Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց Արցախի հեռուստառադիոընկերությունների կողմից Արցախի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների՝ փետրվարի 26-ից մարտի 31-ը տեղի ունեցած նախընտրական քարոզչության լուսաբանման սահմանված կարգի պահպանման վերաբերյալ մշտադիտարկման եզրակացությունը:
Հանձնաժողովն իրականացրել է քարոզարշավի լուսաբանում իրականացրած հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների ծրագրերի մշտադիտարկում՝ ավելի քան 16 000 եթերաժամ: «Հանձնաժողովը եզրակացրել է, որ հեռուստառադիոընկերությունների վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը փոփոխության չի ենթարկվել: Վճարովի եթերաժամանակի՝ խտրական սկզբունքով տրամադրման դեպքեր չեն հայտնաբերվել: Հանձնաժողովը կուսակցությունների ղեկավարների եւ թեկնածուների կողմից բողոքներ չի ստացել»,-տեղեկացրեց Միքայել Վիրաբյանը:
ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի պետական հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն էլ շեշտեց՝ Արցախի համապատասխան հանձնաժողովի այս մշտադիտարկումն աննախադեպ է, քանի որ իրականացվել է առաջին անգամ եւ փաստում է այն մասին, որ քարոզչության լուսաբանումը տեղի է ունեցել միջազգային չափանիշներին համապատասխան: Հակոբյանը նշեց՝ կարեւոր հանգամանք է նաեւ այն փաստը, որ Արցախի հեռուստառադիոեթերում քաղաքական գովազդի գինը մոտ կրկնակի թանկ է հայաստանյան քաղաքական գովազդի գներից. «ՀՀ-ում ընտրողների թիվը մոտ երկու միլիոն է, իսկ Արցախում՝ մոտ հարյուր հազար: Դա նշանակում է, որ Արցախի գները քսան անգամ պետք է ավելի պակաս լինեն, բայց պակաս են 7-10 անգամ: Բայց թեկնածուների եւ կուսակցությունների կողմից ակտիվ օգտվելը նշանակում է, որ նրանք կարեւորել են հեռուստատեսությունն ու ռադիոն՝ պատրաստ լինելով համեմատական բարձր գին վճարել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ