Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը՝ դատարանի դահլիճում իր՝ մեղադրանքի կողմի համար նախատեսված հատվածում նստելու և կարգապահական վարույթի մասին

Ապրիլ 01,2020 18:50

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը Aravot.am-ի հարցին՝ միտումնավո՞ր է մարտի 17-ին դատարանի դահլիճում նստել մեղադրանքի կողմի համար նախատեսված հատվածում, ինչպես ԲԴԽ նախագահն է ներկայացրել իր դիմումում, չցանկացավ հստակ պատասխան տալ: Միայն ասաց. «Նախապես այդ մասին դիրքորոշում հայտնել կամ հակափաստարկներ ներկայացնել չեմ ուզում: Երբ վարույթը հրապարակային կլինի, այդ ժամանակ կանդրադառնանք»:

Հիշեցնենք՝ ՀՀ փաստաբանների պալատի (ՓՊ) նախագահ Արա Զոհրաբյանի 30.03.2020թ. որոշմամբ փաստաբաններ Հայկ Ալումյանի (արտոնագիր թիվ 284), Հովհաննես Խուդոյանի (արտոնագիր թիվ 2040) և Միհրան Պողոսյանի (արտոնագիր թիվ 1112) նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ՝ «Փաստաբանության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետի, ինչպես նաև Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.2.2 ենթակետի և 4.1 կետի խախտման հատկանիշներով:
ԲԴԽ նախագահն իր դիմումում նշել է. «Միհրան Պողոսյանը նստել է նախագահող դատավորի համար նախատեսված սեղանի դիմաց, Հովհաննես Խուդոյանը նստել է մեղադրանքի կողմի համար նախատեսված հատվածում, Հայկ Ալումյանը, սեղանին հարվածելով, աղմուկ է բարձրացրել, Հայկ Ալումյանը, Հովհաննես Խուդոյանը և Միհրան Պողոսյանը գտնվելով դատական նիստերի դահլիճում, ծաղրական վերաբերմունք են դրսևորել դատական իշխանության նկատմամբ, կազմակերպել են «դատավարություն» և կատարել նմանաբնույթ անհարգալից գործողություններ»:

Aravot.am-ի հետ զրույցում փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարեց՝  ԲԴԽ նախագահի լիազորությունների մեջ չի մտնում այդ ժանրում նամակագրությունը, Հովհաննես Խուդոյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նքն ինչ դիրքորոշում ունի, նա պատասխանեց. «ԲԴԽ նախագահը նաև ներկայացնում է ԲԴԽ-ին մնացած բոլոր մարմինների հետ հարաբերություններում: Ես այդ դիմումի բովանդակությունից ինքս չեմ հասկանում՝ դա իր անձնակա՞ն մոտեցումն է, թե՞ ամբողջ ԲԴԽ-ի կազմով համաձայնեցված է: Դա այն հարցերից է, որ ակնկալում ենք ստանալ նաև վարույթի ընթացքում: ԲԴԽ-ին ներկայացնելն այլ մարմիններում նրա լիազորությունների շարքում է, բայց ԲԴԽ անունից խոսել, երբ չկա ԲԴԽ համաձայնություն, դա արդեն, բնականաբար, միանձնյա լինել չի կարող»:

Հովհաննես Խուդոյանը նշեց՝ շատերը դեռևս ամբողջությամբ չեն տիրապետում, թե մարտի 17-ին ինչ է տեղի ունեցել ու շարունակեց. «Ու առանձին հատվածում տեղեկություն նաև այս վարույթի շրջանակում կհրապարակվի: Դա լրացուցիչ հարցեր կառաջացնի նաև հենց դիմումատուի համար, այդ հարցերի պատասխանները կցանկանանք ստանալ: Ընդհանուր ընթացակարգն այնպիսին է, որ գործընթացը նման է դատական պրոցեսի և նաև հրապարակային է»:

ԲԴԽ նախագահի դիմումում իր մասին ներկայացված փաստի մասին, այն դիտարկմանը մասին, թե փաստաբանները ծաղրական վերաբերմունք են ցուցաբերել դատական իշխանության նկատմամբ, Հովհաննես Խուդոյանն ասաց. «Այս արտահայտությանը հակադարձելու համար ինքս կարիք ունեմ որոշ հարցերի պատասխաններ ստանալ: Օրինակ՝ ինչպե՞ս է դա գնահատվել որպես ծաղրական վերաբերմունք, ի՞նչն է սրա ծաղրական: Կոնկրետ դատական խորհուրդը կամ այս պահին նախագահը ո՞նց են գնահատել դա ծաղրական, ինչպե՞ս է գնահատվում մեղադրյալի ենթադրյալ տեղը, այդտեղ նստելը որ կարող է դատավարության մասնակցի վիրավորել, դա արդեն վիրավորական հայտարարություն է փաստաբանների նկատմամբ: Սա նաև հասկանալ է պետք՝ ի՞նչ նկատի ունեն՝ դատավարության կազմակերպում ասելով, դատավարության կազմակերպելը ինչքանո՞վ է անհարգալից դատական իշխանության նկատմամբ: Այս հարցերի պատասխանները երբ ստանանք, մենք էլ կկարողանանք բովանդակային հակադարձել»:

Մեր հստակեցմանը՝ երբ մեղադրանքի կողմի համար նախատեսված հատվածում նստում էիք, չէի՞ք մտածում, որ գուցե դա շահարկվի, կամ նման բան անելը արդյոք թույլատրելի՞ է, նա պատասխանեց. «Եթե շահարկումների տրամաբանությունից նայենք, ապա ոչ մի բան չպետք է անենք, քանի որ ամեն ինչ կարող է շահարկվել թե′ տրամաբանության շրջանակներում, թե′ տրամաբանությունից դուրս: Կոնկրետ գործողություններ, որ կատարվել են դատական նիստերի դահլիճում կամ ունեցել ենք կոնկրետ նպատակ կամ ընդհանրապես որևէ բանի միտված չեն եղել: Այսինքն՝ մեր որոշ գործողություններ զուտ սպասողական վիճակի արդյունքում են եղել, իսկ որոշ գործողություններ հատուկ նպատակով են կատարվել ու կոնկրետ մասնագիտական գործունեության շրջանակներում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930