Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդն ընդամենը խաղազինվո՞ր է

Ապրիլ 02,2020 13:00

Հարցազրույց արձակագիր, «ԱՐԻ» գրական գործակալության հեղինակ Նարինե Կռոյանի հետ

– Օրվա հրամայական դարձած ինքնամեկուսացումը ձեզ՝ գրողներիդ կամ մշակույթի որոշ ոլորտների արվեստագետների համար, այդ թվում՝ նկարիչների, երաժիշտների եւ այլն, սովորական ստեղծագործական ընթացք է…

– Մեկուսացումը կամ ինքնամեկուսացումը, այնպիսի սոցիալական արարածի համար, ինչպիսին մարդն է, անբնական է, սակայն անհատի, հատկապես ստեղծագործող անհատի՝ նկարչի, երաժշտի, գրողի համար կարծում եմ՝ ինքնամեկուսացումը նաեւ կենսակերպ է, եւ այս դժվար ժամանակներում, երբ միմյանցից ֆիզիկապես մեկուսանալը ոչ միայն օրվա հրամայական է եւ այդ նույն ֆիզիկական գոյությունը պարզապես պահպանելու, չմեռնելու դեռեւս միակ նախապայմանը, մշակութային հարթությունում մեկուսացումը մտավորական մարդու համար նաեւ հոգեւոր, ստեղծագործ գոյությունը, սեփական դիմագիծը չկորցնելու, թերեւս, միակ փրկօղակն է:

Այսինքն՝ անհատի, անհատականության դրսեւորման համար սոցիումից, նրա կարծրատիպերից, տրամաբանված եւ անտրամաբանական կանոնակարգերից չվարակվելու համար մեկուսացումը ապրիորի անհրաժեշտություն էր եւ է:

Իհարկե, կորոնավիրուսի այս օրերին մեզ հասարակությունից տարանջատող պատերն այնքան նյութական են եւ օր օրի՝ կարծես սեղմվող, որ թվում է, թե հոգեկան շնչահեղձությունից մեռնելու հեռանկարն է սպառնում այլընտրանք դառնալ համաճարակին:

Սակայն ….

Եսասիրությունն ինքնասիրություն չէ. դու այնտեղ ես, որտեղ պիտի լինես, որովհետեւ հենց այդ պատերի ներսում է քո աշխարհը, որովհետեւ հենց այնտեղ են քեզ սիրում այնպիսին, ինչպիսին կաս, որովհետեւ քեզ սիրում եւ սիրելու են անկախ այն բանից՝ հիվանդ ես դու, թե առողջ: Ուրեմն՝ քեզ պարտադրված մեկուսացումը ընդունիր այդ նույն սիրով, թոթափիր եսասիրությանդ թմբիրը, միակը եւ անկրկնելին լինելուդ մարմաջը, որովհետեւ հենց դա է հիվանդությունը, իսկ կորոնավիրուսը… կորոնավիրուսը նույնիսկ կենդանի օրգանիզմ չէ, բջիջ էլ չէ. այն քեզնով է դառնում մարդասպան:

Իսկ եթե հենց այդ սպիտակուցի թագադրված կտորն է մեզ մարդ դարձնելու առաքելությունը ստանձնե՞լ, ուրիշի ցավն զգալու, կարեկից լինելու, քեզ նմանին ու աննմանին սատարելու՝ քեզ, մեզ մարդ դարձնող առաքելությունը:

Եվ այդ ամենը մի անուն ունի՝ ՍԵՐ:

Այն իրականում շոշափելի է, տեսանելի, որովհետեւ ՍԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ է:

Դու պատասխանատու ես այն մարդկանց համար, ովքեր քեզնից թույլ են, անպաշտպան, երբեմն՝ անպատասխանատու, ուրեմն՝ քեզ է տրված սիրելու շնորհը, որովհետեւ դու ես երկնում գույնն ու կտավը, մեղեդին ու խոսքը, այսինքն՝ ԲԱՆԸ, որ Աստծո մոտ էր, որ Աստված է:

ՍԵՐՆ է փրկելու մեր մեջ դեռ ծխացող մարդկայնության մնացորդները:

Սա պիտի հասկանանք:

Սա պիտի անենք, որպեսզի մարդ մնանք, դառնանք մարդ:

Սա է ճանապարհը եւ փրկությունը:

Սա է Աստծո պատկերն ու նմանությունը:

Ուրեմն՝ մնա տանը:

Պաթոսն առավել շատ եղավ իմ խոսքում: Չէի ցանկանա, սակայն այսօր, այս պահին ես այդպես եմ մտածում: Կներեք վերամբարձ ոճիս համար, եթե այն այդպիսին կհամարեք:

– 2019թ. հրատարակված ձեր վերջին՝ «Դանիելի գիրքը» վեպում սկանդալային լրագրող Դանիելի կերպարով վեր եք հանել կարծրատիպեր կոտրելու կարողությունը երկրային եւ երկնային կյանքում…

– Ի դեպ, «Դանիելի գիրքը» եւս սիրո մասին է: Մենք՝ մարդիկս, հոգեւոր, ինտելեկտուալ հասունացման աստիճաններ ունենք, որոնք, իմ կարծիքով, համապատասխանում են մեր պահանջմունքների մակարդակների տրամաբանությանը՝ ֆիզիկականից մինչեւ ինքնաիրացման պահանջմունքը, մինչեւ աշխարհում քո ոչ պատահական տեղի եւ դերի ընկալման գիտակցումը: Հենց այս ճանապարհն է անցնում իմ հերոսը՝ Դանիելը …. մեռնելուց հետո: Գիրքը պատմություն է հոգեւոր տրանսֆորմացիայի մասին՝ փոքր-ինչ արկածային, հումորով գրված, երբ անտրամաբանական է թվում, չի կարող լինել, քանի որ խոսքը գնում է մահվան մասին: Սակայն մահվան ընկալման հետ կապված մեր վախերը, այն ողջ նեգատիվը, որ սկզբնավորվում է դեռ մանկությունից, ընդամենը սուբյեկտիվ կենսափորձի հետեւանք են, որովհետեւ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ոչ ոք չգիտի, չի տեսել: Ես պարզապես համարձակվեցի երեւույթի իմ ընկալումը ներկայացնել վեպում:

Ապրելով գծված ու չգծված կանոնների, կարծրատիպերի, կարելիների եւ չիկարելիների փակուղիների մեջ, մենք դադարում ենք սիրել, դառնում ենք մեր իսկ ստեղծած փակ համակարգի զոհը, որտեղ մարդն ընդամենը խաղազինվոր է՝ զուրկ սահմանից այնկողմ տեսնելու, զգալու, մտածելու կարողությունից:

ՄԱՐԴՆ իրականում խաղատախտակի այդ անշունչ զինվորը չէ:

Դանիելին դա հաջողվում է անել մահից հետ՝ իր պահապան հրեշտակի՝ Սամուելի հետ շփման ընթացքում, երբ նրանք սովորում են սիրել, ուրեմն՝ պահպանել միմյանց, ուրեմն՝ ներել: Նրանք հասկանում են՝ այդպես կարելի է փոխել կյանքը ինչպես մահկանացու անթեւների, այնպես էլ թեւավոր անմահների աշխարհում:

Դանիելը, որ դեռ կենդանության օրոք բավականին սկանդալային լրագրող էր, բոլորիս նման իրեն դատավոր էր կարծում, ինքն էր որոշում ուրիշների ճիշտն ու սխալը, կյանքում՝ բարին ու չարը, լավն ու վատը, մինչեւ այն պահը, երբ ի՛ր համար սկսեցին որոշել ուրիշները, երբ ի՛ր մեղքերի համար սկսեցին դատել մեկին, ով իրականում ոչ մի մեղք չէր գործել:

– Մի՞թե այդ ամենը, այդ վերափոխությունը հնարավոր չէր անել դեռ ա՛յն կյանքի ընթացքում:

– Հնարավոր էր:

Եվ դրա համար այսօր մենք իսկապես փակված ենք ոչ թե նյութական, այլ մեր իսկ ձեռքով սարքած պատերի մեջ՝ անտարբերության, եսակենտրոնության, վաղն ավելի շատ ունենալու, քան այսօր ունենք՝ հոգեւոր ատավիզմի մեջ:

Իսկ եթե այսօր հենց այդ նյութական պետե՞րն են մեր փրկությունը …..

«Դանիելի գիրքը» իմ մտորումներն են մարդ մնալու բարդագույն խնդրի շուրջ, որտեղ լուծումը յուրաքանչյուրն իր համար պիտի գտնի, եթե, իհարկե, ուզում է այն գտնել:

«Դանիելի գիրքը» գրել եմ երեք տարի շարունակ, եւ ինձ տանջող հարցերի բացակայող պատասխաններն էին գուցե պատճառը, որ ես  մի օր առավել քան տարօրինակ երազ տեսա: Այն էսսեի ձեւով կկցեմ պատասխաններիս:

– Այսօրվա մեր կյանքը կարո՞ղ է առանցքային թեմա դառնալ ձեր հաջորդ ստեղծագործության համար։

– Ինչպե՞ս կարտացոլվեն այս դառը օրերն իմ գրականության մեջ կամ երբեւէ ես կանդրադառնա՞մ այս թեմային, եթե իհարկե՝ ողջ մնամ, չեմ կարող ասել, որովհետեւ արվեստը, գրականությունը եւ արարումն ընդհանրապես պլանավորել հնարավոր չէ, ՉԻ ԿԱՐԵԼԻ:  Ինչպես հնարավոր չէ պլանավորել հիացմունքդ, թախիծդ ու սերդ այս աշխարհում, տիեզերքում, ամեն օր, ամեն ժամ տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ:

Տեղի ունեցողը դեռ երեւույթների մակերեսին է, իմ բանականությունը սպունգի նման դեռ հախուռն ու անբացատրելի ներծծում է այդ ամենը, որպեսզի հասկանա, ֆիլտրի (իհարկե՝  սուբյեկտիվորեն) փորձության այս ժամանակների տրամաբանությունը, իրադարձությունների շղթան ու հանգրվանը, որին պիտի տանի այդ նույն տրամաբանությունը:

Մենք բոլորս իրականությունն արտացոլող հայելի ենք՝ ոմանք հարթ, ոմանք էլ նույնիսկ գերհարթ, ոմանք ծուռ, ոմանք գոգավոր կամ ուռուցիկ, բայց մենք այնպիսին ենք, ինչպիսին ենք, պարզապես պիտի սովորենք հարգել մեկս մյուսի ուռուցիկությունն ու գոգավորությունը, ծռությունն ու հարթությունը. ԱՅԴՊԵՍ ԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ … ինքներս մեզ:

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
01.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930