Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ կապ ունեն վարչապետի, ԱԱԾ պետի ու ՀՔԾ պետի գաղտնալսումները. Ռուստամ Բադասյան

Ապրիլ 01,2020 18:15

Այսօր Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեցին՝ եթե մինչեւ հիմա չի պարզվել, թե ինչպես են գաղտնալսվել վարչապետը, ԱԱԾ պետն ու ՀՔԾ պետը, ինչպե՞ս է ապահովվելու մարդկանց զանգերն ու տեղորոշումը վերահսկող ողջ այս գործընթացն առանց խնդիրների:

Բադասյանն ի պատասխան ասաց. «Այս նախագծով նախատեսված տեղեկատվության փոխանցումը տեխնիկապես հնարավոր չի դարձնում որեւէ կերպ խոսակցության բովանդակության հասանելիությունը, սա գաղտնալսման մասին նախագիծ չէ, ավտոմատացված համակարգը վերցնում է կատարված զանգը, վարակակրի եւ խոսացողի հետ տեղակայման վայրի համընկնումը, գեներացնում է տվյալներ, եթե համընկնում է լինում, սկսում են կատարվել գործողություններ՝ համաճարակի դեմ արդյունավետ պայքարելու համար, ի՞նչ կապ ունեն վարչապետի, ԱԱԾ պետի ու ՀՔԾ պետի գաղտնալսումները:

Ռուստամ Բադասյանը լրագրողների հարցերին պատասխանեց կառավարության մամուլի կենտրոնում կազմակերպած ասուլիսում:

Aravot.am-ի հարցին, թե  այսօր արդեն սոցիալական ցանցերում մի շարք քաղաքացիներ, այդ թվում եւ իրավաբաններ, հայտարարեցին, որ բոյկոտում են այդ օրենքը եւ շփվելու են միայն այլընտրանքային կապերով՝ Viber, WhatsApp, Signal եւ այլն. հաշվի առնելով, որ ինտերնետ հասանելիության տոկոսը մեր երկրում բարձր է, մտավախություն չկա՞, որ շատ քաղաքացիներ հենց այդպես էլ կվարվեն, հետեւաբար՝ հեռախոսային տվյալների վերահսկողության գործընթացն անարդյունավետ կլինի, Բադասյանը պատասխանեց.  «Օրիգինալ մտքեր առաջարկելու փոխարեն, առաջարկում եմ վտանգի տակ չդնել հարազատների եւ քաղաքացիների առողջությունը: Չդիմել նման անիմաստ, անբովանդակ քայլերի: Բոլոր քաղաքացիներին ուղղակի կոչ եմ անում պահպանել սահմանափակման կանոնները, պահպանել սոցիալական հեռավորությունը: Նախագիծը մեկ նպատակ է հետապնդում՝ օգնեք մեզ համաճարակի դեմ պայքարելու հարցում, խանգարելու, խոչընդոտելու եւ սեփական առողջությունը վտանգելու որեւէ իմաստ չկա»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930