Լրահոս
Օրվա լրահոսը

Այսպե՞ս են օգնում մանր ու միջին բիզնեսին (տեսանյութ)

Ապրիլ 01,2020 19:44

«Մի աղջիկ մտավ, մի երկու բան վերցրեց ու արագ դուրս եկավ…»,- պատմում է Զովունիում գտնվող միրգ-բանջարեղենի խանութի աշխատակից Վահան Հայրապետյանը: Այսօր, օրվա երկրորդ կեսին նրա խանութի մոտից սկսվել էր մեքենաների «հերթը». դեպի Երեւան եւ Երեւանից եկող մեքենաները ոստիկանները կանգնեցնում էին եւ ճշտում, թե դրանց վարորդներից ո՞վ իրավունք ունի քաղաք իջնելու կամ քաղաքից վերադառնալու, ով՝ ոչ:

Պարզվում է, պարետի որոշումը՝ գրանցման վայրի տարածքը չլքելու մասին, միայն շարքային քաղաքացիներին էր վերաբերվում, այնինչ Շենգավիթի հարկայինի աշխատակիցն իրավունք ուներ Զովունի գալու եւ խանութպանին տուգանելու: «Կոնկրետ չեմ հիշում՝ էդ աղջկա առեւտրի կտրոնը խփել եմ, թե չեմ խփել, բայց ինձ թվում ա՝ խփել եմ, որովհետեւ, երբ հարկայինի տեսուչն եկավ, ֆիսկալը հանեց, 1150 դրամ վրան խփած էր, ասում ա՝ չես խփել, ասում եմ՝ բա էս ի՞նչ 1150 ա, իր առեւտուրը կազմում էր հենց 1150: Տեսուչն ասում ա՝ նոր ես խփեցի, ասում եմ՝ ո՞նց զուգադիպեց, որ հենց էդ թիվը խփեցիր, կարող էիր ուրիշ թիվ խփել, չէ՞… ու տենց 300 հազար դրամի ակտ գրեցին, որ պետք է վճարեմ: Էդ աղջիկն իրենց հետ էր, մտավ, արագ-արագ վերցրեց, դուրս եկավ, ու տեսուչները մտան, թե՝ բարեւ ձեզ, Շենգավիթի հարկային տեսչությունից ենք… Բայց ես չգիտեմ, էս օրերին, էս դրության մեջ ինչի՞ են տենց բան անում, դրա լիազորությունն ունե՞ն: Նայեք՝ ես ինչ գներով եմ մթերքը վաճառում, ու պատկերացրեք, թե ինչ է ինձ համար էդ գումարը… չի լինում սենց բան: 300 հազարն այսօր հսկայական թիվ ա, շատ մեծ թիվ ա»,- պատմում էր Վահան Հայրապետյանը:

«Այս օրերին ահավոր պասիվ է առեւտուրը, մարդ չի մտնում համարյա: Բոլորի վիճակն է վատ, մարդիկ փող չունեն, արդեն մի ամիս է՝ չեն աշխատում: Ես էս բոլոր ապրանքներից աննշան շահույթ ունեմ, որովհետեւ ցածր գներով է ինձ մոտ ամեն ինչը, որ գյուղի մարդիկ կարողանան օգտվեն: Բացատրեցի իրենց, չհասկացան, ասում են՝ օրենք ես խախտել, պիտի տուգանքը վճարես: Սա ընկերոջս ԱՁ-ն է, ես գրանցված աշխատող եմ, հարկերը լրիվ վճարված, ամեն ինչ նորմալ: Անցած տարի հունիսին նորից ակտ էին գրել 150 հազար դրամ, դա վճարել եմ, հիմա ասում են՝ 365 օրը չի լրացել, դրա համար 300 հազար դրամ պիտի գրենք»,- շարունակում է վաճառողը:

«Իմ մոտի գները նայեք ու սուպերմարկետների գները նայեք: Որտեղի՞ց պիտի էդ 300 հազար դրամը տամ, չի հետաքրքրում ոչ մի բան իրենց… Մեծ սուպերմարկետներին «պրախոդ» են տալիս, մեր կոկորդին նստում»,-նկատեց Վահան Հայրապետյանը:

Իսկ այդ պահին խանութում գտնվող մեկ այլ հաճախորդ ենթադրեց. «Բա կառավարությունն ասել է, որ պիտի օգնի մանր ու միջին բիզնեսին, դրա համար էլ հիմա ձեզնից տուգանքները հավաքում են, որ հետո դրա մի տոկոսը հետ տան ձեզ, ասեն՝ տեսա՞ք, օգնեցինք… »:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930