Համավարակով պայմանավորված այս բարդ օրերում՝ մարտի 31-ին, Արցախում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունները վկայեցին անվտանգության տարածաշրջանային սպառնալիքներին դիմագրավելու և զարգացման ժողովրդավարական ուղիով ընթանալու Արցախահայության վճռական կամքը:
«Ժառանգություն» կուսակցությունը լիիրավ վստահությամբ արձանագրում է Արցախի պետականության ամրությունը, քաղաքացիական հասարակության կայացման բարձր աստիճանը: Բազմակարծության, ազատ ու արդար մրցակցային մթնոլորտում կայացած այս երկու ընտրություններն ապացուցեցին, որ ժողովրդավարությունը Արցախի Հանրապետությունում խոր արմատներ ունի, գործող իշխանությունն ունակ է կազմակերպելու ազատ և թափանցիկ ընտրություններ և այդ ճանապարհով հաղթած ուժերին փոխանցելու մեր հայրենի երկրորդ պետականության կառավարման իրավունքը:
«Ժառանգությունը» համոզված է, որ Արցախի խաղաղ և անվտանգ գոյության, մեր ազգային միասնականության առաջնային երաշխավոր Հայաստանի Հանրապետությունը գործուն ու փոխհամաձայնեցված քայլերով կշարունակի օժանդակել Արցախի իր գործընկերներին՝ ապահովելու Արցախի ընտրողների քաղաքական կամքի իրագործումը՝ ունենալ տնտեսապես զարգացած, բարձրարդյունավետ, սոցիալապես անվտանգ և իր սահմաններում աներեր կանգնած հայրենիք:
Շնորհավորում ենք Արցախի քաղաքական դաշտի բոլոր ուժերին, նրանց առաջնորդներին և համախոհներին կայացած ընտրությունների կազմակերպման գործում իրենց ներդրած ջանքերի համար, իսկ ժողովրդավարական ընտրությունների շնորհիվ խորհրդարանական մրցավազքը հաջողությամբ հաղթահարած քաղաքական միավորներին և նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթած երկու թեկնածուներին մաղթում ենք հետագա հաջողություններ մեր ազգային շահերի պաշտպանության և Արցախի ու Հայաստանի միասնականության հաստատման կարևոր գործում:
Կարդացեք նաև
Հավասարակշռված և համերաշխ քայլերով առաջ գնալու ճանապարհն այլընտրանք չունի: Մենք ուժեղ ենք միասին, հաղթել ենք միասին և առաջ ենք գնալու միասին:
«Ժառանգություն»կուսակցություն