Լրահոս
Օրվա լրահոսը

Ստանիսլավ Զասի ուղերձները եւ Ադրբեջանի ախորժակը՝ պանդեմիայի ֆոնին

Ապրիլ 01,2020 17:57

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այսօր՝ ապրիլի մեկին, «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան մեկնաբանել է ՀՀ-ի սահմանին Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման հետեւանքով երկու զինծառայողների եւ քաղաքացիական անձի վիրավորման միջադեպը՝ ասելով. «Ես հայկական կողմից տեղեկացա ՀայաստանԱդրբեջան սահմանին տեղի ունեցած այդ միջադեպի մասին: Այն փաստը, որ դրա հետևանքով վիրավորվել են երկու զինծառայող և Ոսկեվանի 2004թ. ծնված բնակիչը, առաջացնում է խիստ անհանգստություն: Միաժամանակ ուզում եմ իմ մտահոգությունը հայտնել նման դեպքի առնչությամբ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ՝ կազմակերպության անդամ երկրի սահմանին։ Տարակուսանք է առաջացնում այն, որ լարվածության սրացումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ համաշխարհային հանրությունը համախմբված պայքար է մղում կորոնավիրուսի պանդեմիայի դեմ: Այս կապակցությամբ կոչ եմ անում կոնֆլիկտի կողմերին ականջալուր լինել ՄԱԿի Գլխավոր քարտուղարի կոչերին ՝ ուղղված ամբողջ աշխարհով մեկ հրադադարի պահպանմանը: Ի դեպ, որքանով ես տեղյակ եմ Հայաստանը պաշտոնապես աջակցություն է հայտնել այդ կոչին: Կցանկանայի նաև ընդգծել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ձեռքբերած համաձայնությունների իրականացման կարևորությունը՝ հակամարտության գոտում կրակի դադարեցման առումով, և մաղթում եմ շուտափույթ ապաքինում միջադեպի հետևանքով տուժածներին»:

Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ստանիսլավ Զասի այս մեկնաբանությանը՝ «Օրբելի» կենտրոնի վերլուծաբան, քաղաքագետ Նարեկ Մինասյանը նախ ընդգծեց. «Դեռեւս մարտի 31-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ  Զասը հայտարարություն էր տարածել ՀՀ-ի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Դրանում, սակայն, ձեւակերպումները եւ շեշտադրումները բավականին անորոշ էին, որոշակիորեն լղոզված. հստակ չէր, թե որ կողմն է սադրանքի նախաձեռնողը, որ կողմն ուներ վիրավորներ: Այսինքն, անորոշ եւ ոչ հստակ հայտարարություն էր, որն ինքնին հարցեր էր առաջացնում հասարակական-քաղաքական շրջանակներում: Այնուհետեւ այդ հայտարարությունը ՀԱՊԿ-ի կայքից հեռացվեց, իսկ ապրիլի մեկին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան Ստանիսլավ Զասը նոր մեկնաբանություն տվեց լարվածության առնչությամբ, որում ձեւակերպումները, համեմատած նախորդ հայտարարության հետ, առավել հստակ են: Հստակ ընդգծվում է, որ  հայկական կողմն ունեցել է վիրավորներ՝ երկու զինվոր եւ մեկ քաղաքացիական անձ, որ հայկական կողմը հավատարիմ է եղել հրադադարի պահպանմանն ուղղված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչերին: Սա կարեւոր է՝ հաշվի առնելով, որ ՀՀ-ն ՀԱՊԿ-ի հիմնադիր-անդամ է, իսկ վերջին լարվածությունը տեղի ունեցավ ՀՀ սահմանին, ուստի ՀԱՊԿ-ը պարտավոր է դիրքորոշում եւ մոտեցում արտահայտել իր անդամ երկրի անվտանգության համար ուղղակի սպառնալիք հանդիսացող սադրանքների առնչությամբ»:

Նարեկ Մինասյանի խոսքով՝ պատահական չէ, որ «Արմենպրես»-ին տված մեկնաբանությունում Զասը մտահոգություն է հայտնում ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու անդամ-երկրի սահմանին միջադեպի առնչությամբ. «Ինչ վերաբերում է հեռացված հայտարարությանը, ենթադրելի է, որ հետագայում ՀԱՊԿ-ի պաշտոնյաները բացատրություններ կտան: Դրա հեռացումը հարցեր է առաջացնում»: Ըստ քաղաքագետի՝ Զասի մեկնաբանության բովանդակությունը չպետք է պայմանավորել միայն կորոնավիրուսով ստեղծված իրավիճակով, այլ ավելի լայն պետք է դիտարկել. «Մասնավորապես, հարաբերական անդորրից հետո ունեցանք աճող էսկալացիա, որի հետեւանքով կան վիրավորներ: Միաժամանակ հաշվի առնենք, որ Ստանիսլավ Զասը հունվարի մեկից է ստանձնել ՀԱՊԿ ԳԽ պաշտոնը: Սա առաջին լուրջ առիթն էր, որի հետ կապված նա, որպես ՀԱՊԿ ԳԽ, պետք է դիրքորոշում արտահայտեր: Ավելի շատ այս համատեքստում է պետք հարցը դիտարկել»:

Իսկ ընդհանուր առմամբ, դիտարկելով հայ-ադրբեջանական սահմանի էսկալացիան եւ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը, Նարեկ Մինասյանը երկու հանգամանք շեշտեց. «Դեռեւս մարտին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հայտարարեց, որ Մինսկի խումբը դադարեցնում է սահմանային դիտարկումները՝ հաշվի առնելով սահմանահատման խնդիրները եւ քաղաքացիների տեղաշարժման սահմանափակումները, որոնք հայտարարել էին տարածաշրջանի երկրները: Այս հայտարարությունից մինչեւ օրս սահմանային դիտարկումներ չեն եղել: Մյուս կողմից, ՄԽ համանախագահները կողմերին կոչ արեցին, որ պանդեմիայով պայմանավորված՝ հավատարիմ մնան հրադադարի պահպանմանը, չձեռնարկեն սադրանքներ: Իսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հակամարտող երկրներին կոչ արեց հրադադարը պահպանել: Չնայած այս ամենին՝ ունենք իրավիճակ, երբ Ադրբեջանը, անտեսելով այս կոչերը, դիմեց ակնհայտ սադրանքի»:

Նարեկ Մինասյանի բնորոշմամբ՝ նման արկածախնդրությունը կարող է հանգեցնել ավելի լուրջ հետեւանքներ ունեցող խնդիրների եւ էսկալացիաների, ուստի շատ կարեւոր է, որ միջազգային հանրությունը հստակ գնահատական տա Ադրբեջանի այս սադրանքներին, որովհետեւ Ադրբեջանի իշխանությունը գուցե  ունի նման էսկալացիաների դիմելու դրդապատճառ՝ հաշվի առնելով նավթի համաշխարհային գների անկումն ու դրանից բխող հնարավոր սոցիալ-տնտեսական խնդիրներն իր ներսում.«Այնուամենայնիվ, դրանք սահմանային լարվածության դիմելու պատճառ չպետք է դառնան: Միջազգային հանրությունը կոշտ դիրքորոշմամբ եւ հայտարարություններով պետք է փորձի կանխել Ադրբեջանի նման հնարավոր գործելաոճը: Այս իրավիճակում ասելիք պետք է ունենան առաջնահերթ ՄԽ համանախագահները, ովքեր կողմերին կոչ էին արել հավատարիմ լինել հրադադարի պահպանմանը: Նրանք որոշակիորեն պատասխանատու են իրավիճակի համար, քանի որ տարածաշրջանում դադարեցրել են դիտորդական գործունեությունը: Նրանք առավել զգայուն պետք է լինեն իրավիճակի հանդեպ, արագ եւ հասցեական հայտարարություններով հանդես գան՝ հետագա հնարավոր էսկալացիաները կանխելու նպատակով»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930