Քրեակատարողական հիմնարկներում եղել են կորոնավիրուսի համար թեսթ հանձնողներ, սակայն, այս պահի դրությամբ, որեւէ դեպք չի հայտնաբերվել: Այսօր կառավարության մամուլի սրահում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Նախարարը նաեւ անդրադարձավ այն քննադատություններին, թե ինչու մեր երկրում էլ արտակարգ դրության այս պայմաններում համաներում չի կատարվում եւ քրեակատարողական հիմնարկները չեն բեռնաթափվում, քանի որ վարակի տարածման առումով պոտենցիալ վտանգ են ներկայացնում այդպիսի փակ հաստատությունները:
«Ես խորհուրդ եմ տալիս ուսումնասիրել Իտալիայում, Իրանում քրեակատարողական հիմնարկների բեռնվածության տվյալները՝ 120, 150 իսկ որոշ երկրներում՝ 200 տոկոս է, Հայաստանում բեռնվածության ցուցանիշը 43-44 տոկոսի շրջակայքում է: Մենք չունենք այնպիսի իրավիճակ, որ կրիտիկական իրավիճակ է եւ դիմենք այդպիսի ծայրահեղ միջոցների՝ համաներմամբ բեռնաթափենք մեր քրեակատարողական հիմնարկները»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ