Հիվանդանոցի վերափոխված՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի լուսանկարներն ամենաքննարկվածն են համացանցում: Թեեւ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանը շեշտել էր, որ համալիրի՝ իբրեւ կորոնավիրուսով վարակվածների մեկուսացման վայր օգտագործելու անհրաժեշտություն կարող է և չառաջանալ, սակայն դրանք խուճապի առիթ են տվել։
Aravot.am-ը ԵՊՀ կլինիկական հոգեբանության ամբիոնի դոցենտ Սյուզան Սարգսյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ ազդեցություն կարող են թողնել նման լուսանկարները եւ տեղեկատվությունը մարդկանց վրա, եւ արդյոք ճի՞շտ էր դրանց հրապարակումը:
«Լավ է, որ իշխանությունները մտածում են բոլոր դեպքերում պատրաստ լինելու մասին: Չէ՞ որ վիրուսը կարող է ավելի տարածվել, իսկ հիվանդանոցներում հնարավոր չլինի բոլոր հիվանդներին տեղավորել: Այնպես որ, ես այդ նկարների հրապարակման մեջ որեւէ արտառոց բան չեմ տեսնում: Իսպանիայում, Իտալիայում, մյուս երկրներում էլ մարզադաշտերն ու մեծ շենքերը վերափոխել են հիվանդանոցների: Արագ փոփոխվելու ու ճկուն լինելու անհրաժեշտություն կա, մե՞նք ինչու պիտի չփոխվենք: Մի՞թե մեզ մոտ կյանքը պետք է մնար առաջվա նման»,-ասաց հոգեբանը:
Կարդացեք նաև
Նրա ձեւակերպմամբ, լավ է, որ այդ ամենը չի թաքցվում հանրությունից. «Մարդիկ աշխատում են: Եթե չնկարեին, լուսանկարներ չհրապարակեին, այդ դեպքում էլ ասելու էին ծածուկ է պահվում, ուրեմն խուճապ կա, վարակվածների թիվը մեծ է: Կարծում եմ՝ ճիշտ է բաց աշխատելը, մարդկանց տեղեկացված պահելը…Յուրաքանչյուրը պետք է մտածի, թե ինքն ինչպես կվարվեր այս պարագայում: Լավ գաղափարներ ունե՞ք, զանգեք պարետատուն, ինչ-որ բանով օգտակար եղեք»:
Հարցրինք՝ որպես հոգեբան ի՞նչ խորհուրդ կտա տանը մեկուսացած մարդկանց՝ խուճապային տրամադրությունը, ընկճվածությունը թոթափելու համար:
«Ամեն ինչ անձից է կախված՝ դու ինչքանով ես հավաք, ինչքանով ես կարողանում կառավարել քո հետաքրքրությունները: Այսօր այնքան հետաքրքիր բաներ կան՝ լավ երաժշտություն լսեք, առցանց դիտեք լավագույն թանգարանների հավաքածուները, որակյալ ֆիլմեր նայեք, քննարկեք ընտանիքի անդամներով…Ամենակարեւոր բանը, որ հիմա պետք է անել, արվեստի հետ շփվելն է:
Իմ կարծիքով՝ այնպես պետք է անենք, որ բոլորս կարանտինից փոխված, հարստացած դուրս գանք, իսկ դա հնարավոր է նաեւ արվեստի միջոցով: Այ որ նախկինում ժամանակ չունեիք ձեր ուզած գրքերը կարդալ ու ֆիլմերը նայել, հիմա արեք: Այդպես եւ ձեզ կօգնեք, եւ բժիշկներին ու իշխանություններին: Մարդը պետք է «վերակառուցվի», միշտ էլ մարտահրավերներ են եղել, բայց ամեն ինչ հաղթահարվել է՝ նորը ընդունելով»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ