ հակառակը՝ սոցիալական աջակցությունից չխոսելը: Ահա այդ պայմաններում, «Գազպրոմ Արմենիա»-ն հայտ է ուղարկում գազի գնի թանկացման համար, ու եթե անգամ այդ հայտի ներկայացումը, այսպես ասած, տեխնիկական քայլ է, այդուհանդերձ, դա բնորոշում է այդ կազմակերպության վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության և Հայաստանի քաղաքացիների հանդեպ, հանրապետության ու քաղաքացիների լայն խնդիրների և ընդհանրապես սոցիալ տնտեսական միջավայրի հանդեպ: Բարդ է ասել՝ «Գազպրոմ Արմենիա»-ն առկա իրավիճակում հայտն ուղարկելիս խորհրդակցե՞լ է այսպես ասած՝ մայր կազմակերպության՝ «Գազպրոմ»-ի ռուսաստանյան ղեկավարներից որևէ մեկի հետ, թե՞ ոչ, բայց այն, որ ցինիզմի համար պատասխնատվությունն ընկնում է նրանց վրա ևս, թերևս, անկասկած է:

Ի վերջո, «Գազպրոմ Արմենիա»-ի ղեկավարության վերաբերմունքը Հայաստանի և նրա ղեկավարության հանդեպ ձևավորվել է «Գազպրոմ»-ի վերաբերմունքով: Վերջինս էլ իհարկե ձևավորվել է Հայաստանի կառավարիչների, նախորդ կառավարման համակարգի կեցվածքի հիմքով, որում Հայաստանի ինքնիշխանությունն ու պետական արժանապատվությունը հաճախ ստորադասվել է զուտ իշխանական խնդիրներին, այդ թվում՝ «Գազպրոմ»-ի հետ հարաբերությունում: Ըստ այդմ, անկասկած է, որ փոփոխությունը՝ գնի փոփոխությունը, պետք է սկսել այդտեղից՝ Հայաստանի ու Հայաստանի քաղաքացու ինքնիշխանության ու արժանապատվության արժեքի փոփոխությունից, որը կստիպի «Գազպրոմ»-ին, ինչպես ընդհանրապես որևէ այլ պետության կամ տրանսազգային խոշոր կորպորացիայի, նախ վերանայել վերաբերմունքը Հայաստանի հանդեպ, և հետո ըստ այդմ դիտարկել Հայաստանի առաջարկները:

Առայժմ «Գազպրոմ Արմենիա»-ի հայտը վկայում է, որ ռուսական կողմը, համենայնդեպս, լուրջ առարկություններ է ներկայացնելու գազի սահմանային գնի նվազման Հայաստանի առաջարկին: Դժվարին գործընթացի ինչ գործիքակազմ ու խաղաքարտեր է ապահովել Հայաստանն իր համար: Հատկանշական է, որ Հայաստանը նախօրեին հարցը քննարկել է Բելառուսի նախագահի հետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցում: Այդ հարցում Բելառուսը այժմ Հայաստանի պոտենցիալ դաշնակիցն է, թեև այս դեպքում էլ կոնկրետ հարցում պետք է ընկերություն անել Լուկաշենկոյի հետ, սակայն առանց, այսպես ասած, փայտը ձեռքից գցելու:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930