Այս պահին Երևանում տեղի է ունենում գրոսմայստեր Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կաոիլիի հոգեհանգիստը:
Մասնակիցները փոքրաթիվ են, նրանց մեծամասնությունը դիմակներով է: Հոգեհանգստին մասնակցում են նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, իր տիկին Ռիտա Սարգսյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի 1-ին փոխնախագահ Սմբատ Լպուտյանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավորներ:
Հիշեցնենք՝ Արիաննե Կաոիլին ավտովթարի էր ենթարկվել մարտի 15-ին Երևանում։ Իր Lexus մակնիշի ավտոմեքենայով նա Սեբաստիա փողոցում բախվել էր «Երեքնուկի» կամրջի բետոնե հենասյանը։ Այդ պահին Լևոն Արոնյանը գտնվում էր Իսպանիայում, սակայն նրան հաջողվել էր վերադառնալ Հայաստան։
Վթարից հետո «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված Արիանա Կաոիլին նորից վերակենդանացման բաժանմունք էր տեղափոխվել, քանի որ թոքերի հետ կապված խնդիրներ էին առաջացել։
Կարդացեք նաև
Մինչև մարտի 31-ը բժիշկները պայքարում էին Արիաննե Կաոիլիի կյանքը փրկելու համար, սակայն մարտի 31-ին Լևոն Արոնյանն իր թվիթերյան էջում տեղեկացրեց, որ կինը մահացել է:
Արիանա Կաոիլին 33 տարեկան էր։ Ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհի ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ էր, 2016 թվականից՝ Երևանում լույս տեսնող «Ճամփորդ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը։ 2017 թվականի նոյեմբերի 21-ին Կարեն Կարապետյանը նրան նշանակել էր ՀՀ վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով։
Լևոն Արոնյանն ու Արիաննե Կաոիլին ամուսնացան 2017-ի սեպտեմբերի 30-ին: Նրանց հարսանիքի քավորը Սերժ Սարգսյանն էր:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ Ալեքսանդր Աբրահամյանի ֆեյսբուքյան էջի