Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ալիեւը կամաց-կամաց աշխատեցնում է հին «գործիքակազմը»

Ապրիլ 02,2020 12:00

Տարիներ առաջ նման մթնոլորտը ձգվեց, իսկ արդյունքում 2016թ. ապրիլյան պատերազմ ունեցանք

Արցախում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Ադրբեջանն անցել է իրավիճակի լարմանը թե՛ հայ-ադրբեջանական սահմանին, թե՛ քարոզչական դաշտում:

Մարտի 30-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ. «Հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել, կորուստների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների հետեւանքով թեթեւ վիրավորում է ստացել երկու զինծառայող: Միաժամանակ հակառակորդը թիրախավորել է Բաղանիս եւ Ոսկեւան գյուղերը, ինչի հետեւանքով վիրավորում է ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ մեկ երեխա, որը այդ պահին գտնվել է պատշգամբում: Սահմանագոտում իրավիճակը կայունացնելու եւ ադրբեջանական զինված ուժերի, այս դեպքում՝ սահմանապահ ծառայության ուժերի՝ պանդեմիայի պայմաններում ձեռնարկած անպատկառ գործողությունները սաստելու նպատակով ՀՀ զինված ուժերը դիմելու են իրավիճակին համարժեք գործողությունների, ինչի հետեւանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:

Այնուհետեւ հաղորդագրություն տարածեց ՀՀ ԱԳՆ-ն՝ խստորեն դատապարտելով Ադրբեջանի կողմից իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին սրելու փորձերը, որոնց հետեւանքով վիրավորում էր ստացել Տավուշի մարզի Ոսկեւան համայնքի 14-ամյա բնակիչը եւ վիրավորվել՝ ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող: «Հրադադարի՝ որեւէ կերպ չհրահրված այս խախտումն որեւէ արդարացում չունի, հատկապես այսօր, երբ աշխարհի բոլոր երկրների բժշկական ռեսուրսները մոբիլիզացված են նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում: Այս գործողություններով Ադրբեջանը արհամարհում է միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ այս ժամանակաշրջանում զինադադարն անվերապահ պահպանելու եւ սադրիչ գործողություններից ձեռնպահ մնալու կոչերը: Այս ռազմական միջադեպը փաստում է, որ կամ ադրբեջանական կողմը չի վերահսկում սահմանին իր զինված ստորաբաժանումների գործողությունները, կամ գնում է իրադրության միտումնավոր սրման՝ կրելով դրա հետեւանքների ողջ պատասխանատվությունը»:

Հայաստանի արտգործնախարարության հայտարարության՝ «որեւէ կերպ չհրահրված» արձանագրումից տպավորություն է ստեղծվում, որ հայկական կողմի համար այս անգամ անակնկալ է ադրբեջանական կողմի պահվածքը, եւ նախկինում նախապես ադրբեջանական կողմը սադրանքների ու դիվերսիոն գործողությունների դիմելիս՝ նախօրոք տեղյակ էր պահում հայկական կողմին:

Բացի սահմանային լարվածությունը՝ ադրբեջանական կողմը նաեւ տեղեկատվական դաշտում է սկսել հարձակումներ:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնեց, որ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ իրականացրած անհաջող դիվերսիոն ներթափանցման փորձից հետո Ադրբեջանի համապատասխան ծառայությունները տեղեկատվական գրոհի են անցել՝ սոցիալական ցանցերի հայկական տիրույթում թիրախավորելով Նոյեմբերյանի շրջանում տեղակայված զորամասերը։ «Հայկական ջարդված եւ կեղծ օգտահաշիվներով ապատեղեկատվություն է տարածվում, թե իբր Նոյեմբերյանի շրջանում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում եւ ստորաբաժանումներում կորոնավիրուս է տարածվել։ Այս ապատեղեկատվությունը տարածում են տարբեր հայկական խմբերում։ Կոնկրետ սա տեղադրվել է արցախյան խմբերից մեկում, որը շատ արագ հեռացվել է խմբի ադմինի կողմից», -նշել էր ՊՆ խոսնակը՝ հորդորելով զգոն եւ ուշադիր լինել:

Արցախում նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից առաջ Ադրբեջանն ակնհայտորեն իր մասին հիշեցնելու քաղաքականություն է վարում՝ ակնկալելով միջազգային հանրության լռությունը եւ դրանով իսկ հայկական կողմի վրա հոգեբանական ճնշում գործադրելով: Այստեղ է, որ Հայաստանը միջազգային հանրության հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի, ՀԱՊԿ-ի եւ գործընկեր պետությունների հետ աշխատանքներ պետք է տանի՝ Ադրբեջանի պահվածքը դատապարտելու ուղղությամբ:

Ադրբեջանն, ինչպես ասում են, իր «ավանդական» գիծը տանում է: Արցախում բոլոր ընտրություններից առաջ մթնոլորտը շիկացնելու փորձեր Բաքուն մշտապես արել է: Այս անգամ էլ բացառություն չէ: Ադրբեջանին «օգնության» է հասել եղբայրական Թուրքիան: Անկարան արձագանքել է Արցախում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացմանն, այն՝ «միջազգային իրավունքի նորմերի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ոտնահարում» որակելով: Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունում ասվում է, որ այդ երկիրը չի ճանաչում «այդ անօրինական ընտրությունները» եւ իբրեւ դրանք խարխլում են Արցախում «կայուն խաղաղություն հաստատելու ջանքերը»:

Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում անցկացվող ընտրությունների վերաբերյալ հայ ժողովրդի հանդեպ այդ երկրի թշնամական քաղաքականության հերթական արտահայտությունն է, ի պատասխան հայտարարեց Հայաստանի ԱԳՆ-ն: «Հավատարիմ լինելով միջազգային փաստաթղթերի ընտրովի մեկնաբանության իր ավանդական դիրքորոշմանը՝ Թուրքիան մի կողմից վկայակոչում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւերը, մյուս կողմից՝ անտեսում վերջիններիս՝ անմիջականորեն տարածաշրջանի երկրներին ուղղված կոչը՝ ձեռնպահ մնալու ղարաբաղյան հակամարտության համատեքստում որեւէ թշնամական գործողություններից։ Մինչդեռ հենց նույն Թուրքիան է տասնամյակներ ի վեր ցամաքային շրջափակման ենթարկում Հայաստանի Հանրապետությանը եւ աջակցում է Արցախի ժողովրդի դեմ սանձազերծվող ագրեսիվ եւ վայրագ գործողություններին՝ այդ թվում 2016 թ. ապրիլին»: Հայտարարությունում հիշեցվում էր, որ 1992թ. մարտի 24-ի ԵԱՀԿ/ԵԱՀԽ այն որոշումը, որով հիմք է դրվել Մինսկի գործընթացին, հղում է կատարում Լեռնային Ղարաբաղի ընտրյալ ներկայացուցիչներին` որպես այդ գործընթացի մասնակից: «Ընտրյալ ներկայացուցիչներ ունենալու համար պետք է ունենալ ընտրություններ, եւ այդ տեսակետից Արցախում անցկացվելիք ընտրությունները ոչ միայն չեն հակասում, այլ բխում են խաղաղ կարգավորման տրամաբանությունից եւ դրա հիմքում դրված փաստաթղթերից: Թուրքիայի փորձերը հանդես գալու միջազգային իրավունքի պաշտպանի դերում եւ նրա կոչերը միջազգային համայնքին առավել քան սնանկ են՝ այդ երկրի կողմից ժողովուրդների իրավունքների եւ հարեւան երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ շարունակական ոտնձգությունների եւ միջազգային իրավունքի ու ժողովրդավարության նորմերը ոտնահարող ագրեսիվ քաղաքականության իրականացման լույսի ներքո»,-ամփոփվում էր ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը գործընկեր պետությունների, միջազգային կառույցների հետ բավական աշխատանք ունի իրագործելու: Արցախի ընտրություններից հետո ադրբեջանական կողմը, թերեւս, կշարունակի դեռ լարվածության փորձերը, հավանաբար ունենալով դրա համար նաեւ ներքին քաղաքական, սոցիալ-տնտեսական դրդապատճառներ: Ամեն պարագայում միջազգային հանրության համար բացատրական աշխատանքներ միանշանակ պետք է իրականացնել:

Հակառակ դեպքում՝ Ադրբեջանի իշխանությունն իր իսկ սանձազերծած հաճախակի լարվածությունն օգտագործում է այդ մթնոլորտը սովորական իրավիճակ դարձնելու եւ իր անպատժելիությունը որպես փաստ արձանագրելու ուղղությամբ: Տարիներ առաջ նման մթնոլորտը ձգվեց, իսկ արդյունքում 2016թ. ապրիլյան պատերազմ ունեցանք:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 01.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930