Հաշվի առնելով Հայաստանում հաստատված արտակարգ դրությունը, համաշխարհային պանդեմիան, բարձր գնահատելով կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը ուղղված բնակչության առողջության և կյանքի պաշտպանությանը, միաժամանակ անցկացնելով ուսումնասիրություն Հայաստանի բնակչության սոցիալ-տնտեսական, հոգեբանական կարգավիճակի վերաբերյալ, խուսափելով անհարկի խորհրդատվություններից (գիտակցելով, որ հաստատված իրավիճակում եւ դրական եւ բացասական հետեւանքների ամբողջական պատասխանատվությունը կրելու է ներկա իշխանությունը)՝ «Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը կոչ է անում.
-Հաշվի առնել, որ պետական գրանցում չունեցող աշխատողները նույնպես ՀՀ քաղաքացիներ են եւ արտակարգ դրության պայմաններում (որը նախնական տվյալներով տեւելու է շուրջ 1 ամիս) ՀՀ քաղաքացիները զրկված են լինելու եկամտի աղբյուրից եւ կանգնելով երկընտրանքի առաջ՝ «մահ սովից, թե հավանական մահ հավանական վարակումից». վստահեցնում ենք, որ քաղաքացիները կընտրեն երկրորդ տարբերակը, ինչը կբերի հասարակական կյանքի հավասարաչափությունների լուրջ խախտումների, կնպաստի համավարակի մեծ տեմպերով տարածմանը եւ միաժամանակ կարող է բերել պետական համակարգի անհավասարակշռության,
-Նկատի ունենալ, որ աշխատողների գրանցման կամ գրանցումից խուսափման խնդիրը հանդիսանում է աշխատող-գործատու հարաբերությունների արդյունք, որտեղ պետությունը պարտավոր է հանդես գալ կողմերի հարաբերությունների կարգավորման դիրքից եւ այսօր աշխատանքային դաշտում մեր ունեցած խնդիրները երեկվա պետական համակարգի բացթողումների հետեւանք են,
-վերանայել 31.03.2020 թ.-ին ԱԺ արտահերթ նիստով ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը, քանզի այն հանդիսանում է արտակարգ դրության պայմաններում անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքների կոպիտ խախտում ,
Կարդացեք նաև
-Նկատի ունենալ ներկա պայմաններում գյուղական համայնքներում գյուղմթերքի իրացման դժվարությունները, ինչը հանդիսանում է գյուղական համայնքների բնակիչների հիմնական եկամտի աղբյուր (ինչպես հայտնի է բոլորիս գյուղատնտեսները չեն հանդիսանում պետական գրանցմամբ աշխատողներ),
-Նկատի ունենալ, որ նվազագույն աշխատավարձի տրամադրումը չի լուծելու նույնիսկ 3 հոգանոց ընտանիքի առաջին անհրաժեշտության ծախսերի մինիմումը, քանզի հաշվարկային նվազագույնը եւ մարդկանց առաջին անհրաժեշտության ծախսերի նվազագույնը չեն համապատասխանում,
-Նկատի ունենալ, որ երկրի կենտրոնացման հետեւանքով բազմաթիվ քաղաքացիներ աշխատանքի համար իրականացնում են ճոճանակային միգրացիա եւ այս օրերին հասարակական տրանսպորտի դադարեցումը առանց հասանելի այլընտրանքի հանգեցնելու է հարկադրված պարապուրդի այն քաղաքացիներին, որոնք ապրում են աշխատանքի վայրից հեռու։
ՏՈԵՄ-ը ակնկալում է ՀՀ կառավարության եւ Պարետատան շուտափույթ գործնական արձագանքին որպես հանրապետությունում իրավիճակի պատասխանատուներ։
Պատասխանատու մարմինների պատրաստակամության դեպքում ՏՈԵՄ-ը պատրաստ է հանդես գալ նշված խնդիրների շուրջ իր առաջարկություններով։
ՏՈԵՄ վարչություն