Լրահոս
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյանի սխալն ու Ռուստամ Բադասյանի մեծ սխալը

Ապրիլ 01,2020 21:01

ՀՀ կառավարության նախաձեռնությամբ փոփոխվեց  «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը եւ կառավարությունը իրավունք ստացավ համաճարակի հետեւանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության դեպքում ծանոթանալ քաղաքացիների հանրային էլեկտրոնային հաղորդակցությանը:

Շատերը (նաեւ ես) չեն տեսնում ու չեն հասկանում, թե ինչ կապ կա համաճարակի դեմ պայքարի եւ քաղաքացիների շարժը վերահսկելու միջեւ: Հայաստանի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տեսնում եւ հասկանում է: Այս պահվածքով նա շատ նման է արդարադատության նախկին նախարար, ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանին:

2014-2017 ժամանակահատվածում Հրայր Թովմասյանը Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարն էր ու փոփոխեց լրագրողների հավատարմագրման կարգը: Ազգային ժողովում հավատարմագրվող լրագրողը պետք է լրատվամիջոցից նամակին կցեր սեփական բնակության վայրի հասցեն: Այն ժամանակ էլ շատերը (նաեւ ես) չէին տեսնում ու չէին հասկանում, թե ինչ կապ ԱԺ աշխատանքների լուսաբանման եւ լրագրողի բնակության վայրի միջեւ: Հրայր Թոմվասյանը տեսնում եւ հասկանում էր:

Եթե լրագրողն ԱԺ-ում իրեն անշնորհք պահի, կռիվ անի, կոտրի պատգամավորներից մեկի գլուխը, մյուսի քիթը, երրորդի հեռախոսը, չորրորդի աշխատասենյակի պատուհանը, հաստատ ծնող չեն կանչելու, իրեն են պատասխանատվության կանչելու, իսկ նման որակներով մարդուն ԱԺ գործուղած լրատվամիջոցից պահանջելու են խորհրդարան ուղարկել դաստիարակված մարդու: Լրագրողի բնակության հասցեն այստեղ պետք չէ: Բայց Հրայր Թովմասյանի սահմանած սխալ կարգը դեռ ուժի մեջ է, չի փոխվել անգամ հեղափոխությունից հետո:

Հիմա սեփական սխալն է պարտադրում Ռուստամ Բադասյանը: Համաճարակի դեմ պայքարում են բնակչության մի ստվար մասին թեստավորելու (ինչպես Հարավային Կորեայում), վարակվածներին մեկուսացնելու եւ բուժելու միջոցով: Քաղաքացիների էլեկտրոնային նամակագրությունն ու հեռախոսային խոսակցություններն այստեղ կապ չունեն: Հրայր Թովմասյանի սխալի արդյունքում պետական կառույցը՝ ԱԺ-ն, տեղեկացավ, որ այս կամ այն լրատվամիջոցում աշխատողներից քանիսն են Մալաթիա-Սեբաստիայից, քանիսը՝ Շենգավիթից եւ այլն: Աժ աշխատանքների լուսաբանման, լրագրողների որակների վրա ոչ մի ազդեցություն չեղավ: Ռուստամ Բադասյանի սխալի արդյունքում հնարավոր համաճարակի դեպքում բժիշկը կամ այլ մասնագետ պայքարի գործիք չի ստանալու, պետական կառույցները տեղեկանալու են թե ով ում հետ քանի անգամ է խոսել, հնարավոր են որոշ սիրային թաքուն կապերի բացահայտումներ եւ վերջ:

Պատմությունը կրկնվում է. Հրայր Թոմվասյանը վստահ էր սեփական անսխալականության մեջ ու արեց մի բան, որ շատերի սրտով չէր: Նույնն անում է Ռուստամ Բադասյանը: Մի տարբերությամբ՝ Ռուստամ Բադասյանի սխալը շատ ավելի մեծ դժգոհություն է ծնել ու հանրությանը ավելի մեծ վնաս է տալու:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930