ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի շահերի պաշտպան Ամրամ Մակինյանի տեղեկություններով՝ Հայրապետյանի որդու դեմ քրեական գործի հարուցման գործընթաց է նախապատրաստվում:
«Իշխանությունները ոչ մի կերպ չեն կարողանում մարսել Ռուբեն Հայրապետյանին և տարբեր մակարդակներում տրված խոստումներին հավատարիմ՝ փորձում են ցանկացած գնով «ցավեցնել» նրան: Այս անգամ արդեն թիրախում Հայրապետյանի ընտանիքն է …
Ծուղակներ լարելու գործընթացը չի կանգնում…Ինչևէ, ժամանակն ամեն ինչ իր տեղը կգցի…»,- այս մասին փաստաբանը դեռ օրեր առաջ էր հայտարարել: Այսօր նա մեզ հետ զրույցում չցանկացավ մանրամասներ ներկայացնել, թե իր տեղեկություններով նախապատրաստվող քրեական գործն ինչ հիմքերով է. «Չեմ ցանկանում փակագծեր բացել, բայց խոսելու շատ բան կա: Խոսելու ժամանակը կգա, չեմ կարծում, որ դա սարերի հետեւում է: Շատ մանրամասն այդ մասին կխոսենք, կներկայացնենք ՝ որը որից հետո է: Իրավական կամ անունը չգիտեմ՝ ինչ դնենք գործընթացներին ինչ է նախորդել, ինչի, երբ, ոնց»:
Մակինյանի խոսքով, այս պահին Հայրապետյանի որդին դատավարական կարգավիճակ չունի. «Բայց որ գործընթաց է սկսվել, միանշանակ կարող եմ փաստել»:
Կարդացեք նաև
Մեր զրուցակիցը չհաստատեց AntiFake.am-ի տեղեկությունները, թե նախապատրաստվող քրեական գործը վերաբերում է մոտ 5 տարի առաջ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող ռեստորաններից մեկի մենեջերին, որն առանց Հայրապետյանների իմացության և առանց նրանց զգուշացնելու, գաղտնի կերպով տարեկան բիզնեսի վարկ է վերցրել այն ռեստորանի անունով, որի կառավարմամբ զբաղվել է այդ ժամանակ։ Ավելի ուշ բացահայտելով այս ամենը՝ Հայրապետյաններն այդ աշխատակցից պահանջել են մարել ռեստորանի անունով վերցված վարկը։ Աշխատակիցը կատարել է պահանջը և մարել առանց Հայրապետյանների իմացության վերցված վարկը։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ