Նախագահ Արմեն Սարգսյանը նախաձեռնել է հեռավար զրույցների շարք Հանրապետության մշակութային, գիտակրթական և ակադեմիական հաստատությունների և կառույցների ղեկավարների, մշակույթի գործիչների հետ։ Նախագահը նպատակ ունի քաջալերել նրանց, ծանոթանալ արտակարգ դրության պայմաններում նրանց գործունեությանն ու ապագա ծրագրերին:
Այդ համատեքստում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյան հետ:
Նախագահ Սարգսյանը հետաքրքրվել է թանգարանի վիճակով, ընթացիկ և ապագային միտված ծրագրերով: Ընդգծելով հայ ճարտարապետության յուրահատուկ տեղը համաշխարհային ճարտարապետական արվեստի մեջ՝ նախագահ Սարգսյանը կարևորել է թանգարանի դերը նրա լավագույն ավանդույթները ներկայացնելու գործում: Նա խոստացել է նոր կորոնավիրուսի տարածմամբ և արտակարգ դրությամբ պայմանավորված իրավիճակի կարգավորումից հետո այցելել թանգարան:
Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը յուրահատուկ մշակութային ու գիտահետազոտական հաստատություն է, որտեղ պահպանվում են լավագույն ճարտարապետների արխիվային նյութերն, անցկացվում են գիտաժողովներ, մասնագիտական քննարկումներ, մրցույթներ, ցուցահանդեսներ, հրատարակվում են գիտական ժողովածուներ։
Կարդացեք նաև
Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել նաև Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հետ։
Նախագահը հետաքրքրվել է արտակարգ դրության պայմաններում նվագախմբի գործունեությամբ և մինչ այդ նախատեսված ծրագրերի ճակատագրով։
Թոփչյանը տեղեկացրել է, որ նվագախմբի բոլոր ծրագրերն, ինչպես ամբողջ աշխարհում, հետաձգված են, և առայժմ երաժշտասեր հասարակության հետ շփումը իրականացվում է առցանց եղանակով։
Կարևորելով կապի պահպանումն ունկնդրի հետ՝ նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ նախատեսված ծրագրերն իրավիճակի կարգավորումից հետո անպայման կյանքի կկոչվեն, նշելով, որ հնարավոր է նաև համատեղ ծրագրեր իրականացվեն նախագահի աշխատակազմի հետ։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ