Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Մշակել սահմանափակումների մանրամասները

Ապրիլ 02,2020 10:00

Այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում օրական կտրվածքով ապաքինվողների թիվը չի գերազանցում նոր վարակվածների թվին, պարետատունը պարտավոր է առնվազն ամեն շաբաթ, եթե ոչ ամեն օր խստացումների գնալ: Հակառակ դեպքում վարակի տարածման դանդաղեցումը, որը հիմա աշխարհում խնդիրների խնդիրն է, կձգվի երկար ժամանակով, որի ընթացքում կլինեն նոր զոհեր: Իհարկե, այդ խստացումները պետք է լինեն բանական եւ իրագործելի:

Հեռախոսի միջոցով մարդկանց տեղաշարժին հետեւելու նախագիծը Հայաստանում չի աշխատի՝ ժամանակի եւ նյարդերի անիմաստ կորուստ է: Խնդիրն այստեղ մարդու իրավունքների սահմանափակումը չէ. դա, կրկնեմ, որոշ դեպքում անհրաժեշտ է, խնդիրը միջոցի անարդյունավետությունն է: Իզուր տեղը մարդկանց մոտ հավելյալ անհանգստություն են ստեղծում. երեկ տնից դուրս եկա աղբ թափելու, հեռախոսս թողեցի տանը՝ այդպիսով իրականացնելով «չվերահսկվող» եւ «չգրանցված» տեղաշարժ:

Մարդկանց տեղաշարժն, այո, պետք է սահմանափակել: Շրջաններից մայրաքաղաք զբոսանքի եկողներին կամ Երեւանի փողոցներում պարապ թափառողներին պետք է ուղարկել տուն: Գուցե անհրաժեշտ լինի Վրաստանի օրինակով ուշ երեկոյան եւ գիշերվա ժամերի համար հաստատել պարետային ժամ, իսկ 70-ն անց մարդկանց ընդհանրապես արգելել տանից դուրս գալ: Բայց այստեղ էլ պետք է գործել բանականության սահմաններում: Խոսքը, մասնավորապես, միջմարզային տեղաշարժի մասին է: Ես ապրում եմ Զովունիում՝ Կոտայքի մարզ, որտեղ չկան փոխանակման կետեր, բանկոմատներ եւ գրեթե չկա նաեւ քարտային առեւտուր: Բացի այդ, որոշ ոչ պարենային ապրանքներ ես կարող եմ գնել միայն Երեւանից, եւ, հետեւաբար, պետք է հնարավորություն ունենամ գոնե շաբաթը մեկ անգամ հատել մայրաքաղաքի սահմանը: Ինչպես անել, որ ես դա անեմ շաբաթը 1 եւ ոչ թե 10 անգամ՝ դա նույնպես կարելի է կարգավորել: Ճիշտ է, դա պետությունից որոշ հավելյալ ջանքեր եւ ռեսուրսներ է պահանջում: Բայց հակառակ դեպքում մարդիկ կդիմեն ինչ-որ հնարքների, կեղծ փաստաթղթեր կսարքեն եւ այլն, որպեսզի արգելքը հաղթահարեն:

Բացի այդ, պետք է մտածել նաեւ այն մարդկանց մասին, որոնք ապրում են Երեւանից դուրս, բայց աշխատում են մայրաքաղաքում կամ ապրում են 7-րդ մասիվում, Չարբախում, Հարավ-Արեւմտյան թաղամասում, ու պիտի գան կենտրոն: Նրանց մեջ հաստատ կան մարդիկ, որոնք մեքենա չունեն, կամ չեն կարող ամեն օր մեքենա վարել ու չեն էլ կարող ամսեկան, ասենք, 60 հազար դրամ ծախսել տաքսիների վրա: Թողնել ամեն ինչ գործատուների վրա՞, թե՞ այստեղ պետք է պետության միջամտությունը:

Մի խոսքով, ընդհանուր առմամբ պետության ռազմավարությունը ճիշտ է, բայց սահմանափակումների մանրամասները պետք է մշակել ավելի բծախնդրորեն՝ մարդկանց համար անհարկի անհարմարություններ չստեղծելու համար:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Մարդկանց՝ տնից դուրս չգալն այս պահին խիստ անհրաժեշտութիւն է, բայց ցաւօք սրտի կիսատ-պռատ է իրականացւում: Մարդիկ շարունակում են արհամարհել այն՝ վտանգելով բոլորիս առողջութիւնն ու մեր պետութեան կայունութիւնը: Տեսանիւթեր եմ դիտում, որ մարդիկ ուրախ-զուարթ տրամադրութեամբ բակերում ժամ են սպանում, դեռ մի բան էլ լրագրողին պատասխանում՝ «թէ մենք իւրայատուկ ազգ ենք, վիրուսը մեզ չի կպնի»: Սա անլուրջ հակագիտական ու ամբարտաւան մօտեցում է, ու այս ամէնի մեղաւորը կառավարութիւնն է: Մարդիկ պահի լրջութիւնը դեռ չեն ընկալել: Ամենախիստ միջոցներով բայց նաեւ մեծ տեղ յատկացնելով հանրային քարոզչութեանը՝ բակ առ բակ, շէնք առ շէնք պէտք է քարոզել, թէ ի՜նչ կը լինի, եթէ տանը չմնան ու շարունակեն մէկմէկու վարակել:
    ԿԸ ԼԻՆԻ ՍԱ. պարզ երեւում է, որ այս տեմպերով ապրիլ ամիսն էլ հայաստանցիները տանն են մնալու: Իսկ եթէ միջոցառումները կիսատ-պռատ լինեն՝ նաեւ մայիս ամիսը՝ շրջանցելով Զատիկը, Ապրիլի 24-ը, Մայիսի 8-9-ը:

    Այսօր մեր պետութեան համար 10 օր չաշխատելը լրջագոյն խնդիր է, ուր մնաց 2 ամիսը: Հէ՛նց հիմա բազում ընտանիքներ սնանկացման եզրին են (եթէ արդէն՝ չեն): Նիկոլ Փաշինեանն այս տարրական բաները պիտի բացատրի, ոչ թէ «մեր կամքը քարից էլ ամուր է, մեր ոգին յանձնուել չգիտի»: Ու այսքանից յետոյ, տնտեսականից զատ, էլ չեմ խօսում նոյնիսկ առողջապահական խնդրի մասին, որ մարդիկ են մահանում:

  2. Tigran Mkhitaryan says:

    Կարևոր է լուծել բուժաշխատողների աշխատանքի վայր հասնելու հարցը, մեծամասնության աշխատավարձը այնքան բարձր չէ, որ տաքսիներից օգտվեն ։ Օրինակ ԱՆ կարող է վարձակալել պարապուրդի մատնված տրանսպորտային միջոցները։ Միաժամանակ որոշակի եկամուտ կապահովվի ուղևորատար կազմակերպությունների համար։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930